168.am-ը գրում է․ «Ընդամենը վերջերս պաշտոնը լքած, Նիկոլ Փաշինյանի Հատուկ հանձնարարություններով դեսպան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը հունիսի 2-ին տեսաուղերձ է տեղադրել իր յութուբյան էջում, որով նա ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներին առաջարկում է իրենց հետ ասոցացվող անձանց հետ միասին լքել քաղաքական դաշտը, քանի որ փաստացի հենց իրենք են գործող անարդյունավետ իշխանության հակահերոս հենարանը։
«Մենք ասել ենք, որ Բագրատ Սրբազանը պետք է հստակ երաշխիքներ տա, որ իր շարժման միջոցով չի կարող որևէ փորձ լինել նախկին ռեժիմների վերադարձի: Նա պետք է ոչ միայն դա արձանագրի, այլև ցույց տա: Այդ դեպքում շարժումն ավելի մեծ ժողովրդական աջակցություն կունենա: Մինչ այս պահը իշխանությունը Սրբազանի առաջնորդած շարժման դեմ ունի մեկ գործիք, և դա այն է, որ դուք նախկիններին եք ներկայացնում: Նրանց մեղադրում են նախկիններ լինելու մեջ և ասում են՝ այ ձեր ժամանակ այսպես էր, այնպես էր: Այս հայտարարությունները օգտագործվում են շարժման դեմ:
Իշխանությունն ուզում է մեծ թվով մարդկանց մասնակցությունը հետ պահի այդ հայտարարություններով: Մենք ասում ենք Սրբազանին՝ իշխանություններին զրկիր միակ գործիքից քո դեմ: Ինձ ասում են՝ ինչպե՞ս կարող է Սրբազանն այդ երաշխիքը տալ: Իմ տարբերակը հետևյալն է. Սրբազանը կարող էր հայտարարել, որ դիմում է նախկին 20 տարվա իշխանությունների ղեկավարներին՝ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, և ասում է՝ ես ձեզ խնդրում եմ, պահանջում եմ, որ դուք հայտարարեք, որ դուրս եք գալիս ընդհանրապես քաղաքական գործունեությամբ զբաղվելուց, դուք դուրս եք դնում ձեզ քաղաքական գործընթացներից: Նաև ձեր ընտանիքի անդամները: Սա է ճանապարհը, որ կարող է բերել փոփոխությունների»,- հայտարարել է նա:
Իսկ հիմա ուշադրություն.
Էդմոն Մարուքյանը հունիսի 1-ին՝ շաբաթ օրը, մեկնել է Հայաստանից: 168.am-ի լոնդոնյան աղբյուրները երեկ մեզ ուղարկեցին տեսանյութեր և լուսանկարներ Էդմոն Մարուքյանի լոնդոնյան առօրյայից:
Նա Լոնդոնում, սրճարանում նստած՝ վայելում է սրճարանը, հեռախոսով զբաղվում, Բագրատ սրբազանին և նրա հետ պայքարող քաղաքացիներին հորդորներ հնչեցնում:
Մի կողմ թողնենք, որ Մարուքյանի գլխավորած «Լուսավոր Հայաստանի» պես կուսակցություններ՝ 2-3 հոգանոց, Հայաստանում տասնյակներով կան, բայց մի բան է հետաքրքիր՝ Փաշինյանին ընդամենը վերջերս խորհուրդներ տվող և նրա որոշումները կրծքով պաշտպանող Մարուքյանը Լոնդոնից առա՞ջ է տեսաուղերձը նկարահանել, թե՞ վոյաժի ընթացքում, ասենք՝ հյուրանոցի սենյակից:
«Հանգիստ նստեք տեղներդ»,- ժամանակին Սասուն Միքայելյանին քննադատողներին ասում էր Նիկոլ Փաշինյանը՝ Մարուքյանի նախկին շեֆը: Հիմա շատ ակտուալ հրահանգ է»: