Ժամանակին լրագրողներից մեկին «գլուխդ պատին ես տվել» ասած ու որդու մասնակցությամբ ռազբորկաները հարթած ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանը կրկին «հերոս» դառնալու ճանապարհն է ընտրել:
Կենտրոն և Նորք Մարաշի առաջին ատյանի դատարանում քննվում է մի գործ, որը վերաբերում է սեպտեմբերի 19-ին՝ առավոտյան 7-ի սահմաններում, Երեւանի Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած ծեծկռտուքին:
Այս ծեծկռտուքին միջամտել է հենց ինքը՝ ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանը, ով, պարզվում է՝ լուսադեմին տուն էր վերադառնում ակումբից, որտեղ նա պարբերաբար «մաֆիա» է խաղում:
Նույն ժամանակ փողոցում էին ինչ-որ ջահելներ իրենց «մաֆիոզի» տեղ դրել ու ծեծում էին մի երիտասարդի:
Բնականաբար, շատ վատ էին անում...Ու նրանց մեղքն ու պատիժը դատարանը պետք է սահմանի, գուցե մի բան էլ ավելացնի, կամ պակասեցնի...Դա արդարադատության գործն է:
Անկասկած է, որ լավ են արել պատգամավորն ու իր օգնականը, որ միջամտել են ու փորձել են հարթել փողոցային վեճը:
Բայց արձանագրենք, որ ըստ համացանցում տարածված տեսանյութի՝ առաջինը ԱԺ պատգամավորն է միջամտել, իսկ հետո նրան միացել է նրա օգնականը...
Ի դեպ, նկատենք, որ մեր պատգամավորներն իրենց թիկնապահներին օգնական են ասում...
Ոնց հասկացա՝ երիտասարդները հայհոյել են ԱԺ պատգամավորին ու , կարծում եմ, Արսենյանը տակ չի մնացել ու պատասխանել է այդ հայհոյանքներին:
Արսենյանը պատմում է, որ պատրաստ է եղել նույնիսկ կրակել զենքից, որ վերցրել էր ավտոմեքենայից: Ըստ Արսենյանի, նա «պատրաստ էր կրակել, մանավանդ, երբ օգնականն ասել է, որ իրեն դանակահարել են», բայց զսպել է իրեն, երբ կանգառում կայանած ավտոբուսից կանայք են իջել ու ծեծկռտուքի մասնակիցներն արդեն վնասազերծվել էին:
Հետո Գուրգեն Արսենյանը իր մեքենայով՝ 130-140 արագությամբ, օգնականին հասցրել է հիվանդանոց ու փառք Աստծո, ամեն ինչ բարեհաջող է ավարտվել:
Այո, փաստորեն, լկտի դրսևորումներով էին սկսել իրենց օրը ծեկռտուքին մասնակցած երիտասարդները:
Բայց գուցե նրա՞նք էլ եթե մինչև լուսադեմին «մաֆիա» խաղային, սիգար ծխելու և կոնյակ խմելու, փողոցից ու փողոցային բարքերից կտրվելու հնարավորություն ունենային, ավելի բարի լինեին ու ծեծկռուքների փոխարեն՝ փորձեին հերոսաբար հարթել փողոցային վեճերը:
Չէ՞ որ «Կինոյի տղա » չեն ծնվում, այլ դառնում են ...
Ու վերջում... ինչ լավ կլիներ, եթե վկա Գուրգեն Արսենյանն այս պատմությունը դատարանում ներկայացներ՝ թեկուզ ըստ սցենարի...
Ատոմ Գրիգորյան
Ժողովուրդ թերթի աշխատակիցների պատրաստած տեսանյութը ՝ պատգամորի մասնակցությամբ պատմության մասին՝ դիտեք ստորև.