ՀՀ Ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժինը մերժել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի հաղորդման առթիվ նախապատրաստված նյութերով Նարեկ Սարգսյանի նկատմամբ քրեական գործի հարուցումը և քրեական հետապնդման իրականացումը՝ նախկին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի արարքում հանցակազմի բացակայության հիմքով:
Անձամբ ես շատ ուրախ եմ քննչական բաժնի կողմից գործի հարուցումը մերժելու որոշման համար:
Իսկ նրանք, ովքեր տխրել են մեր ժամանակների լավագույն ճարտարապետներից մեկի դեմ քրեական գործ չհարուցելու համար՝ դա իրենց գործն է:
Տաղանդավոր ճարտարապետի՝ Նարեկ Սարգսյանի դեմ բողոքեն տեղական կառույցները եւ ոչ թե գրանտակեր կազմակերպությունը, որի փորձագետների մեջ կա մեկը, մի դեղնակտուց ռեմոնտչիկ, որն իր կյանքի գործն է դարձրել բամբասանքն ու ամբաստանությունը, ստուկաչությունն ու մերկապարանոց, անհիմն հայտարարությունները Նարեկ Սարգսյանի դեմ:
Ասել եմ եւ դարձյալ պնդում եմ՝ էս մեր Ծմակուտում եթե կա մի կտոր տարածք, որ
կարող ենք ասել, թե մենք մտել ենք 21-դ դար, ապա դա Հյուսիսային պողոտան է:
Պողոտան մնալու է, եւ նրանով հիանալու են ապագա սերունդները, իսկ նրա դեմ սուր ճոճող միջակությունները անհիշատակ կորչելու են:
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ,»-ի հիմնական մեղադրանքը այն էր, թե իբր Նարեկ Սարգսյանը ոչնչացրել է 25 հուշարձան: Գրանտակեր կազմակերպությունը ոստիկանություն հաղորդում ներկայացնելիս անգամ զլացել է պարզել՝ Նարեկ Սարգսյանը դրանց «ոչնչացման» շրջանում պաշտոնավարում էր, թե ոչ:
Ինքը՝ Նարեկ Սարգսյանը հստակ պարզաբանում է տվել, մասնավորապես նշելով հետեւյալը. «Անդրադառնալով խնդրո առարկա դիմում-հայտարարության տեքստում նշված ինձ անծանոթ 25 հուշարձան-շենքերի հետ իմ ունեցած «առնչությանը», կարող եմ պնդել, որ իմ պաշտոնավարման տարիներին Հյուսիսային պողոտայի տարածքում ՀՀ մշակույթի նախարարությունից ստացված պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկը պողոտայի տարածքում արտացոլել է 3 կամ 4 հուշարձան, որոնցից մեկը՝ ՀՀԿ հուշարձան -շենքը իմ գործունեության շրջանում օրենքով սահմանված կարգով ապամոնտաժվել և ամբողջապես վերակառուցվել է Մելիք Ադամյան փողոցում երկու տարի անց` 2004-ին: Ներկայիս «Արարատ» բանկի տեղում գտնվող հուշարձան-շենքի, Պուշկինի 28 շենքի, ինչպես նաև՝ Աբովյան փողոցի պատմական շենքի /այժմ՝ վերակառուցված/ ապամոնտաժումը իմ գործունեության տարիներին չի առնչվում: Խորենացի փողոցում, Շահումյան հրապարակում նախկին Դումայի շենքը ևս օրենքով սահմանված կարգով և համաձայն Երևանի գործող գլխավոր հատակագծի ապամոնտաժվել է` Երևանի Իտալիայի փողոցը կառուցելու համար: Հետագայում` 2009-10 թթ իմ նախաձեռնությամբ այդ շենքի ամբողջ ճակատը վերականգնվել է Մելիք-Ադամյան փողոցում կառուցվող ՀԲԸՄ շենքում: ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված՝ Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների նոր ցուցակի կամ 14 հուշարձանների տեղափոխման վերաբերյալ որոշումներն ինձ հետ չեն առնչվել և ես այդ գործընթացին չեմ մասնակցել, քանի որ շուրջ կես տարի արդեն Երևանի քաղաքապետարանում չէի աշխատում: Ընդ որում, շեշտեմ՝ ոչ միայն այդ շենքերի հետ չեմ առնչվել, այլ նաև «Սևան» հյուրանոցի, Սպայի տան, նրա հարևանությամբ՝ Դիլանյանցների շենքի, որոնց վերաբերյալ նույնպես տարիներ շարունակ Նարեկ Սարգսյանի անունն է շահարկվում»:
Այնպես, որ՝ ճարտարապետի դեմ չարախոսողները եթե համարձակություն ունեն, ապա թող գոնե մի անգամ հանդգնեն տալ իրական մեղավորների անունները, որոնք շա՜տ ավելի վերին ոլորտներում են սավառնում: Անպատիժ:
Եթե չեն հանդգնում ընդվզել «վերեւների», դեմ, ուրեմն՝ նրանք սովորական վախկոտներն են կամ՝ «պատվերով համերգի» շրջանակներում գործող պրոֆեսիոնալ բանսարկուներ...
Ֆեյսբուք