Ժամանակ առ ժամանակ «հիմնի թեմա» է բացվում: Տարբեր մարդիկ են այդ հարցը հրապարակ բերում, թե՝ «էս մեր հիմնը պետք ա փոխել»: Ինչո՞ւ, հարցնում ես: Ասում են՝ դե տեքստը էն չի, երաժշտությունը ռուսական բալետից է վերցրած, և հետո, ախր, Արամ Խաչատրյանի ստեղծած հիմնը ուրիշ էր,հզոր էր, այն է պետք վերականգնել, մի՞թե դուք դեմ եքԱրամ Խաչատրյանին…
Մոտավորապես այս փաստարկներով ու սխեմայով է ծավալվում խոսակցությունը: Ոչինչ, որ անցած տարիներին երևի մի երեք անգամ նման նախաձեռնություններ եղան, բանն անգամ հանձնաժողով կազմելուն և Արամ Խաչատրյանի գրած հիմնի, ավելի ճիշտ՝ Սարմենի բառերը փոխելու մրցույթ հայտարարելուն հասավ: Ոչինչ չստացվեց:
Բայց մարդիկ անընդհատ, պարբերաբար թեման վերակենդանացնում են:
Ու չես հասկանում, էլի, վրե՞ժ են լուծում Հայաստանի անկախացումից: Չէ, իսկապես, մարդկանց մի նկատելի շերտ, որ այդպես էլ չընդունեց Հայաստանի անկախացումը, որ այդպես էլ մնաց «սովետում», հանուն իր նոստալգիկ հավակնոտության, անպայման ուզում է «տակով անել» «Մեր հայրենիք»-ը:
Եթե Հայաստանի անկախության վերականգնումից հետո մի քանի ճիշտ բան է արվել, ապա այդ քիչ ճիշտ բաներից մեկը 1918-20թթ մեր Առաջին հարնապետության պետական խորհրդանիշների վերականգնումն է՝ որոշ շտկումներով: Ըստ որում, ժամանակակից Հայաստանն իրեն Առաջին հանրապետության իրավահաջորդ չընդունեց, բայց խորհրդանիշների վերականգնմամբ ընդգծեց այդ ժառանգականությունը:
Հիմնի բառերը: Լավ ի՞նչ վատ բան կա, որ առանձին մարդիկ, ինչպես ասում են՝ «ամաչում են», հզորություն չեն զգում, չգիտես,թե՝ էլ ինչ: Վա՞տ է, որ Ազատ, Անկախ Հայաստանը յուր որդիքը կանչում է՝ եկեք, եկեք ձեր Հայրենիքին տիրություն արեք:
Լավ, ո՞նց կարող է հայրենասեր մարդը, ինչպիսին ներկայանում են Սովետական Հայաստանի հիմնը վերականգնելու կողմնակիցները, չոգևորվել այս խոսքից.
«Նայիր նրան` երեք գույնով,
Նվիրական մեկ նշան
Թող փողփողի թշնամու դեմ
Թող միշտ պանծա Հայաստան»
Ամենայն տեղ մահը մի է,
Մարդ մի անգամ պի՛տ մեռնի,
Բայց երանի, որ յուր ազգի
Ազատության կզոհվի»:
Եվ ո՞նց պիտի կանգնեք այն հերոսների շիրիմների առջև, որ այս հիմնը շուրթերին, իրենց կյանքն են նվիրաբերել հանուն նույն այս Հայրենիքի անկախության ու գոյության:
Իսկ գուցե հերի՞ք է մտմտալ, թե հիմնը (օրհներգը) ոնց ու ինչով փոխենք: Գուցե ավելի լավ է սկսել կյա՞նքը փոխել:
Հ.Գ. մի հատ լսեք, թե ի՜նչ լավ են կատարում երեխեքը...
Ֆեյսբուք