hraparak.am-ը գրում է. Շատ եք աղմկում՝ «Կարիճ» Լիլոն սերիալում նկարահանվել է:
Հատկապես երիտասարդներին ուզում եմ մի դեպք պատմել:
Էն գլխից եզրահանգումս անեմ՝ սովետի ժամանակ մարդասիրությունն ավելի շատ էր, քան հիմա:
Վաճառող մի կին, որ հինգ տարի դատապարտվել էր, բանտից ազատվում է: Էն ժամանակ մի լուցկի գողանալու համար էլ էին բանտ նստեցնում: Թերակշռում էր արել, չգիտեմ՝ քանի գրամ խաբել: Ազատվելուց հետո շրջկոմի քարտուղարը լրագրողներիս ասում է.
- Սրան որ մի գործ չտանք, կգնա- կկորի: Նյութական ոլորտում չէ, բայց մի տեղ պիտի տեղավորենք:
Գործարաններ կային, մի տեղ նշանակում, այդ կինն աշխատում է: Հետո ընտանիք է կազմում, երկու երեխա ունենում: Հոյակապ մայր էր:
Հիմա ազգովի թափվել ենք կալանքից նոր ազատված Լիլյա Խաչատուրովայի վրա, ով առավել հայտնի է «Կարիճ» Լիլո մականվամբ, որ իր ուժերն ուզում է փորձի սերիալի ասպարեզում: Թե ինչ սերիալում է նկարահանվում, էականը դա չի, այլ այն որ դատապարտյալն ուզում է մի ոտնատեղ գտնի իր համար, փորձում է կայանալ: Ինչպես ինքն էր մի հարցազրույցում ասում.
«Միայն խոսելով չի. ես սխալ թույլ եմ տվել, այդ սխալիս համար հատուցել եմ: Եւ հիմա էլ, որպես քաղաքացի, իրավունք ունեմ իմ կյանքը նորմալ կերպով կազմակերպելու: Բոլորն էլ մարդ են, կարող են սխալվել: Որեւէ մեկը չգիտի, թե վաղը իր հետ ինչ կարող է պատահել» /fnews.am/ :
Ի՞նչ եք զարմացել. մարդն իրավունք չունի՞ մի սերիալում նկարահանվել: Բանտում նստածները հիմա բոլորն էլ մեծ- մեծ պաշտոնների են, Լիլոն իրավունք չունի՞ իրեն մարդ զգալու...
Մտածում- մտածում եմ ու ինքս ինձ ասում՝ չէ, այդպես էլ մարդասեր երկիր չդառանք: Մեծ- մեծ բաները թողել, կյանքից հալածված Լիլոյի ետևից ենք ընկել:
Հասմիկ Բաբաջանյան
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում
Հիշեցնենք, որ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Լիլիա Խաչատուրովան, ով առավել հայտնի է «Կարիճ Լիլո» մականվամբ, նկարահանվում է հայկական սերիալներից մեկում: