Փաստաբան Վահե Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել, որտեղ անդրադարձել է նախօրեին պաշտոնանկ արված Երևանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի փոխարեն նշանակված Աշոտ Կարապետյանին՝ մեջբերելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի» գործով 2012 թ. կայացված վճռից հատվածներ:
Վահե Գրիգորյանը նշել է, որ տեքստում տեղ գտած Ա.Կ. հապավումը վերաբերվում է Աշոտ Կարապետյանին.
«17. Դիմողը հայտնում է նաև, որ … այն բանից հետո, երբ նրանք [դիմողին ծեծի ենթարկող երկու ոստիկաններ] լքեցին սենյակը [ոստիկանության տարածքում], մեկ այլ ոստիկան, Ա.Կ.-ն մտավ սենյակ և սկսեց մետաղյա առարկայով իրեն հարվածել ձվարանների շրջանում: Այնուհետև իր ձեռքերը ձեռնաշղթաներով կապվեցին, իսկ ոստիկան Ա.Կ.-ը շարունակում էր ձեռքերով և ոտքերով հարվածել իր [դիմողի] գոտկատեղից ներքև հատվածին, որից նա կորցրեց գիտակցությունը:
…
36. Իր 25/04/2004թ.-ի ցուցմունքում դիմողը քննիչին հիվանդանոցում (ստացված վնասվածքների արդյունքում դիմողը ծանր վիրահատություններ էր տարել) հայտնել էր. «… [դիմողին տևական ժամանակ շարունակական խոշտանգումների ենթարկելուց հետո] որոշ ժամանակ անց [որոշ ոստիկաններ] դուրս եկան սենյակից և ներս մտավ Ա.Կ.-ն (ես նրա անունն իմացա դեպքերից հետո այլ ոստիկաններից) և սկսեց ինձ հայհոյել՝ նպատակ ունենալով ինձ ստորացնել, երկու անգամ թքեց իմ վրա և ձեռքով հարվածեց ձվարաններիս: Այնուհետև նա մի քանի անգամ հարվածեց ոտնաթաթերիս, որից հետո դուրս եկավ: Գնալուց առաջ նա բանալիներով կրկին հարվածեց ձվարաններիս: Մինչ ինձ ծեծելը, նա հրամայել էր բոլորին դուրս գալ սենյակից՝ ասելով, որ բռնանալու է իմ նկատմամբ: [խոշտանգումները նույն դաժանությամբ շարունակվել են] …»
…
38. 27/04/2004թ.-ին դիմողը կրկին հարցաքննվել էր քննիչի կողմից: Ի պատասխան այն հարցին, թե ինչ խոսակցություն էր ունեցել [Արտաշատի] ոստիկանության բաժնում, նա հայտնել էր, որ … միակ բանը, որ իրեն հարցնում էին այն էր, թե ինչու էր նա մասնակցում ցույցերին և իր հետ տանում այլոց: … Իրեն ծեծելիս Ա.Կ.-ն իրեն հարցնում էր, թե որ ընդդիմադիր քաղաքական ուժի ղեկավարներն էին իր հետևում կանգնած: Նաև հայտնել էր, որ իր Ա.Կ.-ն հրամայել էր իր ձեռքերը շղթայել և այդ վիճակում շարունակել էր ծեծը»:
Նշենք, որ ՄԻԵԴ-ը վճռել էր Վիրաբյանին վճարել 31 հազ. եվրո փոխհատուցում: