Մոսկվայի արբիտրաժային դատարանում քննվում է «Philip Morris Brands Sarl»-ի հայցը, որով պահանջվում է արգելել Ռուսաստանի Դաշնության տարածքում «Ararat» ծխախոտի վաճառքը,-այս մասին գրում Ռեգնում գործակալությունը: Ըստ հայցվոր կողմի` «Ararat»-ը սպառողներին շփոթության մեջ է գցում, քանի որ իր ապրանքային նշանը նման է «Marlboro»-ի ապրանքանիշին:
Պատասխանող կողմը հերքում է այդ նմանությունը` նշելով, որ սպառողին մոլորության մեջ գցելու մասին խոսք գնալ չի կարող: «Ararat» ապրանքանիշը գրանցված է Հայաստանում և իրենից ներկայացնում է ծխախոտի տուփ, որի վրա պատկերված է Արարատ լեռը գրաֆիկական ձևով:
Նշվում է նաև, որ նման խնդրով գործեր միայն Մոսկվայի արբիտրաժային դատարանում չէ, որ քննվել են: Լիբանանում և Թայվանում դատարանը որոշում է կայացրել ի օգուտ «Ararat»-ի, քանի որ, ըստ նրանց, «Ararat»-ի և «Marlboro»-ի ապրանքանիշերն այնքան էլ նման չեն իրար, որպեսզի մոլորության մեջ գցեն սպառողին:
Այնուամենայնիվ, «Philip Morris Brands Sarl» ընկերությունը պնդում է, որ այդ նմանությունն առկա է, և «Ararat» խանգարում է իրենց շրջանառությանը: