Hraparak.am-ը գրում է.
Կայքի՝ «Հայտնի գործիչները` ոճաբանի աչքով» շարքի շրջանակներում շարունակում ենք վերլուծել նրանց իմիջը. թե ինչ են հագնում եւ ինչու, ինչ չպետք է հագնեն, ինչպես դիմահարդարվեն, ինչ աքսեսուարներ կրեն։ Այս անգամ մեր ոճաբանի՝ Նիակրիսի դիտարկման առանցքում է ՀՀ փոքր ՀԷԿ-երի միության նախագահ, Երեւանի ավագանու ՀՀԿ-ական անդամ Նաիրա Նահապետյանը:
Հագուստի մասին
Այսօրվա մեր հերոսուհին՝ տիկին Նաիրան, հուրախություն ինձ, ֆեյսբուքում և, ընդհանրապես, ինտերնետում բազմաթիվ նկարներ ունի, ինչը, իհարկե ոգևորում է առաջին հայացքից, բայց արի ու տես, որ դրանք ֆոտոշոփով մշակված են և շատ միատիպ, միշտ նույն` պաշտոնական, զուսպ ոճում: Հագուստը, իհարկե, համապատասխանում է դրեսս-կոդի պահանջներին, ունի պատշաճ երկարություն, ձև և խիստ գործնական է, ինչպես ասում են՝ կպնելու բան չկա, բայց շատ միատիպ ու անհետաքրքիր է: Հագուստի ընտրության մեջ սխալներ չկան, իսկ սեփական տարբերվող ոճի ձևավորումը ժամանակի և նախապատվության հարց է:
Սանրվածքի մասին
Այ իսկ սանրվածքը շատ տարօրինակ է, տպավորություն է ստեղծվում, թե տիկին Նահապետյանին անընդհատ ուղեկցում է Լյուդովիկոս 14-ի դարաշրջանի տաղանդավոր վարսահարդար և անընդհատ շտկում մազերը: Իհարկե, մազերը անթերի են, գեղեցիկ և սանրվածքը շատ բարդ կոնստրուկցիա է հիշեցնում, բայց անհասկանալի է՝ ակտիվ և գործարար կնոջ ինչի՞ն է պետք այդպիսի խճճված դիզայնը: Խորհուրդ կտայի ավելի պարզ հավաքված կամ ավելի քիչ աշխատած, թափթփված (լավ իմաստով) տեսք ունեցող տարբերակ ընտրել: Երանգը, թերևս, ճիշտ է ընտրված:
Դիմահարդարման մասին
Տարիքի ընթացքում ճիշտ դիմահարդարման ամենամեծ գաղտնիքը՝ բոլոր գծերը և գույները պետք է ձգտեն դեպի վեր: Բացատրեմ՝ դա ինչ է նշանակում. եթե Դուք 20 տարեկանում աչքերին խորը և գրավիչ տեսք տալու համար սև սուրմայով սլաք եք անում աչքի բնական ծայրը երկարացնելու համար, այդքանը բավական է, բայց 40-ից հետո վերևի կոպերը ձգողականության ուժի տակ իջնում են, հետևաբար ձեր բնական սլաքը հայտնվում է մաշկի ծալքում, ինչը խիստ ընդգծում է տարիքային փոփոխությունները և հակառակ էֆեկտն է ունենում: Արժի հրաժարվել չարաբաստիկ սլաքից և փորձել շպարի միջոցով մգացնել աչքերի դրսի անկյունները, ինչը կերիտասարդացնի ամբողջ դեմքը: Շրթունքների եզրի մատիտի գույնը, եթե շրթներկից մուգ է լինում, վիզուալ փոքրացնում է շրթունքները (ինչպես մուգ զգեստը նիհարեցնում է մարմինը), իսկ շուրթերը առանց այդ էլ տարիքի ընթացքում բարակում են, ինչո՞ւ ավելի վատացնել իրավիճակը: Ճիշտ ընտրություն է կա՛մ շրթներկի գույնը լիարժեք կրկնող մատիտը, կա՛մ նեյտրալ մաշկի գույնի հետ ամբողջովին համընկնողը: Զարմանալի է, որ տիկին Նաիրայի՝ անգամ պրոֆեսոինալ արված լուսանկարներում դիմահարդարի աշխատանք չեմ տեսնում, կարծում եմ՝ նա ուղղակի չի վստահում սեփական դեմքը ոչ մեկին:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում