▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարդկանց մեծ հոսքը չի դադարում դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր

***

Այսօր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է: Բազմահազար մարդիկ այցելում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցում ցեղասպանության զոհ դարձած ավելի քան մեկուկես միլիոն սուրբ նահատակների հիշատակին:

Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են։

Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։

***

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։

«Այսօր Ֆրանսիան ոգեկոչում է 1915թ․ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը։ Եկե՛ք վառ պահենք զանգվածային սպանությունների, տեղահանությունների և հալածանքների զոհերի հիշատակը: Չմոռանանք։ Ֆրանսիացիներն ու հայերը հավերժ կապված են»,- ասվում է գրառման մեջ։

***

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հայոց ցեղասպանության կապակցությամբ ապրիլքսանչորսյան ուղերձ է հղել, որը նա 2012 թվականից ի վեր հղում է Թուրքիայի Հայոց պատրիարքարանին և հայ համայնքին, հայտնում է Agos-ը։

«Հարգանքով եմ հիշում Առաջին համաշխարհային պատերազմի անբարենպաստ պայմաններում իրենց կյանքը կորցրած Օսմանյան կայսրության հայ քաղաքացիներին և իմ ցավակցությունն եմ հայտնում նրանց ժառանգներին։ Ես աղոթում եմ և Աստծո ողորմությունն եմ հայցում օսմանյան հասարակության բոլոր անդամների համար, որոնք զոհվել կամ նահատակվել են հակամարտությունների, ապստամբությունների, խմբավորումների շարժումների և ահաբեկչական գործողությունների պատճառով։ Օսմանյան տարածքներում Առաջին համաշխարհային պատերազմի պատճառած ավերածությունները խոր հետքեր են թողել։ Մեր նախնիներից ժառանգած խաղաղության և հանգստության մթնոլորտի շարունակությունը հնարավոր է միայն մեր համատեղ ջանքերով։ Անատոլիական հողերն իրենց մշակութային ու մարդկային գործերով հարստացած մեր հայ քաղաքացիների անվտանգությունը, բարեկեցությունն ու երջանկությունն այսօր էլ երաշխավորված են։ Կարևոր է, որ պատմության իրադարձություններին անդրադառնանք մտքի, խղճի և գիտության առաջնորդությամբ՝ առանց տեղիք տալով արմատական դիսկուրսներին, մարգինալացմանը և ատելության լեզվին: Կարեկցանքի հաստատումը, առանց տարանջատելու մեր ազգային հիշողության մեջ դաջված իրադարձությունները, կկանխի նաև ատելության սերմերի արմատավորումը։ Մենք հավատում ենք, որ ապագա սերունդներին աշխարհը շրջապատող բռնության և պատերազմի պարույրից պաշտպանելու ճանապարհը մեր ապագան միասին կառուցելն է՝ այն դասերի լույսի ներքո, որոնք մենք կքաղենք մեր ընդհանուր ցավից»,- ասված է ուղերձում։

 

***

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ․ «20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրության իրագործած Հայոց ցեղասպանությունը տեղի ունեցավ առաջադեմ մարդկության աչքի առջև, քաղաքակիրթ պետությունների անտարբերության, լռության և անգործության պայմաններում: Բռնի տեղահանվեց, հայրենազրկման, զանգվածային կոտորածների ենթարկվեց մեկուկես միլիոն հայ, ոչնչացվեց հազարամյակներով ստեղծված հայկական ժառանգության զգալի մասը: Թուրքիան, չնայած ակնհայտ բազմաթիվ փաստերին, ականատեսների վկայություններին, մինչ այժմ ժխտում է ավելի քան մեկ դար առաջ տեղի ունեցած այդ ծանրագույն հանցագործությունը:
Անցյալ դարասկզբի առաջին և անպատիժ ցեղասպանությունն այդպիսով ծնեց մարդկության դեմ ուղղված հետագա նոր հանցագործություններ. աշխարհի այլ ժողովուրդների նկատմամբ էթնիկ զտումների, այլատյացության ու ցեղասպանության դեպքերը, ցավոք, այլևս իրողություն են:
Ընդամենը ամիսներ առաջ՝ 2023 թվականի սեպտեմբերին, Ադրբեջանի և նրան անթաքույց, ամեն կերպ սատարող Թուրքիայի ջանքերով հազարամյակների իր բնօրրանից բռնի տեղահանվեց 140 հազարից ավելի հայ, նրանցից ոմանք ճանապարհին անմարդկային պայմաններում մահացան քաղցած, հիվանդ, ուժասպառ ու հուսահատ: Բռնագաղթից առաջ արցախահայությունը շուրջ մեկ տարի պատերազմի ամենօրյա սպառնալիքի պայմաններում դիմակայեց համատարած շրջափակման, հումանիտար ճգնաժամի դաժան պայմաններին: Օսմանյան կայսրության օրինակով Ադրբեջանն այսօր Արցախում անպատիժ ոչնչացնում է հայկական հետքը՝ հազարամյակների պատմամշակութային ժառանգությունը:
Այլատյացությունը պետական քաղաքականություն դարձրած Ադրբեջանը և Թուրքիան, որ իրենց կոչում են մեկ ազգ՝ երկու պետություն, այժմ էլ խաղաղասիրական կեղծ թեզերով փորձում են բթացնել միջազգային հանրության զգոնությունը և ավարտին հասցնել անցյալ դարասկզբին սկսած հանցագործությունը՝ հանուն պանթյուրքիզմի իրենց վաղեմի ծրագրի:
Խաղաղություն չի՛ կարող լինել պարտադրված նվաստացուցիչ պայմաններով: Դա ավելի շուտ հպատակեցման, ոչ թե խաղաղության ճանապարհ է:
Պատերազմի սպառնալիքով ու զանազան ճնշումներով Հայաստանի ներկայիս կառավարիչներին դարձնելով իրենց կամակատարը՝ Թուրքիան և Ադրբեջանը փորձում են օր առաջ ստանալ իրենց երազածը՝ ի հաշիվ հայ ժողովրդի և Հայաստանի: Արցախն ապօրինաբար ճանաչելով Ադրբեջանի մաս՝ Հայաստանի կառավարիչներն այժմ էլ փորձում են մոռացության մատնել Հայոց ցեղասպանությունը, հայ ժողովրդի պայքարը պատմական արդարության, սեփական իրավունքների վերականգնման համար որակում որպես սպառնալիք պետությանը: Դա կարող է սպառնալիք լինել միայն իրենց աթոռի կորստյան, բայց ոչ երբեք պետության համար:
Մենք այսօր ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն սրբադասված նահատակների հիշատակը և պահանջում Հայաստանի Հանրապետության կառավարիչներից՝ պետության օրակարգում պահել հայ ժողովրդի միասնական կամքն արտահայտող՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը:
Հայոց ցեղասպանության հարցը սակարկման ենթակա չէ, ո՛չ միջազգային հարթակներում, ո՛չ էլ առավել ևս Հայաստանի ներսում:
Միայն օր առաջ համազգային ընդվզումով կապիտուլյանտ իշխանազավթներին հեռացնելը կարող է կանխել պետականության կործանումը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее