▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կճոյանի «Բենթլի»-ի պոչը բռնած` հայ եկեղեցու շքեղությունի՞ց եք խոսում. Կոմիտաս վարդապետ

 

 

 

 

 

 

 

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը երեկ մեկնել է Հայաաստանից, սակայն մինչ օրս համացանցում չեն դադարում նրա այցի վերաբերյալ քննարկումները և համեմատականները: Համացանցային օգտատերերն անակնկալի էին եկել՝ տեսնելով Հռոմի  պապի համեստ «Ռենո»-ն, որով նա երթևեկում` նշելով, որ մեր եկեղեցին և նրա այրերը նման համեստություն չեն դրսևորում և աչք են ծակում իրենց շքեղ կենսակերպով և այդ կենսակերպի մի մաս կազմող  ոչ պակաս շքեղ մեքենաներով: 

Հայր Կոմիտաս վարդապետ Հովնանյանի խոսքով` այս համեմատականները միայն հերթական օտարամոլության դրսևորումն են.

«Ուզում ենք ամեն  ինչ անել ցույց տալու համար, որ օտարը շատ լավն է, իսկ մենք՝ շատ վատը, ո՞րն է դրա իմաստը: Փորձում են ամեն ինչ անել, որ ցույց տան, թե մերն ամենավատն է, իսկ ուրիշինը` ամենալավը: Պարզապես հիվանդագին մոտեցում է»,-Asekose.am-ի հետ զրույցում նշեց հայր Կոմիտասը:

Շարունակելով թեման` հայրը Կոմիտասը նշեց, որ նման համեստ կենսակերպը պայմանավորված է միայն Ֆրանցիսկոս պապի անձնական որոշմամբ.

«Դա պապական կառույցի մոտեցումը չէ, դա Հռոմի պապի անհատական ընտրությունն է: Առհասարակ, ինչո՞ւ ենք  Ֆրանցիսկոս պապի մեջ փորձում տեսնել հայ եկեղեցին, չէ՞ որ Ֆրանցիսկոսից առաջ մյուս պապերը  նման բան չէին արել, ապրել էին նորմալ`համաձայն պապական օրենքի: Ինչո՞ւ ենք այսօր ուզում հեղաշրջում անել` ասելով. «օ~ Ֆրանցիսկոսը, պարզ «Ռենո»-ով է ման եկել»: Ման է եկել, լավ է արել` Աստված իր հետ, ի՞նչ կապ ունի դա համեմատականների հետ»:

Կոմիտաս վարդապետը նման համեմատականներ անողներին հորդորեց հիշել Վազգեն Ա-ին.

«Վազգեն կաթողիկոսն ամենաաշխարհիկ, համեստ ապրող հոգևորականն էր: Ի՞նչն է պատճառը, որ Վազգեն վեհափառին թողած Ֆրանցիսկոս պապի հետ եք համեմատվում: Ֆրանցիսկոս պապը մեզ  համար միա՞կ օրինակն է»:

Իսկ այն  դիտարկմանը, որ քննադատողներն, ամենևին,  նկատի չունեին Վազգեն Ա-ին, և համեմատականներ էին անում հայ եկեղեցու ներկայիս ներկայացուցիչների հետ` մատնանշելով նրանց շքեղ ապրելակերպը, Կոմիտաս վարդապետը պատասխանեց.

«Շքեղ կենսակերպ ասելով ի՞նչ եք հասկանում: Նավասարդ սրբազանին նվիրված «Բենթլի»-ի պոչը բռնած՝ հայ եկեղեցու շքեղությունից եք խոսո՞ւմ: Ամբողջ հայ եկեղեցին Նավասարդ սրբազանով է սկսվում և ավարտվո՞ւմ: Գնացեք և տեսեք, որ Մայր աթոռում  խեղճ ու կրակ հոգևորականներ ունենք, որ մեքենա անգամ չունեն: Մենք այսօր Մայր աթոռում դիվանապետ ունենք` Արշակ եպիսկոպոսը, ով անգամ հեծանիվ չունի. ինչո՞ւ նրան օրինակ չեք բերում, չի կարելի այդպես»:

Կոմիտաս վարդապետի կարծիքով՝ մենք ընկել ենք ծայրահեղությունների հետևից.

«Հռոմի պապը հրաշալի անձնավորություն է, բայց նա անձ է, այսինքն` այստեղ կառույցի մասին չէ խոսքը: Դուք կառույցն եք ցանկանում փոխել անձի միջոցով: Իսկ համացանցում մենք քննարկում ենք բաներ, որոնցից ո՛չ հասկանում ենք, ո՛չ էլ ուզում ենք իրականությունը ըմբռնել: Եթե հետևում են Հռոմի պապի կենցաղավարությանը,  արդյո՞ք նայել են Ֆրանցիսկոս պապն Արգենտինայում կարդինալ եղած ժամանակ ինչպիսին է եղել, արդյոք «Ռենո»-ով էր ման գալիս, ճոխություն իրեն թույլ տվե՞լ է կամ չի տվել… Պետք չէ նաև մոռանալ մի բան` կաթոլիկ եկեղեցին այսօր ամենահեղինակազրկված կառույցներից մեկն է աշխարհում: Մանկապղծությունը, միասեռականությունը և նմանատիպ խնդիրները կաթոլիկ եկեղեցու հերն անիծել են: Հռոմի պապը փորձում է կաթոլիկ եկեղեցու դերը բարձրացնել աշխարհում: Մենք սպասում ենք, որ դրսից ինչ-որ մեկը գա, որ նրան աստվածացնենք և մեր ունեցած կառույցն իջեցնենք զրոյական աստիճանի»,-իր խոսքը եզրափակեց Հայր Կոմիտաս վարդապետ Հովնանյանը:

Հավելենք, որ Մայր Աթոռը, մեկնաբանելով Հռոմի պապի «Ռենո»-ի պատճառով առաջացած աղմուկը, նշել էր, որ Հռոմի պապը չի սիրում շքեղություններ, նա սիրում է ամեն ինչի պարզն ու հասարակը, այդ թվում և՝ մեքենաների:

Հիշեցնենք նաև, որ Երևանի Հանրապետության հրապարակում կայացած Խաղաղության աղոթքից հետո, Հռոմի Պապի հետ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ողջագուրման ժամանակ Asekose.am-ի թղթակցի աչքից չի վրիպել  Գարեգին Բ-ի ձեռքի թանկարժեք  ժամացույցն ու ադամանդակուռ ճարմանդները: 

Հեղինակ` Լիլիթ Հակոբյան

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее