Ահա այն սցենարը, որը պիտի կյանքի կոչվեր ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ծննդյան 80-ամյակի երեկոյին, բայց որը նրա կանանցից մեկը՝ Էմմա անունով, թաքցրեց, քանի որ սցենարում իր անձը ներկայացված չէր...
ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ
ԾՆՆԴՅԱՆ 80-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ԵՐԵԿՈՅԻ ՍՑԵՆԱՐ
ՍՑԵՆԱՐԻ ՀԵՂԻՆԱԿ՝ ԼԵՎՈՆ ՄՈՒԹԱՖՅԱՆ
Երեկոյի բեմադրիչ՝ ՀՀ ժողովրդական արտիստ ՎԱՀԵ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ԵՐԵԿՈՅԻ ԷՔՍՊՈԶԻՑԻԱՆ
Հնչում է ժողովրդական դարձած ,,Բայց դու անցնում ես ու հետ էլ
չես նայում,, երգը: Լուսավորվում է բեմի անկյունը, ուր դրված են մի
փոքրիկ գրասեղան` մոխրամանով, վառվող ծխախոտով, մի քանի
գրքերով… Երգը շարունակվում է: Հետնապատին Վարդգես Պետրոս
յանի լուսանկարն է:
ՀԱՂՈՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՏԵՔՍՏ- Մի տարի է անցել մեր հանդիպման օրից, և շատ բան է ջնջվել իմ հիշողությունից, որ ցավոք, արդեն դառնում է արևի տակ հալչող ձյունի կտոր: Բայց ես չեմ մոռանա այն օրը, չեմ մոռանա քո լռությունը: Այն ժամանակ մենք համարյա չխոսեցինք, երկուսիս համար էլ դժվար էր, բայց մի տարի շարունակ ես ծամում եմ այն օրվա պատահածը, գիտեմ, դու էլ մոռացած չես լինի: Մենք ձեր տուն էինք գնում քո մեքենայով, ուրախ էինք, խոսում էինք Հայրենիքից, մեր ժողովրդի հոգսերից: Ետևի նստարանին քնած էր բարեկամիդ որդին, հոգնած էր կիրակնօրյա հայկական դպրոցի դասերից, մենք ցածր ձայնով էինք խոսում: Եվ հանկարծ, մեծ արագությամբ ընթացող մի մեքենա քսվեց քո մեքենային ու անցավ: Կանգնեցինք, դու շտապ իջար, նայեցիր, մեքենայիդ ձախ կողմը նկատելիորեն քերծվել էր:
-Տեսնում ես,- ասացիր,-չկանգնեց էլ անօրենը:
Բարկացած նստեցիր ղեկի մոտ, ավելացրիր արագությունը: Երեք-չորս րոպե անց մենք հասանք այն մեքենային, ստիպեցիր, որ կանգնի, երկուսդ էլ ցած իջաք մեքենայից ու սկսվեց… Դուք ֆրանսերեն էիք վիճում, և ես, իհարկե, չէի հասկանում, թե ինչ էիք ասում, չէի հասկանում բառերը, բայց իմաստը պարզ էր. նման դեպքից հետո մոտավորապես նույն բառերն են գործածում աշխարհի բոլոր ավտովարորդները՝ Հռոմում, թե Արթիկում, Ամերիկայի, թե Հնդկաստանի ճանապարհներին: Տասը-տասնհինգ րոպեի խոսքակռվից հետո դու վազեցիր դեպի փողոցի տաքսաֆոնը, երևի ոստիկան կանչելու: Քիչ անց իսկապես երևաց ոստիկանության մեքենան՝ դեղին և սև ներկված: Ձեր կռիվը վերսկսվեց հավանորեն նույն բառապաշարով, բայց ավելի հանգիստ: Հետո դուք նստեցիք ոստիկանության մեքենան և երկուսդ էլ սկսեցիք գրել, հավանորեն բացատրություն: Հինգ-տասը րոպեից ոստիկանները գնացին, շարժվեց նաև մեքենան, և դու դանդաղ մոտեցար, նստեցիր ղեկի մոտ: Նայեցի քեզ. գունատ էիր, սոված, աչքերդ մտազբաղ էին:
-Վատ ես զգում,- հարցրի:
-Հայ էր,- ասացիր, առաջ՝ ճանապարհին նայելով,- հայ էր:
-Ով:
-Նա, այն մարդը: Երբ գրեց անուն ազգանունը, կարդացի: Ազգը Մանուկյան էր, անունը չկարդացի:
-Հայ էր,- այս անգամ հարցրի ես, հետո հասկացա, որ չպիտի հարցնեի,- հայ էր,- արդեն հարց չէր՝ տխրություն էր, ճիչ էր, չգիտեմ ինչ էր…
Ուրեմն, երկու ազգակից իրար դիպան աշխարհի ճանապարհին, կռվեցին, վիճեցին, հայհոյեցին օտար լեզվով, դառնացան երկուսն էլ ու չիմացան, որ ազգակից են, չիմացան, որ փոթորկի նույն ալիքով ափ նետված բեկորներ են: Երկուսի հայրերն էլ գուցե նույն լեռներում են ծնվել, քայլել են գաղթի նույն ճանապարհներով, իրար հետ կիսել նույն կում ջուրը: Կամ՝ տարբեր, ինչ նշանակություն ունի, երբ ամենուր նույնն է եղել հայի ճակատագիր կոչված սֆինքսը: Ականջներիս մեջ կարծես ձայնագրվել էր քիչ առաջվա ֆրանսերեն ճղճղոցը, ու ես դառնությամբ սկսեցի մտածել, որ օտար ափերում գնալով ավելանում են նման հանդիպումները, օտար ճանապարհների վրա գնալով ավելի շատ ազգակիցներ կբախվեն իրար, կվիճեն կամ կբարեկամանան օտար մի լեզվով ու կբաժանվեն, կհեռանան, կկորցնեն իրար՝ իրար չգտած:
Մինչև ձեր տուն հասնելը մենք ոչինչ չխոսեցինք, սիրելի Ալբեր, բայց իմ մեջ մնացել է քո տխրությունը, որ գինին էլ չցրեց, հայերեն երգերի ժապավենն էլ, որ պտտվում էր մագնիտոֆոնի վրա: Այդպիսի տխրություններով է, որ չի դատարկվում մարդու սիրտը, այդպիսի տխրություններով է մարդը տարբերվում մտածող մեքենայից, որ կարող է հիշել միլիոնավոր թվեր, վայրկյանում հարյուրավոր հաշվարկներ անել:
Ես սիրում եմ աշխարհի ճանապարհները, որովհետև վերջին հաշվով նրանք ինձ Հայրենիք են բերում, բայց առանց հայրենական մեր մի քանի հարյուր կիլոմետրի՝ ինձ ոչ մի տեղ չեն տանի աշխարհի միլիոնավոր կիլոմետրերը, ես դա գիտեմ: Բայց ինչու եմ ասում այս ամենը…
Այս ընթացքում բեմի հետնապատին դրված էկրանին հայտնվում են հայաստանյան պատկերներ, տեքստն ուղեկցվում է երաժշտությամբ՝ հնչում է Ալ. Հարությունյանի ,,Տոնական նախերգանքը,, Տեքստի ավարտին՝ էկրանին հայտնվում է Վարդգես Պետրոսյանի լուսանկարը: Բեմի լույսերը վառվում են:
Ա և Բ ՀԱՂՈՐԴԱՎԱՐՆԵՐ
Բ Հաղորդավար - Վարդգես Համազասպի Պետրոսյան -. Ծնվել է 1932 թվականի օգոստոսի 9-ին, Աշտարակում, վախճանվել 1994 թվականի ապրիլի 15-ին, Երևանում… վախճանվել է… Հիմա, տոնական այս երեկոյին, վախճանվել բառն ուզում ենք օգտագործել որպես ,,նրբացուցիչ հանգամանք,,: Մինչդեռ՝ սպանվեց իր տան շքամուտքում, սպանվեց դավադրաբար…
Ա Հաղորդավար - Հայ արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս, հասարակական գործիչ, Հայաստանի լենինյան կոմերիտմիության մրցանակի դափնեկիր (1969), ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1979, «Հայկական էսքիզներ» վիպակ-էսսեի և «Վերջին ուսուցիչը» վիպակի համար), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1952-ից: ՀԽՍՀ (1975-85), ԽՍՀՄ (1984-89) և ՀՀ (1990-94) Գերագույն խորհուրդների պատգամավոր:
Բ Հաղորդավար - 1954-ին ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1954-55-ին աշխատել է Նոր Բայազետի (այժմ` Գավառ) շրջանային թերթում որպես պատասխանատու քարտուղար, 1955-57-ին` «Սովետական Հայաստան» օրաթերթում որպես գրական աշխատող, 1957-61-ին` «Ավանգարդ» թերթում որպես պատասխանատու քարտուղար, ապա խմբագրի տեղակալ: 1961-66-ին եղել է «Պիոներ կանչ» թերթի խմբագիրը, 1966-75-ին` «Գարուն» ամսագրի գլխավոր խմբագիրը: 1975-81-ին` ՀԳՄ վարչության առաջին քարտուղար, 1981-88-ին` նախագահ, 1988-94-ին` Հայաստանի մշակույթի ֆոնդի նախագահ, 1994-ին` «Երկիր Նաիրի» շաբաթաթերթի հիմնադիր-խմբագիր:
Բ Հաղորդավար -Սկզբում հանդես է եկել որպես բանաստեղծ, հետո անցել է արձակի: Նրա առաջին բանաստեղծությունը տպագրվել է 1947-ին, «Պիոներ կանչ» թերթում: Վարդգես Պետրոսյանի ստեղծագործությունների հիմնական թեման երիտասարդությունն է: Հայաստանի լեռնային գյուղերում ապրող մարդկանց ու նրանց ճակատագրին և արդիական խնդիրներին է նվիրված «Մենավոր ընկուզենի» վեպը (1981, կինոնկար` 1986, Հայֆիլմ):
Ա Հաղորդավար -Ռուսերեն լույս են տեսել նրա «Մամա, ես արդեն մեծացել եմ» (Մոսկվա, 1964), «Քաղաքի կիսաբաց լուսամուտները» (Մոսկվա, 1973), «Դեղատուն «Անի» (Մոսկվա, 1979, գրքի մեջ մտնում են «Վերջին ուսուցիչը» վիպակը և մի շարք պատմվածքներ), «Հատընտիր» (վիպակների և պատմվածքների ժողովածու, Մոսկվա, 1982) և այլ գրքեր: Նրա ստեղծագործությունները թարգմանվել են նաև լիտվերեն, լատիշերեն, բուլղարերեն, անգլերեն, սերբերեն, խորվաթերեն, չեխերեն, ուկրաիներեն, ադրբեջաներեն, վրացերեն, ղրղզերեն, հունգարերեն և այլ լեզուներով: Բեմադրվել են նրա «Ծանր է Հիպոկրատի գլխարկը» (1975) պիեսը, բեմականացվել են «Վերջին ուսուցիչը» (1979), «Հայկական էսքիզներ» (1980), «Ապրած և չապրած տարիներ» (1982) գործերը: Երևանի Գ. Սունդուկյանի անվան թատրոնը 1985-ին բեմադրել է նրա «Համր լեռան ճիչը» դրաման: 2008 թվականին Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում բեմադրվել է ,,Վերջին ուսուցիչը,,: Պարգևատրվել է Լենինի (1984), Հոկտեմբերյան հեղափոխության (1982) և «Պատվո նշան» շքանշաններով:
Բեմապտույտը բերում է աթոռներ: Հնչում է ,,Երևանի սիրուն աղջիկ,, երգը: Բեմ են գալիս չորս դերասան, նստում աթոռներին:
Ա ԴԵՐԱՍԱՆ - Քարերի երկիր են կոչում Հայաստանը:
Աշխարհի յիշողութեան մէջ Հայաստանը լեռների, քարափների, ժայռերի ու ձորերի մի զանգուած է եւ, եթէ ծառ է՝ ապա ոտները քարերի արանքում թողած, եթէ խաղողի վազ է՝ արմատները ծակած-անցած քարերը, եթէ բարակ հողաշերտ է՝ քարափների արանքում, ուրեմն պարզապէս յոգնել են քարերը, եւ հողն օգտուել է: Հազար գոյնի, հազար չափսի քարեր. մանր, ասես ընտրովի սերմերով ցանած եւ առատ բերք տուած միլիոնաւոր քարակտորներ, պղնձէ ժայռեր, այդ ժայռերի մէջ՝ ասես մատներով փորուած ձորեր, զարմանալի մի քարաշխարհ՝ Զանգեզուր, միլիոնաւոր աղբիւրների ակունքների վրայ կործած վիթխարի մի քարաստան՝ Արագած, համաչափութեան բոլոր կանոններով սարքած հսկայ մի քարաժխոր՝ Ծաղկեվանք եւ, ի վերջոյ, ամայութեան մէջ ժայքթած քարէ զոյգ շատրուան՝ Արարատ...
Այդպէս էլ գրել է բանաստեղծը.
«Դարերի երկիր,
Սարերի երկիր,
Քարերի երկիր՝ Հայաստանս...»
Բ ԴԵՐԱՍԱՆ - Քարերից ենք շարել մեր տների պատերը: Կամուրջները: Վանքերն ու բերդերը: Գերեզմանները: Յիրաւի, քարէ Հայաստան: Քարէ՞... Իսկ ինձ թւում է՝ քարացած, աւելի ճիշդ՝ քարացրած: Փոքր տղայ լինէի, դեռ հաւատայի հեքիաթներին, պարզ-պարզ կը պատկերացնէի նոյնիսկ այն չար, զարհուրելի կախարդին, որ անյիշելի ժամանակներում անցաւ մեր աշխարհով: Անցաւ, տեսաւ ու նախանձեց: Նախանձեց ու կախարդական գաւազանը բարձրացնելով, ծղրտաց.
- Քարացէ՛ք: Ու քարացան զմրուխտ բլուրները, դաշտերում սվսվացող միլիոնաւոր ծաղիկներն անգոյն քարակտորների փոխուած թափուեցին հողին, անշարժացան անտառները, հողը կծղեց ու կարծրացաւ, նոյնիսկ մեր աշխարհի գլխի ամպերը ծանրացան ու քարէ անձրեւ տեղաց:
Նայեց, գոհ նայեց կախարդը, հռհռաց քարէ ամայութեան երեսին: Նրա ծիծաղն էլ քարակտորների պէս շպրտուեց այս ու այն կողմ: Ու անցաւ ժամանակը: Ու եկաւ իմ ժողովուրդն այստեղ ապրելու: Աստուած չտուեց նրան ուրիշ հրաշք-գաւազան, որ կարողանար քանդել կախարդանքը, մատներ տուեց, արթուն միտք եւ քարէ համբերութիւն: Եւ իմ ժողովուրդը սկսեց իր մատներով, մտքով ու համբերութեամբ թիզ առ թիզ քանդել կախարդանքի կծիկը, հողին վերադարձնել իր քնքշութիւնը, ծաղիկներին՝ իրենց գոյները, անտառներին՝ իրենց աղմուկը:
Գ ԴԵՐԱՍԱՆ - Հողից քրքրեց-հանեց քարերը: Վանքեր շինեց: Բերդեր: Տներ ու կամուրջներ:
Աւաղ, նաեւ գերեզմաններ: Նոյնիսկ ժամացոյց շինեց, ասեղնագործեց քարերի վրայ՝ տղամարդու հանճարեղ մատներով: Բայց խանգարեցին նրան: Արշաւեցին, եկան, քանդեցին, աւերեցին, նորից շատացրին անպտուղ քարերը, իմ ժողովրդի ձեռքերին ստիպեցին սուր վերցնել, թէպէտ մուրճն աւելի է սազում նրա մատներին: Եկան, փշրեցին, երեւի հաճոյքից հռհռաց կախարդը, որովհետեւ այս նորերը արտաքինով մարդու էին նման, բայց անում էին նոյնը՝ աւելի վայրենի, աւելի տեւական: «Քար թափուեց մեր գլխին,- հառաչեցին հայ պառաւները զանազան դարերում եւ նրանց հառաչանքն արձագանգուեց-մնաց մեր երգերի մէջ: Այսպէս եղաւ անընդհատ, չնչին դադարներով:
Բայց իմ ժողովուրդն՝ անընդհատ, առանց այդ չնչին դադարների անգամ, շարունակում էր մայր-հողն ազատել քարէ-կախարդանքից:
Դ ԴԵՐԱՍԱՆ - Եւ բացուեց մի օր, որ սկիզբ դառաւ, եւ իմ ժողովուրդը կարող էր արդէն հանգիստ, անշտապ՝ շարունակել դարերի գործը՝ աւարտի հասցնել իր հողի ազատումը քարէ կախարդանքից:
Ու անցան եւ անցնում են տարիներ, որ դարեր արժեն: Բացէք ձեր լուսամուտները ու նայէք դուրս:
Քայլէք ճանապարհներով, կածաններով: Զարթնում է քարացած Հայաստանը:
Դեռ մարմնի ոչ բոլոր մասերով, բայց զարթնում է: Ես գիտեմ՝ կը վերադառնան մեր բոլոր անտառները, կը զարթնեն քարէ քնից մեր բոլոր դաշտերի ծաղիկները, ամպերը կը թեթեւնան եւ մենք նորից կը նետենք վերեւ, դէպի երկինք, ջուր դառած քարերը վտակ-վտակ կը հոսեն մեր հողի երակներով, քարաժայռերի մէջքը կը ծակեն-դուրս կը գան մեր զսպուած աղբիւրները: Իսկ մնացա՞ծ քարերով... Մնացած քարերով մենք տներ կը շինենք: Արձաններ: Նաեւ գերեզմաններ:
Ո՞րն ես դու Հայաստան: Ես քեզ որոնեցի երկար ու ցաւագին: Հազար անգամ գտայ:
Չգտայ:
Կորցրի: Շփոթեցի ու կասկածեցի:
Բեմապտույտը դուրս է տանում դերասաններին: Հնչում է Ռոբերտ Ամիրխանյանի ,,Այնպես ուզում եմ,, երգի ձայնագրությունը: Էկրանին հառնում են կադրեր, որոնք պատկերում են մտերմիկ Վարդգես Պետրոսյանին:
Ա ՀԱՂՈՐԴԱՎԱՐ – Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար` ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆ
Նախարարի խոսքից հետո` շարունակվում են ցուցադրվել կադրերը: Այժմ հնչում է Ա. Բաբաջանյանի ,,Արեգակին պետք է հեռվից նայել,, երգի ձայնագրությունը:
Բեմապտույտը նորից է բերում դերասաններին:
Ա ԴԵՐԱՍԱՆ - Ես քեզ որոնեցի այսօրուայ Հայաստանի թրթռուն, երիտասարդ մարմնի մէջ ու գունաթափ քարտէսներում, որով գրգռեցին մեր պապերի դիւրավառ հոգին, որով խաբեցին մեզ բոլորը: Ես քեզ որոնեցի ամենայն հայոց կաթողիկոսների աղօթքներում առ աստուած եւ ամէն հայի հայհոյանքի մէջ, որտեղ մենք ամէնքս զարմանալի բանաստեղծ ենք: Ես քեզ որոնեցի իմ տատի ոչ թէ երկու, այլ երեք տեղից ծալուող մատներում, որ շատ են նման խաղողի ծերացած, բայց չկոտրուող ճիւղերի: Որոնեցի իմ աղջկայ դպրոցական առաջին տետրերի մէջ եւ Մատենադարանի մագաղաթներում: Որոնեցի հայ մարդկանց տաք վէճերի մէջ, երբ միանգամից քսան ծրագիր է մէջտեղ բերւում, թէ ինչպէս էր հնարաւոր փրկել Հայաստանը՝ հինգերորդ, տասներորդ, տասնեօթերորդ դարերում, 1915, 16, 17, 18 թուականներին:
Բ ԴԵՐԱՍԱՆ - Որոնեցի իմ լռութեան մէջ ու հարսանիքի աղմուկներում, գիւղական աթարի դեզերի մօտ նստոտած ծերունիների զրոյցներում եւ ելեկտրոնային արագացուցիչի վրայ կռացած երիտասարդ ֆիզիկոսի կասկածների մէջ: Որոնեցի գնացքներում թափառող կիսակոյր աշուղների միամիտ երգերի մէջ եւ մեր՝ աւելի միամիտ ճիչերի, որ սկսւում եւ վերջանում են այս բառերով. «Երբ մենք բժիշկ ունէինք, այսինչ ազգերը դեռ չգիտէին, թէ ինչ է հիւանդ...»: Քեզ գտնելու համար ես անցայ զարհուրելի մի ճանապարհ՝ Ղարսից մինչեւ Ստամպուլ, նայեցի ամայացած հովիտներին, պղծուած գերեզմաններին, իսկ աւելի շատ՝ գնացքի լուսամուտից դուրս՝ խտացած մթութեանը: Ես քեզ որոնեցի այսօրուան Երեւանի շնչառութեան մէջ եւ պատմութեան խաչմերուկներում, որոնցից ոչ մէկով մեր գնացքը չանցաւ առանց վթարի: Ես քեզ որոնեցի ուրիշ ազգերի զաւակների հետ ունեցած հանդիպումներում եւ ամէն անգամ ինձ զգացի հիւանդ եւ ամէն անգամ նուացին իմ հին վէրքերը:
Գ ԴԵՐԱՍԱՆ - Եղան դառը պահեր, երբ ուզեցի նոյնիսկ ազատուել քեզանից, ապրել ինչպէս բոլորը՝ այս փոքրիկ մոլորակի վրայ, իբրեւ մեր դարի մարդ, բայց հասկացայ, որ դրա համար պիտի դատարկուի իմ ողջ արիւնը, պիտի կարողանամ դաւաճանել նաեւ հօրս գերեզմանին: Ու նորից որոնեցի, որոնեցի Հայաստանի ու աշխարհի ճանապարհներին, որոնեցի ծերերի կնճիռներում եւ ջահելների թուացող անհոգութեան մէջ, որոնեցի մեր ինքնասիրահարուած բաժակաճառերում եւ սրտի վախւորած կծկումների մէջ, երբ ինչ-որ տեղ պատերազմ է, երբ խանութներում յանկարծ պակասում է լուցկին: Որոնեցի հին գերեզմանների մէջ ու ծննդատներում, որոնեցի մեր բոլոր մեծ մարդկանց կենսագրութիւնների մէջ, որ շատ են նման իրար եւ շատ են տխուր:
Դ ԴԵՐԱՍԱՆ - Այս էսքիզներում ես գուցէ աւելի կորցրել, քան գտել եմ քեզ: Բայց կորցրել եմ, փորձելով գտնել եւ հաւատալով, որ կը գտնեմ: Կը գտնե՞մ... Կը գտնեն ուրիշները, եւ մի՞թէ դա կարեւոր է: Մենք շատ բան ենք կորցրել եւ կորցրած տարածութիւնը կրճատելու համար պիտի վազենք: Բայց մենք վազում ենք ետ նայելով, անընդհատ ետ նայելով: Այդպէս չի անում ոչ մի իսկական վազող, այդպէս շատ ուրիշներն էլ, որ հիմա դեռ գալիս են յետեւից, առաջ կ՚անցնեն: Մեզ թւում է՝ բաւական է ետ չնայել եւ կը մոռանանք մեր պատմութիւնը, մեր պարանոցները շատ են ծռուած: Ես քեզ որոնեցի այդ վազքի մէջ եւ ուզում եմ, որ դու վազես առաջ նայելով: Առաջ: Անցեալը մեր արեան մէջ է, մեր ճակատագրի, մեր լռութեան: Վերջակէտից յետոյ ես նորից ճանապարհ կ՚ելնեմ: Քեզ որոնելու:
Գտնելու:
Կորցնելու:
Կասկածելու: Քեզ համար ապրելու:
Բարձր ու ուժգին հնչում է Ա. Բաբաջանյանի ,,Վաղարշապատի պարը,,:
Բ. Հաղորդավար – Նրանք նույն սերնդի ներկայացուցիչներ դարձան` վաթսունականների սերնդի:
Ա Հաղորդավար - Անշուշտ, շատ վաղուց ուղղումներ են պետք հասկացության մեջ, քանզի սերունդն իր ակունքներն աղերսեց հիսունականներին, յուրատեսակորեն վերադարձավ 20-րդ դարասկզբի գեղարվեստական-գեղագիտական այն հաստատումներին ու որոնումներին, որոնք գոյավորեցին նոր արտահայտչական համակարգեր, մասնավորաբար գրականություն բերեցին նոր փիլիսոփայական հոսքեր ու հայեցակարգեր, փոխեցին ,,մարդու ինստիտուտի,, ամրակայված պատկերացումներն ու ընկալումները և բոլորովին ինքնահատուկ, երբեմն նաև պարադոքսալ ու արտառոց թվացող տեսադրույթների կիրառմամբ ստեղծեցին գեղարվեստական իրականության նոր չափումներն ու սկզբունքները, վերափոխեցին գրականության հետազոտման նյութի` մարդու ու նրա ժամանակի փոխառնչությունների ուսումնասիրման-պատկերման մեթոդաբանությունը:
Բ ՀԱՂՈՐԴԱՎԱՐ - Սերունդը ելավ գոյաբանական և գեղագիտական բազմաթիվ ընկալումների դեմ, առաջին հերթին` սկզբում փոքր-ինչ վեհերոտ, ապա արդեն տեսական-տեսաբանական հիմնավորումներով և գեղարվեստական ճշմարտությունների հաստատման ուժով հարվածեց կապանքող-պարտադրող ,,սոցիալիստական իրապաշտության,, մեթոդաբանությանը` այսպիսով ճանապարհ բացելով մասնավորաբար եվրոպական գրականության մեջ շատ վաղուց իրենց համար հուսալի հանգրվաններ ձևավորած մեթոդների և ուղղությունների առջև: Սերնդի ներկայացուցիչները գրականություն եկան` իրենց ներաշխարհի յուրատիպ-ինքնահատուկ արտացոլումները հաստատելու, հնի ու հնացածի դեմ կռվելու և նորարարության շունչը հաստատելու` երբեք չհեռանալով դասական-ավանդականի հզոր ներազդեցություններից, որոնք բացատրում-բացահայտում էին իսկապես գրականության նորագույն ժամանակաշրջանը հաստատող առաջնահերթությունների և հիմնախնդիրների ժառանգական-շարունակական կապերը:
Ա ՀԱՂՈՐԴԱՎԱՐ – Վարդգես Պետրոսյանն այդ սերնդի ամենավառ ներկայացուցիչներից մեկն էր, ով ստեղծեց իր ինքնատիպ գրականությունը, իր հրաշալի միջավայրը` դառնալով սերունդը համախմբող ամենամեծ օղակը: Սերնդակից լինելու զգացողությունը չէր միայն նրան կապում ժամանակների նշանավոր գրողներից մեկի` Նորայր Ադալյանի հետ, այլև բարեկամությունը, մտերմությունը, համախոհությունը:
Բ ՀԱՂՈՐԴԱՎԱՐ – Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակի դափնեկիր, մշակույթի վաստակավոր գործիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, արձակագիր ՆՈՐԱՅՐ ԱԴԱԼՅԱՆ
Ա ՀԱՂՈՐԴԱՎԱՐ – ՀՀ Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս ԱՐԱՄ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Բեմում են ՀՀ ժողովրդական արտիստներ Մարտին Վարդազարյանը և Ռաիսա Մկրտչյանը:
Բեմապտույտը բերում է դերասաններին:
Ա ԴԵՐԱՍԱՆ - Զարմանալի է, բայց ,,Դեղատուն Անի,, վիպակի մեջ տեղի ունեցող "գործողություններից" անցել է ավելի, քան 50 տարի, և ոչինչ չի փոխվել: Մարդիկ նույնն են մնացել`նույն հոգսերը, նույն տառապանքները, նույն սերը, նույն արցունքները... Ոչինչ չի խոխվել:Նույնիսկ մարդկանց մտածելակերպը: Նույնիսկ հեղինակը նշում է, որ դեռևս Սոկրատն ասել է."Մեր երիտասարդությունը սիրում է շքեղ կյանք, նա վատ է դաստիարակաված, քմծիծաղ է տալիս դաստիարակաների ասածների վրա, չի հարգում ծերերին:Մեր երեխաները բռնակալներ են, նրանք ոտքի չեն կանգնում, երբ ներս է գալիս տարեց մարդ, հակաճառում են ծնողներին:Ավելի պարզ`նրանք շատ վատն են:"
Բ ԴԵՐԱՍԱՆ -Ուշադիր հետևելով մեր ժամանակների երիտասարդությանը և երեխաներին կարելի է ասել`ոչինչ չի փոխվել: Ավելի ճիշտ` թվում է, թե ամեն ինչ հենց այսպես էլ եղել է: Երիտասարդները` անդաստիարակ ու սանձարձակ, երեխաները`"բռնակալներ": Բայց եթե Սոկրատն իմանար, թե ինչպիսի "բռնակալներ" են մեր երեխաները`համոզված եմ, նա անպայաման շուռ կգար իր գերեզմանում: Ընթերցելիս, չգիտեմ`ինչու, ժպիտը չէր կորչում դեմքիցս: Շատ տողերում գտա ինձ, շատերը ուղղակի ուրախ տրամադրությունն էին ստեղծում: Բայց գրքի ոչ մի տողից չէր կորչում տխրությունն ու, ես կասեի, ողբերգությունը: Հնչվեցին շատ գեղեցիկ տողեր, որոնք արժանի են հատուկ ուշադրության: Հատկապես հավանեցի Լիլիթի կերպարը...Շատ էր ինձ նման:Միայն վախենում եմ`ես էլ հանկարծ չընդունվեմ:
Գ ԴԵՐԱՍԱՆ - ,,Դեղատուն Անին,, դարձավ մի ողջ սերնդի գրականությունը, սիրելի ստեղծագործությունը: Այս վիպակից հետո հրապարակ եկավ ,,Վերջին ուսուցիչը,, , որը ցնցեց գրական աշխարհը, պարտադրեց տեսնել նոր օրերի հարաբերությունները, դեռահասների ուշագրավ հոգեբանությունը: Վիպակն անմիջապես գրավեց նաև թատրոնի ուշադրությունը: Հրաչյա Ղափլանյանն այն բեմադրեց Երևանի դրամատիկական թատրոնում:
Դ ԴԵՐԱՍԱՆ – Զարմացրեց ու հիացրեց Լևոն Թուխիկյանը Մամյանի դերում: Շատերն են հիշում այն տեսարանը, երբ կանգնած իր նախկին աշակերտի, ներկայիս նախարարի դռների մոտ, նա ներկայացնում էր իր մտորումները, որոնք պիտի ասեր իր աշակերտին: Այս բեմադրությունը շատ երկար ապրեց թատրոնի խաղացանկում, երկու սերունդ իր պատկերացումները կյանքի մասին բաղդատեց այս վիպակով:
Ա ՀԱՂՈՐԴԱՎԱՐ – Իսկապես լեգենդար դարձած բեմադրության դերակատարներից մեկը` ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար ԱՐՄԵՆ ԽԱՆԴԻԿՅԱՆ
Տեսարան Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի ,,Վերջին ուսուցիչը,, ներկայացումից
Բեմում է ՀՀ ժողովրդական արտիստ Էդվարդ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ
Բեմը մթնում է: Էկրանին հատված ,,Մենավոր ընկուզենին,, ֆիլմից
Ա ՀԱՂՈՐԴԱՎԱՐ - Վարդգես Պետրոսյան գրողի հետ իմ ծանոթությունը բոլորովին էլ ոչ դպրոցական, ոչ էլ բուհական լսարաններում չի եղել, քանի որ նրա աշխատանքներն ընդհանրապես բացակայում էին այդ ծրագրերում: Նրա գործերը հատուկ տեղ ունեին մորս գրապահարանում, և երբ անիմաստ դեգերում էի տնով մեկ` մի լավ, ժամանակակից գիրք գտնելու ակնկալիքով, մայրս ինձ խորհուրդ տվեց կարդալ <<Ապրած և չապրած տարիները>>: Պատկերացրեք ուրախությունս, որ քսաներորրդ դարի օտարազգի հայտնի գրողների գործերից հետո վերջապես ինձ համար հայտնաբերում եմ իմ ազգակցին, որը ոչ պակաս հոգածությամբ, հումորով ու խորամտությամբ ամենապարզ լեզվով պատմում է այն կյանքը, որի մասնակիցն եմ ես ամեն օր: Իսկ երբ դիտեցի <<Մենավոր ընկուզենին>> ֆիլմը, երևի այն դարձավ իմ ամենասիրելին, քանի որ այդ տարիներին, իրոք, մի իսկական ռոմանս ես ուզում տեսնել (չեմ խոսում իհարկե ֆիլմում առկա մնացյալ խնդիրների հրաշալի մեկնաբանության մասին)` համբույրով ու բնականոն բոլոր երևույթներով` այն էլ հայրենական արտադրության:
Բ ՀԱՂՈՐԴԱՎԱՐ - Հայ-պարսկական բարեկամական կապերի փաստը որերորդ անգամ հաստատվում է Իրանի մշակույթի գործիչների կողմից: 1991 թ. նրանք անակնկալ մատուցեցին ե՛ւ պարսիկ ընթերցողին ե՛ւ մեզ: Թեհրանում լույս տեսավ Վարդգես Պետրոսյանի «Մենավոր ընկուզենին» վեպը Մոհամադ Ալի Աթեշբարգի թարգմանությամբ: Նա հարկիրճ նախաբանով պարսիկ ընթերցողին է ներկայացնում Վ. Պետրոսյանի անցած ստեղծագործական ճանապարհը, թվարկում նրա հիմնական գործերը: «Մենավոր ընկուզենին» նկարահանվել է (1987), թարգմանվել տարբեր օտար լեզուներով` ռուսերեն, ռումիներեն, բուլղարերեն, անգլերեն, իսպաներեն, ֆրանսերեն, գերմաներեն, նորվեգերեն եւ այսօրՙ պարսկերեն:
Ի՞նչն է մերձեցրել այս թարգմանիչներինՙ զուսպ եվրոպացուն, սառը հյուսիսցուն եւ հախուռն արեւելցուն: Իհարկե, մեր դարը, իր բարդ ու հակասական խնդիրնեով:
Ա ՀԱՂՈՐԴԱՎԱՐ - «Մենավոր ընկուզենու» հերոսները` հայր ու դուստր ոսուցիչները, վերջին ճիգերն են գործադրումՙ իրենց գոյությամբ երկարաձգելու մեռնող գյուղի կյանքը: Երիտասարդությունը լքում է գյուղը, որ չկորցնի քաղաքը նվաճելու եւ ժամանակի մի մասնիկը լինելու հնարավորությունը: Գյուղը քայքայվում է, խաթարվում է ազգային բնավորությունը, կորչում են ավադույթները, փոխվում են նահապետական, բարոյական արժեքները: Այդ երեւույթը եւ դրա գիտակցումը համամարդկային տիպաբանություն է, որին բազմիցս անդրադարձել են նաեւ պարսիկ հեղինակները (Բոզորգե Ալավի, «Դեզաշուբ»): Վեպի մյուս, արտաքինից քողարկված գաղափարը, որն ի դեպ քաղաքացիական համարձակություն էր հեղինակի կողմից եւ ժամանակին զգուշորեն շրջանցվում էր գրաքննադատների կողմից, հողի խաղաղ նվաճման ցավալի իրողությունն էր: Այն այսօր հավասարապես հասկանալի է ե՛ւ ժամանակակից եվրոպացուն, ե՛ւ պարսիկին:
Դարձյալ հատված ֆիլմից:
Բ ՀԱՂՈՐԴԱՎԱՐ - Հիմնադրման առաջին իսկ տարիներից «Գարունը» գծեց ամսաթերթի հետաքրքրությունների շրջանակը եւ հետագա տարիներին հավատարիմ մնալով իր թեմաներին՝ խորացրեց, լրացրեց ու կայունացրեց ասելիքը: «Գարունը» դեմ էր մեծագլուխ, նվազ ոտքերի վրա հազիվ կանգնող հանրապետության կայացմանը: Երեւան մայրաքաղաքը, որ ազգաբնակչության անանց սերն ու հպարտությունն էր, մագնիսական հզոր ուժով դեպի իրեն էր ձգում գյուղացիությանը: Վաղուց արդեն քայքայման եզրին հասած գյուղը՝ իր անհեռանկար գոյավիճակով հայացքը հառել էր քաղաքին: Շրջանների խոշորացումը, մի օրից մյուսը քաղաք հայտարարվող բնակավայրերը տանում էին պետական բյուջեի առյուծի բաժինը: Մշակույթի, գիտության կենտրոնները, միջնակարգ եւ բարձրագույն կրթական համակարգերը, բանվորական աշխատատեղերի առատությունը բաժին էին ընկնում գյուղերի հաշվին խոշորացող քաղաքներին, մանավանդ՝ Երեւանին: Միգրացիան իր բնական ու անբնական չափերով նվաճում էր ողջ երկիրը, իսկ դատարկվող լեռնային գյուղերում բնակություն էին հաստատում հարեւան հանրապետությունների խաշնարած ցեղերը: Բաց երկնքի տակ թանգարան հռչակված երկրի ալպյան արոտավայրերը տրորվում էին ահռելի չափերի հասած հոտերի կճղակների տակ: Այս թեման այնքան հուզեց «Գարունի» անդրանիկ խմբագիր, գրող-հրապարակախոս Վարդգես Պետրոսյանին, որ նա գրեց իր «Մենավոր ընկուզենին» վեպը եւ «Վերջին ուսուցիչը» վիպակը: Հուզումը վարակեց նաեւ հայ կինոյին, թատրոնին:
Ա ՀԱՂՈՐԴԱՎԱՐ – Թատրոնում այս վեպը հետաքրքրեց ՀՀ Ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանին, ով Սունդուկյանի անվան թատրոնում այն բեմադրեց ,,Համր լեռան ճիչը,, վերնագրով:
Բ ՀԱՂՈՐԴԱՎԱՐ - ՀՀ ժողովրդական արտիստ ԵՐՎԱՆԴ ՂԱԶԱՆՉՅԱՆ
Էկրանին մտերմական Վարդգես Պետրոսյանն է:
Հնչում է Շոպեն
ՀՀ ժողովրդական արտիստ ՍՎԵՏԼԱՆԱ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Բեմապտույտը բերում է դերասաններին:
Ա ԴԵՐԱՍԱՆ - Հիշողությունը մարդկային բարձրագույն արժեքներից է: Ժամանակը ոչ մի վայրկյան կանգ չի առնում, անցնում է անտարբեր ու գնում, բայց մնում է հիշողությունը այդ ժամանակի ու նրա հոլովույթում ապրած-հեռացած մարդու մասին: Տասնիննը տարի է անցել այն օրից, երբ ողբերգականորեն ընդհատվեց նրա կյանքը (եթե ապրեր, այս օգոստոսին կլրանար 77 տարին, եւ ապրիլի 15-ն էլ հիշատակի օր չէր կոչվի), թեեւ ֆիզիկապես մեզ հետ չէ, բայց, ինչպես հայոց բոլոր երեւելիները, հաստատ ապրում է սերունդների հիշողության մեջ՝ իր մարդկային անկրկնելի դիմանկարով եւ ամենից առաջ՝ ստեղծած գրական արժեքներով: Նրա կյանքն ու գործը անսահման նվիրում էր Հայաստան երկրին, մայր ժողովրդին (այս բառերի վեհաշունչ հնչեղությամբ), եւ ստեղծած գրական արժեքներն էլ գեղարվեստական յուրօրինակ «հայկական էսքիզներ» են՝ ի՛ր երկրի, ի՛ր ժողովրդի պատմության ու ճակատագրի, մարդու, հա՛յ մարդու ճակատագրի դիմապատկերին: Երկյուղածությամբ ու անսահման սիրով եմ ահա արտաբերում նրա՝ կյանքի, գրականության, լրագրության իմ (ու նաեւ՝ շատերի) ուսուցչի անունը՝ Վարդգես Պետրոսյան: Հիմա ի՞նչ, բարեմիտ ընթերցող, արժե՞ այս առիթով վերստին հիշեցնել, որ նա անցել է ազգանվեր գործունեության մի արգասավոր ճանապարհ, եղել է անցած դարակեսի հայ երեւելի մտավորական, գրական-հասարակական նշանավոր գործիչ…
Բ ԴԵՐԱՍԱՆ - Հիմա ի՞նչ, արժե՞ վերստին հիշեցնել, որ նա ի՛ր ժամանակի եւ հատկապես երիտասարդության ամենասիրելի եւ ամենից շատ ընթերցվող գրողներից էր, անվանի հրապարակախոս, ում հեղինակած գրքերի՝ պատմվածքների ու էսսեների, հուշագրությունների ժողովածուների, վիպակների, վեպերի անվանումներն արդեն իսկ խոսուն վկայագրեր են. «Վերջին գիշերը», «Ապրած եւ չապրած տարիներ», «Անավարտ դիմանկարներ», «Հայկական էսքիզներ», «Պատմվածքներ մարդու մասին», «Վերջին ուսուցիչը» (դրամատիկական թատրոնում բազմիցս բեմադրված նույնանուն ներկայացումն էլ չմոռանանք), «Մենավոր ընկուզենին» (վեպի հենքի վրա նկարահանված՝ Ֆրունզե Դովլաթյանի ֆիլմն էլ հիշենք), «Քաղաքի կիսաբաց լուսամուտները», «Ստորագրության պատիվը», «Մեր ժողովուրդը իմն է, ինչպես... իմ վիշտը» եւ էլի քանի՜-քանի ստեղծագործություններ: Դրանք ընթերցելով եւ խորամուխ լինելով գրողի ավանդած դասերի էության մեջ՝ կարող ենք գտնել սերունդներին, բոլորիս հուզող թերեւս ամենակարեւոր հարցի պատասխանը՝ ինչի՞ համար է մարդը ապրում: Եվ ոչ միայն: Վարդգես Պետրոսյանի ստեղծած գրականությամբ մի ուրիշ՝ ինքնատիպ կենսահայացքով, գեղարվեստական յուրօրինակ զգացողական-խոհափիլիսոփայական մեկնաբանությամբ կարող ենք հասու լինել մեր ազգային պատմության, մեր ժողովրդի մաքառումների, ցավի, հուսո ու հավատի ոգորումներին, վերարժեւորել մեր ապրած կյանքը, ճանաչել նաեւ ինքներս մեզ, փորձել նորովի իմաստավորել ոչ միայն անցած, այլեւ բացվող օրը, եւ, ամենակարեւորը՝ ժամանակների հորձանուտում, բոլոր պարագաներում մարդ մնալու, մարդկային մնայուն արժեքներով առաջնորդվելու, բարի գործերով կյանքում հետք թողնելու առաքելությունը:
Գ ԴԵՐԱՍԱՆ - Ի վերջո, այո՛, «մարդը կեցո ոչ միայն հացիւ, այլեւ բանիւ»՝ Վարդգես Պետրոսյանն իր կյանքով ու գրականությամբ հենց այս է հաստատել, եւ նրա ավանդած դասերը նաեւ նորօրյա հնչեղություն ունեն: Իր «Անդրանիկի դասերը» էսսեում նա կրկին հնչեցնում է չհնացած պատվիրանը. «Սիրեցե՛ք միմյանց, մարդիկ: Սիրեցե՛ք եւ միաբանվեք: Ազգի ուժը միաբանության մեջ է»: Եվ մի ուրիշ հայրենախոս դաս. «Հայրենիքն այն է, որ կորցնելուց հետո մարդուն այլեւս ոչինչ չի մնում կորցնելու...»: Ու այսպես՝ քանի՜-քանի ճշմարտապատում դասեր՝ ավանդված սերունդներին: Տարիներ առաջ՝ 90-ականների ուսանողական սերունդներին Վարդգես Պետրոսյանը նաեւ որպես դասախոս լսարանում հրաշալի դասեր է ավանդել: Ահա նորից հնչում է զանգը, բաց անենք լսարանի դուռը նրա առաջ, ու նաեւ մեզ հետ կյանքի լսարան կմտնի մեծանուն գրողը՝ շարունակելու կիսատ թողած դասը եւ միասին որոնելու-գտնելու այն հարցի պատասխանը, թե ինչի համար է մարդը ապրում: Ու հիմա ի՞նչ, նորե՞ն հիշեցնեմ, թե նրա մասին գնահատանքի ինչպիսի բարձր խոսքեր են ասել հայոց եւ այլոց մեծերը: Միայն մեկը մեջբերելու գայթակղությունից չկարողացա խուսափել. «Վարդգես Պետրոսյանի ողջ ստեղծագործությունը ձոն է Մարդուն՝ Հայ մարդուն՝ բիբլիական Հայաստան երկրի առեղծվածի ցավագին որոնումներով: Իսկ «Հայկական էսքիզներում» Հայաստանի դիմանկարն է: Մի ամբողջ երկրի, մի ամբողջ ժողովրդի: Այն տաղանդավոր գրողի հրաշագեղ ծնունդ է: Ես Վարդգես Պետրոսյանի աչքերով տեսա Հայաստանը, նրա սրտով զգացի: Եվ դրա համար շնորհակալ եմ նրան: Ի՜նչ հայրենախոս դասագիրք՝ ոչ միայն ներկա, այլեւ եկող սերունդների համար, ովքեր պիտի երախտագիտությամբ միշտ հիշեն մեր ժամանակների ամենանշանավոր գրողներից մեկի անունն ու գործը». ռուս գրող Եգոր Իսաեւն է ասել: Եվ այն ասես հնչում է որպես օտար գրողի հարազատ պատվիրան մեզ՝ բոլորիս... Վարդգես Պետրոսյան անվանի գրողի, անցած դարակեսի ամենանշանավոր հայ հրապարակախոսներից մեկի մասին, ում հիշատակը հավերժացնելու, ժամանակակից հայ գրականության ու հրապարակախոսության մեջ ներդրած ավանդը նշանավորելու առումով արժե, որ նրա անունը կրող ՀԳՄ որեւէ մրցանակ սահմանվի, ինչը վաղուց պետք է արվեր:
Դ ԴԵՐԱՍԱՆ - ...Իմ սիրելի «վերջին ուսուցիչ»: Ապրիլի 15-ին լրանում է բաժանումի տասնհինգ տարին, երբ Գրողների միության շենքից երկար ձգվող մարդկային թափորի մեջ կծկված, արցունքները զսպելով՝ հազարավորների հետ վերջին հանգրվան ուղեկցեցի քեզ՝ շատերի ու նաեւ իմ կյանքի ճանապարհին լույսեր վառած մեծատառով Մարդուն, հայրենախոս գրողին՝ «Պիոներ կանչում» կատարած լրագրական առաջին քայլերիցս մինչեւ այսօր՝ չսպիացած վերք ու թանկ հիշողություն: Ասում են՝ հիշում են նրանց, ում մոռանում են: Չէ՛, այդպես չէ քո պարագայում: Դու քո ապրած ու չապրած տարիներով, քո հրաշալի գրականությամբ սերունդների հետ ես, նաեւ՝ այսօրվա սերնդի, ում ճանապարհը հարթելու համար ինքդ էլ այդ ճանապարհից քարեր հավաքեցիր, որ մենք բացվող օրը դիմավորենք արժանապատվորեն եւ ամեն քայլ կատարելիս չմոռանանք ճակատագրական հարցը՝ ինչի՞ համար է մարդն ապրում: Մեկը քո երախտագետ սաներից՝ ԼՅՈՒԴՎԻԳ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Բեմում մթություն է: Միայն էկրանն է լուսավորվում, որտեղից նայում է Վարդգես Պետրոսյանը: Հնչում է հաղորդավարական տեքստ.
... Ամենակարևոր բաները մեզ ոչ ոք չսովորեցրեց։ Առաջին դասարանում անցանք այբուբենը, դա հետո էլ կսովորեինք։ Հետո թվաբանության դասատուն մեզ անգիր անել տվեց բազմապատկման աղյուսակը ... երբ կյանքում մենք անընդհատ բաժանվելու էինք՝ մեր մտերիմներից, մեր հույսերից, մեր ապրած տարիներից .... Սովորեցրին հին ու նոր ժամանակների պատմություններ, որ ի՞նչ ...
... Եվ ոչ ոք չսովորեցրեց ինչպես հասկանալ կողքինի տխրությունը, ինչպես լսել լռությունը, ինչպես տառապել ... արժանապատվությամբ։ Թողեցին, որ այդ ամենը սովորենք ինքնակրթությամբ՝ ինչպես ասում են։ ... Իսկ ավելի մարդավարի ասած՝ մեր սրտերի վրա ստացած վերքերով պիտի սովորեինք ամենակարևոր բաները։ Իսկ վերքերից սպիներ են մնում ...
Լուսավորվում է բեմը: Կանգնած են փոքրիկ աշակերտներ` ձեռքերին փուչիկներ:
ԵՐԵԽԱՆԵՐ – Շնորհավոր ծնունդդ, Վարդգես Պետրոսյան, մեր բոլորի ուսուցիչ…
Հնչում է ,,Աշտարակ,, երգը, որի տեքստի հեղինակը Վարդգես Պետրոսյանն է…
ՀԱՂՈՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՏԵՔՍՏ. Սիրո մասին բարձր կարելի է ասել կատակով: Կարդում է ՀՀ վաստակավոր արտիստ ՍԻԼՎԱ ՅՈՒԶԲԱՇՅԱՆԸ;;
Փորձեց հիշել մանկությունը: Իզուր է թվում, թե հեշտ է հիշել մանկությունը: Տարիներ հետո մարդիկ ոչ այնքան հիշում են մանկությունը, որքան հորինում են մոտավորապես նման, մոտավորապես իրենցը: Ամենից շատ նա վախենում էր անհեթեթ մտքերից. դրանք խառնում են կյանքի բոլոր օրենքները, որովհետև հաճախ ավելի տրամաբանական են թվում: Երևի մարդուն, իրոք, հարկավոր է երբեմն մենակ մնալ` ինքն իր հետ, ինքն իր դեմ, և, երևի, հենց այդ ժամանակ են գալիս իսկական մտերիմները, որոնց կորցնում ես, որովհետև մտերիմները նրանք են, որոնց կորցնում ես: Միայն պատահական մարդիկ են, որ միշտ կողքիդ են: Լևոնը հանկարծ զզվանքով մտածեց իր գործի, իր կյանքի, թերթի մասին, որտեղ ռուբլի-ռուբլի ծախսում է կյանքը, որը, վերջին հաշվով, վիճակախաղով շահած մի գումար է: Ի՞նչ տարբերություն ապրած և չապրած տարիների մեջ, ի՞նչ տարբերություն այս օդի, ծաղիկների, ջրերի, փողոցի ու աշխարհի համար դու՞ ես, թե՞ մեկ ուրիշը: Խմել և քնել` երկուսն էլ փախուստ են կյանքից: Երկրորդն ավելի էժան է նստում, դա է տարբերությունը: Չկռվել, հաշտվել` նույնպես նշանակում է հանել ուսերդ այդ երկնքի տակից, որի ավելի պարզ անունը, հավանորեն, կյանք է: Բոլոր ամուսնացածներին թվում է, թե չամուսնացածները երջանիկ են: Բոլորն էլ ուզում են այն, ինչ կորցրել են կամ չեն ունեցել: Ինչ որ ունեն կամ չեն կորցրել` ձանձրալի է: Մարդու հասակը տարիների գումար չէ միայն, այլ հայացք` աշխարհին, մարդկանց, պատրաստակամություն` ամեն ինչ մերժելու կամ ամեն ինչ ընդունելու: Մենք շատ-շատ սպասում ենք, որ մարդ խոսի-վերջացնի, չգիտենք, որ կա նաև լռել-վերջացնել, որ հաճախ ավելի է հարկավոր մարդուն:
Բայց մ՞իթե կարիք կա մի քանի անգամ համբուրելու համար ասել, թե սիրում ես, երդվել:
-Բաբելն ասում էր, թե մարդ ամբողջ կյանքում հիգ-վեց գիրք պիտի կարդա: Լավ գրող է Բաբելը:
-Հինգ-վեցը քիչ է:
-Չվերջացրի,-ասաց Լևոնը,-….բայց այդ հինգ-վեցը ընտրելու համար պիտի առնվազն քսան-քսանհինգ հազար կտոր կարդա…
Ձյուն գար աշխարհում, ծածկեր ամեն ինչ ու չհալվեր, ու դրա վրա կառուցվեր կյանքը, ձյուն գար, ծածկեր բոլոր չապրած տարիները, սխալները, անկումները, ետ վերադառնային չապրած տարիները: Դե օգնիր, քսաներորդ դար, բթացրու տխրության նյարդը, ուրախության հաբեր հնարիր, և թող կուլ տան մարդիկ, երբ ցավը դառնում է հազի պես անդիմադրելի: Անցած կյանքը նման է հին ջրազացի. կա հոսող ջուր, կան ջրաղացներ, իսկ տարիները ցորեն են կուտակել ինչքան ուզես: Բավական է հասարակ մի հանդիպում, որ իրար առնեն ծանոթ հայացքները, և ջրաղացները կսկսեն պտտվել, ցորենն ալյուր կդառնա, կյանքը կլցվի անցած օրերի աղմուկով:
Երաժշտությունը չի կիսում մարդու մենակությունը, ընդհակառակը` լրիվ է դարձնում, օգնում է, որ մարդ անջատվի աշխարհից, առանձնանա: Քանզի թմրել եմ ծանր մտքերի թունավորումից: Եվ սա է կյանքը: Լռությունն եմ ես մտերիմ ընտրել, թեկուզև մարդկանց ներկայության մեջ: Խոսել մարդիկ սովորում են մեկ-երկու տարում, մնացած տարիների փորձում են լռել սովորել. կարգին մարդկանց չի հաջողվում: Մարդկանց պիտի սիրել կենդանի ժամանակ, նրանց կենդանի ժամանակ պիտի զգույշ լինես: Երբեք չես կարող ասել այն մարդուն, որին այսօր տեսար կհանդիպե՞ս նորից: Զգույշ պիտի լինել, թե չէ ու՞մ են պետք ծաղիկներն ու արցունքները: Եվ ժամանակը փոխում է ինձ մսե մոխրամանի: Ժամանակը մարդու սրտի, ուղեղի, հույսերի մեջ թափ է տալիս իր մոխիրը: Կամաց-կամաց: Կամ արագ: Երևի, ամեն մարդ թանկ մեկին պիտի կորցնի, որ որոնի հետո ամբողջ կյանքում, քանի ապրում է: Հենց գտավ, ուրեմն նա չի: Նրան չպիտի գտնես: Սուտ է, աշխարհում ոչ մեկից ու ոչ մի բանից հետք չի մնում. ոչ ավազի վրա, ոչ ուրիշների հիշողության մեջ, ոչ ժամանակի ծալքերում: Մարդուն մնում են միայն ապրած և չապրած տարիները: