ԳԱԼԱ-ն գրել է, որ Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում անհանգստացած են գեղարվեստական ղեկավար Ն. Ծատուրյանի անվան շուրջ պտտվող լուրերով: Նրանք վստահ են նաեւ, որ տեղի ունեցածը պարզապես «սկանդալ եւ շահարկում է» եւ չի համապատասխանում իրականությանը: Բայց եւ այնպես հայտարարում են, որ պատրաստ են կանգնելու Ն. Ծատուրյանի կողքին, ով եւս հայտարարում է, որ դիմում չի գրի ոչ մի դեպքում:
Կայքի հետ զրույցում Գյումրու թատրոնի պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանն ասել է.
«Երեկ ժամը 4-ին է նշանակված եղել պարոն Ծատուրյանի եւ նախարարի հանդիպումը, ավելի շուտ նշանակված էր երկուշաբթի, հետո տեղափոխել են երեկվա օրը: Պարոն Ծատուրյանը գնացել է, նախարարը տեղում է եղել, սակայն չի ընդունել, եւ նախարարությունը չի մեկնաբանել եւ այսօր արդեն փորձենք գուշակություններով զբաղվել ու հասկանալ՝ ինչու տեղի չի ունեցել, կամ փորձենք կապել ինչ-որ բանի հետ, ըստ իս սխալ կլինի, քանի որ վաղը նախարարությունը կարող է լրիվ այլ մեկնաբանություն տալ: Փորձում եմ ուղղակի հավատալ, որ այս ամենը, ինչ կատարվում է, կապ չունի հարցազրույցի հետ: Մեկ բան էլ՝ որ ՊՈԱԿ-ի օրենքով գեղարվեստական ղեկավարին ընդունում եւ ազատում է միայն թատրոնի տնօրենը: Նախարարությունը այստեղ որեւէ կապ չի կարող ունենալ»:
ԳԱԼԱ-ն զրուցել է նաեւ դերասանուհի Գոհար Խաչատրյանի հետ, ով տեղի ունեցածը համարել է թյուրիմացություն:
Նրա խոսքով՝
«Ի վերջո տրամաբանություն չեմ գտնում, հո՞ 37 թվականը չէ, այսօր բոլորս էլ ազատ խոսում ենք, եւ տեսնում եք՝ քաղաքացիական հասարակությունը արթնացել է, եւ ժողովուրդը քնած գազան է, նրան պետք չէ արթնացնել: Եթե, Աստված չանի, եւ հուսով եմ, որ Աստված չի անի, եթե Երվանդիչից հրաժարական պահանջեն, սա իսկապես շատ վատ հետեւանք կունենա, որովհետեւ մենք ոչ մեկս էլ հավի ձագ չենք, որ մեր վզերը բռնեն ու պոկեն, ու այդ անարխիան, ի վերջո, հավատում եմ, որ գոյություն չունի: Ես ՀՀ ազատ քաղաքացի եմ ու ունեմ ազատ խոսքի իրավունք: Մենք բոլորս կանգնած ենք մեր գեղարվեստական ղեկավարի կողքին եւ թույլ չենք տա, որ մեր երկրում լինի անարդարություն»:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում