▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մշակութային ոլորտում Հայաստանի վերջին իրական բումը եղել է КВН-ը. Աննա Գրիգորյան

Ի՞նչ պետք է արվի, որ հայկական արվեստը դառնա համաշխարհային արվեստի շուկայի  մաս,  ո՞վքեր  պետք է  զբաղվեն դրա միջազգայնացմամբ և  ի՞նչ  ներդրում պետք է այդ հարցում ունենան զլմ-ները. ASEKOSE.am-ի թղթակիցն  այս և բազմաթիվ այլ հարցերի պատասխաններ ստանալու համար զրուցել է «ԱԱ Աուկցիոն» կերպարվեստի կենտրոնի և «ՀայԱրտ օնլայն» նախագծի տնօրեն Աննա Գրիգորյանի  հետ: 

Դեկտեմբերի 22-ին  «ԱԱ Աուկցիոն»-ը  և www.hi-artonline.com  նախագիծը  բացել է  արվեստի մի նոր հարթակ, որի գերնպատակն է դառնալ կենդանի աճուրդների անցկացման վայր. ի՞նչ կասեք այս մասին:

Մենք  կարող  ենք  հպարտությամբ  ասել,  որ  մեր այցելուները  2013 թվականի դեկտեմբեր  ամսից եվրոպական սյուրռեալիզմի  հիմնադիրներից` Լևոն Թութունջյանի գլուխգործոցները տեսնելու  եզակի  հնարավորություն ունեն:  Նկարչի բացառիկ ստեղծագործուգլությունները Հայաստանում են գտնվում  կոլեկցիոներ Ս. Գրիգորյան ջանքերի շնորհիվ: Թութունջյանի նկարչությունը հիմնականում արտացոլում է ցեղասպանության թեման,  որի սարսափը նա ապրել է մանկության տարիներին: Նկարը, որը ներկայացվելու է www.hi-artonline.com   նախագծի կողմից, ունի  հետաքրքիր երկարամյա պատմություն և համարվում է հայերի ցեղասպանության թեմային նվիրված առաջին աշխատանքը սյուրռեալիստական ոճում: Լևոն Թութունջյանի անունը կրող ցուցասրահում կերպարվեստի կենտրոնը ներկայացնելու է այնպիսի հեղինակների գլուխգործոցներ, ինչպիսիք են Երվանդ Քոչարը, Մարտիրոս Սարյանը և այլ վարպետներ: 

Մեզ մոտ ներկայացված են  Եղիշե Թադևոսյանի, ինչպես նաև  աբստրակտ մինիմալիզմի կարկառուն ներկայացուցիչներ, ժամանակակից նկարիչներ Աշոտ Հարությունյանի, Գարիկ Կարապետյանի և Խաչատուր Մարտիրոսյանի աշխատանքները:  Նրանք ունեն մինիմալիստական չկրկնվող ձեռագիր և պատրատ են ամենահամարձակ էքսպերեմենտների:

Ինչ վերաբերում է Եղիշե Թադևոսյանին, ապա վերջինս հայ գեղանկարչական դպրոցի ձևավորման ընթացքում պատմության մեջ է մտել այնպիսի նկարիչների հետ մեկտեղ, ինչպիսիք են Այվազովսկին, Սուրենյանցը, Գայֆեջյանը, Բաշինջաղյանը, Սարյանը…  

 Ցուցահանդեսը բացառիկ է նրանով, որ ներկայացված են ավելի քան 80 աշխատանքներ հազվագյուտ հավաքածուից /Վահագն Գրիգորյանի մասնավոր հավաքածու/:  Բացի մինչ այս չցուցադրված նկարներից, գրաֆիկական աշխատանքներից և էսքիզներից այցելուները կարող են տեսնել նկարչի լուսանկարները, նրա նամակները հարազատներին և ընկերներին, ինչպես նաև այլ բացառիկ նյութեր անձնական արխիվից:

 Մեկ  անգամ ասել եք, որ  տեղայնացնելով արվեստն այն կտրում ենք համաշխարհային արվեստից,  ի՞նչ  եք կարծում, հնարավոր է, որ սրա հիմքում ընկած է փոքր  ազգ լինելու  բարդույթը:

Կարծում  եմ  շատ օրինակներ  կան, երբ  փոքր  ազգերի  արվեստը  դարձել համաշխարհային մշակույթի մաս:  Խոսքը  նաև հայկական արվեստի մասին է, օրինակ` Արամ Խաչատուրյան, Մարտիրոս Սարյան և այլ վարպետներ: Երբ  ասում էի, որ տեղայնացնելով արվեստն այն կտրում ենք համաշխարհային արվեստից,  նկատի ունեի, որ այդ  ձևով  մենք այն կտրում են համաշխարհային արվեստի շուկայից, ոչ թե  համաշխարհային արվեստ  ասվածից:  Երբ  Հայաստանում ստեղծագործում է մեծ նկարիչ, ում  մասին որևէ  մեկը  տեղյակ չէ, նա միևնույն է արդեն համաշախարհային արվեստի մի մասն է: Իսկ  ինչ  վերաբերվում է արվեստը տեղայնացնելուն` կտրելուն, ապա դա կոմերցիոն և բիզնես տեսանկյունից  միջազգային մշակութային կազմակերպման, ինչպես նաև հայկական արվեստի  առաջմղման   բացակայության հետևանքն է:

 Ի՞նչ քայլեր  պետք է  ձեռնարկվեն  հայկական  արվեստը  միջազգայնացնելու համար:

Պատկերացրեք  Փարիզը,  որևէ  հայտնի թանգարան, որտեղ  ցուցադրվում են  Երվանդ Քոչարի  աշխատանքները,  քաղաքում ամենուր փակցված  են նրա  նկարների և քանդակների մասին ցուցանակներ:  Ահա  և միջազգայնացման օրինակ: Բայց արվեստի նվիրյալ մեկ-երկու կազմակերպություն կամ էլ  մի քանի անհատներ չեն կարող  այդ  ամենն անել:

Նախկինում  КВН-ի (ՈՒՀԱ) անդամ լինելով հասկացել եմ մի բան, որ  մշակութային  ոլորտում  Հայաստանի վերջին  իրական բումը եղել է КВН-ը (ՈՒՀԱ):

Միջազգայնացման հարցում թե պետության, թե մեկենասների, թե  գործարարների  աջակցությունն է պետք, չեմ կարող  չընդգծել ԶԼՄ-երի  կարևորությունը, որովհետև թերթերը, ամսագրերը, ռադիոն և  հեռուստատեսությունը  կարևոր  զենք  են: 

Հակառակ  դեպքում  արևմուտքում ինչպե՞ս  կարող եմ ցուցահանդեսների  կազմակերպիչին  ապացուցել, որ  խոսքը մեծ նկարչի մասին է,  եթե  նրա մասին  հոդվածներ,  նրա մասնակցությամբ հաղորդումներ  չկան:

Ընդհանուր  առմամբ հայկական  արվեստը համաշխարհային շուկայի մաս  դարձնելու  համար, պետք  է առաջին հերթին  բարենպաստ պայմաններ ստեղծվեն նրա  կոմերցիոն զարգացման և  քարոզչության համար հենց  երկրի  ներսում:

 Այդ  խնդիրն ըստ Ձեզ`  հայկական արվեստի  ուսումնասիրված  չլինելուց է  բխում:  Եկեք  հասկանանք,  թե տվյալ դեպքում ի՞նչ  է նշանակում ուսումնասիրություն ասվածը:

Ուսումնասիրությունը հետաքրքրության  հոմանիշն է, որը պետք  է  լինի արվեստի  և  դրա  կերտողների նկատմամբ:  Հենց  դրա շնորհիվ էլ  ստեղծվում է զարգացման համար  բարենմաստ  միջավայրը:  Պետք է  հետաքրքրված  լինեն և այցելուները, և գնորդները, և ներդնողները, ինչպես նաև  պետությունը: Մենք  մեր  գործունեությամբ  փորձում ենք  բարձրացնել այդ  հետաքրքրությունը և բաց ենք  համագործակցությունների համար, ովքեր  համակարծիք են մեզ հետ:

Իսկ  ո՞վքեր պետք է  զբաղվեն արվեստի  միջազգայնացմամբ ,  ո՞վքեր  պետք է իրականացնեն այս  գործառույթը :

Նվազագույնը պետք են  ներդնողների և մեկենասների կողմից ֆինանսավորվող հատուկ ծրագրեր և նախագծեր: Կարևոր  գործոն է նաև  ԶԼՄ-ի կողմից արվող  քարոզչությունը:

Այս  տարի  հուլիսի 11-ին «Hi-artonline» նախագծի մեկնարկը տրվել էր Ժամանակակից արվեստի թանգարանում «Արևելքից` Արևմուտք , Մոդեռնից` Պոստմոդեռն» ցուցահանդեսի բացմամբ:  Այն նվիրված էր «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տասնամյակին:   Ֆիլմերի միջոցով փորձում էիք հայկական արվեստը միջազգայնայնացնել: Այսօր, երբ  այդ  ամենն արդեն անցյալում է, ի՞նչ կասեք արդյունքների մասին:

Ես շատ բավարարված եմ արդյունքներից: Մեր ցուցահանդեսի կատալոգը  հայտնվել էր տարբեր  երկրներում և թանգարաններում: Եվրոպական շատ պատկերասրահներ միանգամից  հանդես եկան ցուցահանդեսներ կազմակերպելու նախաձեռնությամբ, որն արդեն  տեղի է  ունեցել  դանիական հայտնի պատկերասրահում:

Ներկայումս  բանակցում ենք Մյունխենի  հետ, կան  համագործակցության պլաններ  նաև  ԱՄՆ-ի հետ: Բացի  դրանից  ամռանը  տեղի ունեցած  ցուցահանդեսի շնորհիվ   բազմաթիվ մտքեր և  նախագծեր են  ծնվել: Այսօրվա  արտ-կենտրոնը և  երեք  ցուցադրություններով աճուրդային տունը,  նույնպես  այդ  ցուցահանդեսի  արդյունքն են:

Եթե նկարչի կամ քանդակագործի  գլխավոր  նպատակը  լինի միջազգայնացումը, այդ դեպքում  հնարավո՞ր է, որ ունենանք  ազգային գիծը  կորցնելու  վտագ:

Նույնիսկ հայրենիքից  ամենաշատ  կտրված  հայերը, որոնք մեծ  համբավ են ձեռք  բերել օտարության մեջ,  չեն  ձերբազատվել «հայկական» ասվածից: Եթե մարդ իրական արվեստի է հակված, ապա ազգային ավանդույթները, արմատները, միայն օգնում և հիմք են հանդիսանում: Նրանք  անհատին բովանդակություն են տալիս: Այլ հարց է մասսայական  մշակույթը: Այստեղ, թվում է, թե անհետանում են բոլոր ուղենիշները: Որպես մարդ, ով նաև  ապրել է  ԱՄՆ-ում կարող եմ ասել, որ տեսել եմ  այդ  երկրի թե  լավ, թե  վատ  կողմերը:  Մեզ  մոտ վատը  միանգամից  թաքցվում է, ինչը  իրենից մեծ վտանգ է  ներկայացնում:

Շատ  հաճախ  պատկերասրահներում  ցուցադրվող  նմուշները  ձեռք  են բերվում արվեստասեր մարդկանց  շնորհիվ,  իհարկե,  այս  փաստը  գովելի է, սակայն, արդյ՞ոք նմանատիպ  խնդիրներն  անհատների  հոգածությանը  թողնելով կունենանք  առաջխաղացում:

Մի կողմից, եթե  չլիներ  Տրետյակովը, Մորոզովը կամ  Գաֆեսճյանը, անհնար  կլիներ պահպանել արվեստի գլուխգործոցները: Սակայն  մյուս կողմից նույն Գալուստ  Գյուլբեկյանը, ով աշխարհի ամենահարուստ մարդկանցից  մեկն էր և  արվեստի բացառիկ  հավաքածու ուներ,  այդ  ամենը թողել է  Պորտուգալիային` որպես երախտագիտության  նշան:

 Չմոռանանք, որ  Տրետյակովսկայա  պատկերասրահն առաջացել է  այն ժամանակ, երբ  Տրետյակովի տանն այլևս ազատ  տեղ  չկար:  Ռուս  ցարը տեսնելով   արվեստի գլուխգործոցները` հրամայել էր  կառուցել  թանգարան,  որը  Տրետյակովի  անունն էր կրելու:

Հաշվի առնելով  տեխնիկական  զարգացվածության  ներկայիս  պայմանները,   Դուք, օնլայն վաճառք կազմակերպելով, արվեստը տեղափոխել եք   համացանցային տիրույթ :  Ի՞նչ հաջողություններ  եք գրանցել  այդ  ոլորտում:

Ներկայումս  մենք կարողացել ենք այնպես անել, որ  աշխարհի ցանկացած  կետից  Հայաստանից  բանկային քարտի շնորհիվ հնարավոր է գնում կատարել: Եթե  անկեղծ  լինեմ, հենց  այստեղ  էլ  երևան են գալիս մեր տնտեսության  տեղայնացված  լինելու  խնդիրները: 

Այդ խնդիրը  լուծելուց  հետո  հիմա պետք է այնպես  անենք, որ կայքը ռեյտինգային դառնա:  Շատ  դիտումներ  ունենք Ռուսաստանից, Վրաստանից,  ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, բայց  դա դեռ  քիչ է: Մեր գլխավոր  նպատակը ճանաչում ու հաճախորդների  վստահությունը  ձեռք  բերելն է:  Այդ  հարցում մենք պետք է գործնական ապացույցներ  ներկայացնենք:

Սակայն  առանց  նկարիչների  հայտնիության  չենք  կարող  իրականացնել  մեծ  օնլայն  վաճառքներ: Այս  պարագայում կարևոր դեր  է  հատկացվում  աճուրդին: Հույս  ունեմ, որ  մարտի  սկզբին այն կիրականանա: Բոլորին թեկուզ  ոչ մեծ, սակայն  վաճառք  անելու  կոչ եմ անում:

Հենց  դրա շնորհիվ  Դուք հայկական արվեստի միջազգայնացման հարցում  Ձեր  ներդրումը  կունենաք, որովհետև  աճուրդային  վաճառքը վկայում է  արվեստի կայացման մասին:

Դիտեք նաև ASEKOSE.am«Բացարձակ արժեք» հաղորդման թողարկումը, որի հյուրն Աննա Գրիգորյանն էր:

72157640072506363

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее