McDonald's ռեստորանների ցանցը Երևանում չի բացվելու:
«Այդ խոսակցությունը չի համապատասխանում իրականությանը: Մենք Հայաստանում McDonald's բացելու ծրագրեր չունենք»,-նշել է Եվրոպայում McDonald's ռեստորանների ցանցի մամլո-քարտուղար Ջոան դե Քոնինգը` "Новости-Армения" կայքի հարցմանն ի պատասխան:
Նշենք, որ Երևանում McDonald's ռեստորանների ցանցի բացվելու մասին խոսակցություններն ավելի էին թեժացել վերջերս, երբ վրացի գործարար Թեմուր Չկոնիան նշել էր, որ պատրաստվում է Հայաստանում բացել McDonald's ռեստորանների ցանց։
Ըստ գործարարի` այս տարվա ապրիլին Օռլանդոյում (ԱՄՆ, Ֆլորիդա նահանգ) տեղի է ունենալու McDonald's ընկերության ներկայացուցիչների մեծ հանդիպում, որի ընթացքում կորոշվի արագ սննդի ամենատարածված ռեստորանը Հայաստանում բացել-չբացելու հարցը։
«Կարծում եմ, որ հարցը կլուծվի Հայաստանում McDonald's բացելու օգտին։ Առաջին հերթին շատերը Հայաստանից գալիս են Թբիլիսիի McDonald's, այսինքն` դա պահանջված ֆասթ ֆուդ է հայ բնակչության շրջանում, երկրորդ` ռեստորան կարելի է բացել անգամ 150 հազարից քիչ բնակչություն ունեցող քաղաքներում»,- հայտարարել էր Չկոնիան։
Հավելենք, որ դեռ 2011-ին մամուլում քննարկվում էր, որ «Տաշիր» ընկերությունը բանակցություններ է վարում` Հայաստանում McDonald's բացելու վերաբերյալ: Նշվում էր, որ առաջին ցանցը բացվելու էր «Դալմա Գարդեն Մոլ»-ում: Ավելի ուշ ` «Տաշիր» ընկերության ներկայացուցիչները հայտնեցին, որ ցանկություն ունեն McDonald's բացել իրենց նոր հիպերմարկետում` «Ռիո»-ում: