Հայաստանում կարծես մոդա է դարձել, որ օլիգարխները պետք է մարզասրահ ունենան:
Ու դրանցից ոմանք կառուցվում են, անուղղակիորեն , ժողովրդի փողերով կամ էլ ժողովրդի համար նախատեսված բազայի վրա: Թե ինչ նկատի ունեմ, հիմա կպարզաբանեմ:
Վերջերս, համացանցում նկատեցի Առյուծի նկարով՝ Ֆիտնես սրահի գովազդ. նույն նկարից ես սովոր էի տեսնել գազալցակայաններում, հիմա պարզվեց , որ առյուծը մարզասրահի նշան է... հուսով եմ ՝ մարզանքն ու հետվարժանքը առյուծի վանդակում չեն անցկացվելու:
Սա իբրև կատակ, իսկ ավելի լուրջ՝ Երևանի Օղակաձև զբոսայգում, նախկինում Ֆիզկուլտ Ինստիտուտին պատկանող լողավազանը, որ Գագիկ Ծառուկյանը նորոգել է, հետաքրքիր է՝ ու՞մ է ծառայելու՝ իր թիկնապահների ՞ն, նախկին կուսակիցների՞ն, թե՞ համակիրներին...
Իսկ ծառայելու է արդյոք ժողովրդի՞ն ու հատկապես ժողովրդի այն խավին, որին ժամանակին պատկանում էր այդ տարածքը՝ուսանողությա՞նը:
Պարզ չէ, միայն հայտնի է, որ առյուծի նշանով մարզակումբում տնօրենը Գագիկ Ծառուկյանի թիկնազորից է:
Հիմա ուզում եմ պատկերացնել այցելուներին...Թե՝ չպատկերեցնե՞մ:
Գուցե արդեն բնական է թվում , երբ օլիգարխը մարզակումբ ասելով թիկնապահ է պատկերացնում:
Գուցե բնական է նույնիսկ, որ մարզակումբ կառուցող յուրաքանչյուր օլիգարխ ակնարկում է, թե իրենը տարածաշրջանում նմանը չունեցող կոմպլեքս է լինելու՝ մրցակից մայրաքաղաքի մյուս հայտնի համալիրներին։
Բայց այդ մրցակցությունից ի՞նչ է շահում քաղաքացին, որի առողջ ապրելակերպի մասին օլիգարխները, բնականաբար, չեն մտածի, ու ցավոք, կառավարությունն էլ չի մտածում:
Մինչդեռ, կարելի էր մտածել, որ ցանկացած կառավարություն պետք է մտածի իր երկրի քաղաքացիների առողջության մասին։
Իսկ ի՞նչ է անում մեր կառավարությունը հիմա, որ այս ոլորտը վաղուց արդեն հանձնել է հայտնի ու անհայտ մարդկանց՝ սկսած Օրանժից մինչև Ֆուտբոլային ակումբի լողավազան, Գրանդ Սպորտ և այլն...
Վերջերս կառավարությունը հարկային արտոնություն տրամադրեց «Թայգր գրուպ» ՍՊԸ- ին, որի հիմնադիրները ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Գեւորգյանի զավակներն են և պատրաստվում են Հայաստանում կառուցել սպորտային համալիր, բայց կարևորը՝ կառուցում են, սակայն գույք չունեն, իսկ ներմուծվող գույքի համար էլ կառավարությունից են արտոնություններ խնդրում...
Այսինքն, ես ՝ ազնվաբար հարկատու քաղաքացիս, որքան վստահ լինեմ, որ շինարարության համար արտոնություններ խնդրող օլիգարխը շինարարությունից հետո բարեխղճորեն հարկեր է մուծելու , որից առաջանալու է , ասենք, մեր հարևան տիկին Արուսի թոշակը:
Իսկ եթե չի մուծելու, չի նշանակում արդյոք, որ մարզասրահը ոչ այնքան այդ օլիգարխի ընտանիքի, այլ հանրության գումարով է կառուցվում , ուղղակի այն , ցավոք, ոչ թե հանրությանն է պատկանելու, այլ Ծաղիկ Ռուբոյի ընտանիքին:
Դե ասեք, որ անտեղի է իմ մտավախությունը, որ ռաբիզը, առյուծների ու «թայգր»-ների միջոցով, սկսում է մարզակումբներ ներթափանցել, իսկ սա արդեն տխուր է....
Հեղինակ՝
Ա. Գրիգորյան