a1plus.am-ը գրում է. ԼՂ հակամարտության մեջ զիջումների եւ փոխզիջումների հարցում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը խորհուրդ է տալիս դեպքերից առաջ չընկել. «Մեզ պետք է խաղաղություն եւ մեզ պետք է ԼՂ կարգավիճակի խնդրի լուծում: Այդ ամենին մենք ձգտում ենք խաղաղ բանակցությունների փուլով, իսկ եթե խնդիրներ առաջանան, որ լինեն փոխզիջումներ, փոխզիջումները լայն հասկացողություն է, նայած թե ինչ է առաջարկվում ու ինչ է ընդունվում»:
«Ա1+»-ի հետ զրույցում նա նաեւ անդրադարձավ Ադրբեջանի՝ տարածքների վերադարձման պահանջին. «Ադրբեջանի ախորժակը բավականին մեծ է եւ այդ ախորժակին, բնականաբար, ընդառաջ չենք գնա, բայց մենք որեւէ մեկ անգամ չենք ժխտում, որ խաղաղ բանակցային փուլում, երբ որ դրված կլինի Ղարաբաղի ինքնորոշման խնդրի լուծումը, կարող են լինել նաեւ փոխզիջումներ»:
Հայկական կողմը փոխզիջում ասելով ի՞նչ է հասկանում, հարցին պարոն Բաղդասարյանը պատասխանեց. «Մենք չենք կոնկրետացրել այդ հարցը, քանի որ դեռ չկան առաջարկություններ ու համաձայնություններ: Կլինեն առաջարկություններ, կխոսենք այդ մասին»:
Վահրամ Բաղդասարյանը, անդրադառնալով տարածքների զիջման մասին հարցին, հայտարարեց, որ քաղաքականության մեջ կատեգորիկ բաների մասին չեն խոսում. «Մենք պատրաստ ենք փոխզիջումների, որը արդյունավետ կլինի ՀՀ համար, իսկ տարածքների զիջման մասին քննարկում չկա: Այ, որ լինի քննարկում, դրա մասին կխոսենք»:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում