ՀՀ կառավարության տեղեկատվության վարչության տեղեկացմամբ Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ Լեւոն Երանոսյանին վարչապետի որոշումով տրամադրվել է 28-օրյա արձակուրդ։
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 139-րդ կետը՝
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ Լեւոն Երանոսյանին տրամադրել 2015-2016 թվականների աշխատանքային տարվա իր ամենամյա արձակուրդը` 2016 թվականի օգոստոսի 8-ից մինչեւ սեպտեմբերի 6-ը ներառյալ»,-ասված է որոշման մեջ։
Հիշեցնենք, որ Լևոն Երանոսյանը Սարի թաղում, ցուցարարների նկատմմաբ ոստիկանների գործողություններից առաջ, սեռական բնույթի հայհոյանքներ էր տվել ԱԺ Ժառանգություն խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին, իսկ նրա եղբայրը, ով աչքի էր ընկել ոստիկանական գործողություններում հուլիսի 29-30-ը ընկած ժամանակահատվածում, ազատվել էր աշխատանքից. ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Ոստիկանության զորքերի 1001 զորամասի շտաբի օպերատիվ բաժնի պետի տեղակալ Լեռնիկ Երանոսյանի՝լիազորությունները կասեցվել էին։
Հիշեցնենք նաև, որ այսօր աշխատանքից ազատվել է Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը. նրան փոխարեն նշանակվել է Սարգիս Մարտիրոսյանը: