▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մի քանի տարի հետո կարող ենք այլ երկրում արթնանալ... «Բիլայնի»`Հայաստանում ՌԴ օրենքով արգելափակումներ մտցնելու հետքերով

 

«Համացանցային օգտատերերի արձագանքը պետք է լինի կոշտ, այլապես մի քանի տարի հետո կարող ենք այլ երկրում արթնանալ»,-Asekose.am-ին ասաց մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը` արձագանքելով այն փաստին, որ «Բիլայն»-ը,  առաջնորդվելով ռուսաստանյան օրենքներով,  ՀՀ տարածքում կայք է արգելափակել:

Ըստ մեդիափորձագետի` այս խնդիրն ամենևին էլ նոր չէ.

«Նմանատիպ առաջին դեպքերը գրանցվել են դեռևս երկու տարի առաջ: Խնդիրն իրականում տեխնիկական բնույթ է կրում: Բոլորս էլ գիտենք, որ Ռուսաստանում գոյություն ունի համապատասխան մարմին` «Роскомнадзор», որը կարող է արգելափակումներ մտցնել ՌԴ տարածքում: Երկու տարի առաջ բարձրացված աղմուկը բերեց նրան, որ օպերատորները և պրովայդերներն արագ արձագանքեցին` հանելով այդ արգելափակումները, սակայն այն ժամանակ խոսքը բավական անհայտ կայքերին էր վերաբերում,  ինչը չենք կարող ասել հիմա, որովհետև արգելափակել են «Рутрекер»-ը, որն ամենաայցելվող կայքերից մեկն է: Այն Ռուսաստանում արգելափակված է, և ստացվում է այնպես, որ «Բիլայն»-ը ներկայումս այն արգելափակել է նաև որոշ հայ օգտատերերի մոտ: Որքանով որ տեղյակ եմ, այս ամենի դեմ արդեն միջոցներ են ձեռնարկվում: Ընդհանուր մոտեցումն այն է, որ պրովայդերներն այս հարցն արդեն լուծում են, քանի որ կա հանրային մեծ հետաքրքրություն և դժգոհություն: Հուսանք՝ այս դեպքն է կլուծվի: Հիշեցնեմ, որ երբ նման առաջին դեպքն էր արձանագրվել, ՌԴ կապի նախարարը բավական կոշտ էր արձագանքել` ասելով, որ եթե Հայաստանը դեմ է, ուրեմն մեր պրոբլեմն է, կարող ենք իրենցից կապ չգնել: Հետո հասկացան, որ այդպես չի կարող լինել, ի վերջո՝ ՌԴ-ն իրավունք չունի սահմանափակումներ մտցնել մեր համացանցում, թեպետ մյուս կողմից հասկանալի է, որ «Բիլայն»-ը ռուսական ընկերություն է և կարող մտածել իր երկրի իմիջի մասին: Չնայած այս ամենին՝ միևնույն է, համացանցային օգտատերի արձագանքը միանշանակ պետք է կոշտ լինի»,- իր խոսքը եզրափակեց Սամվել Մարտիրոսյանը:

Հեղինակ` Լիլիթ Հակոբյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее