Սահմանային գոտի դարձած Կիրանց համայնք տանող նորակառույց ճանապարհը անվտանգ չէ գիշերային ժամերին։ Այս պատճառաբանությամբ ոստիկանությունը թույլ չի տալիս Կիրանցի բնակիչներին մթնշաղից հետո գյուղ մտնել ասֆալտապատված և կիսով չափ արգելափակման հատված ունեցող ճանապարհով։ Այդ մասին «Փաստինֆո»-ին ասաց Տավուշի մարզի Աճարկուտ համայնքի ավագանու անդամ Կարեն Ղազարյանը։
Նրա փոխանցմամբ՝ Կիրանցի բնակիչները, առողջական կամ որեւէ այլ հրատապ խնդիր ունենալու դեպքում, գիշերային ժամերին չեն կարող անցնել այդ ճանապարհով, քանի որ նրանց ասվել է, որ կարող են գերի ընկնել, հետեւապես պետք է շրջանցել ու երթևեկել Աճարկուտի ճանապարհով։
Նշենք, որ ՀՀ իշխանությունների իրականացրած ապօրինի սահմանազատումից հետո Աճարկուտով է անցնում նաև Հայաստան -Վրաստան մեջպետական ճանապարհը։
«Որպեսզի պատկերացնեք, թե ինչ խնդրի մասին է խոսքը, ասեմ, որ 200 մ. ճանապարհի փոխարեն, որով կիրանցեցիները երթևեկում էին, հիմա պետք է անցնեն 6 կմ։ Սա այն դեպքում, երբ նրանց սահմանազատելիս ու սահմանագծելիս ասվել էր, որ ավելի անվտանգ են ապրելու»,- ասաց Ղազարյանը։
Կիրանցն այժմ գտնվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված սահմանային շերտ հասկացության գոտում,որտեղ ոչ կիրանցեցիների մուտքը սահմանափակ է և կարիք ունի առանձին կարգավորման։
Սահմանային շերտում հայտնված Կիրանց համայնքի բնակիչների կենցաղի վերաբերյալ հարցերը ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը բարձրացրել էր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նիստում, երբ նիստին ներկա էր ՀՀ ԱԱԾ փոխտնօրենը, որը դժվարացել էր հարցերին պատասխանել՝ առաջարկել գրավոր դիմել։
Այս պահի դրությամբ՝ գյուղի բնակիչները, ներկայիս կարգավորումների համաձայն, չեն կարող բնականոն հունով ապրել, այն է՝ խնջույք կամ սգո արարողություն կազմակերպել եւ ալկոհոլ օգտագործել, անգամ խանութների գոյությունն է սահմանափակված՝ առանձին հատվածներում։