Ըստ ասեկոսեների, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խորհրդական Նարեկ Մալյանը, ով աշխատանքից ազատվել էր հուլիսի 1-ին, մոտ օրերս կվերականգնվի իր պաշտոնում:
Սա հենց Վլադիմիր Գասպարյանի մտադրությունն է, որը, հիշեցնենք, իր աշխատակազմում օպտիմալացում էր իրականացրել, որի հետեւանքով կրճատվել էր խորհրդականների ու օգնականների 7 հաստիք, որոնց թվում էր նաեւ Նարեկ Մալյանը:
Այսպես հուլիսին պարզաբանել էին ոստիկանությունից: Նարեկ Մալյանը ՀՀ ոստիկանապետին խորհուրդներ էր տալիս քարոզչության և մամուլի հետ աշխատանքի մասով:
Հավելենք, որ Նարեկ Մալյանի աշխատանքից ազատմանը նախորդել էր աղմկահարույց պատմությունը՝ ցմահ ազատազրկված Մհեր Ենոքյանի պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի փոխհատուցման գործով քաղհայց, որի պատասխանող կողմը հենց Նարեկ Մալյանն էր:
Բացի դատարանում տեղի ունեցողից ՝ Մհեր Ենոքյանի կողմնակիցների ու ՀՀ ոստիկանապետի խորհրդականի միջև «պատերազմ» էր ծավալվել սոցիալական ցանցերում ու անձնական շփումների մակարդակում, որից հետո համացանցում հայտնվել էր այս թեմայով ՝ հայ մտավորականների նամակը Վլադիմիր Գասպարյանին:
Մամուլում տեղեկություն էր հայտնվել նաև, թե Նարեկ Մալյանի կադրերի ռեզերվում ուղարկվելը պայմանավորված էր «Անալիտիկ» կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանի ձերբակալությամբ եւ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանից գումարի շորթման փաստի հիման վրա հարուցված քրեական գործով,սակայն ինքը՝ ՀՀ ոստիկանապետի խորհրդականը հերքել էր այդ լուրերը:
Հեղինակ՝
Ա.Մաթևոսյան