Արդեն ավելի քան երկու շաբաթ է, ինչ Բաղրամյան 58 հասցեում գործում է «Grig Chocolat» խանութ-սրճարանը, որտեղ հաճախորդները կարող են ձեռք բերել և համտեսել ձեռքով պատրաստած շոկոլադներ: Այս խանութ-սրճարանը հիմնադրել է երգահան Կարեն Գրիգորյանը, ով Asekose.am-ի հետ զրույցում պատմեց, թե ինչով էր պայմանավորված այս գաղափարը:
«Շոկոլադի վերաբերյալ գաղափարներ ունեի դեռ նախորդ տարվանից: Մտածում էի այնպիսի շոկոլադ համտեսել Հայաստանում, որը փորձել եմ օրինակ` Բելգիայում կամ եվրոպական այլ երկրներում: Սակայն դա չէի կարող անել, որովհետև Հայաստանում հիմնականում շոկոլադի մշակույթը «բոնբոներկայով» է սկսվում և ավարտվում կամ շոկոլադե սալիկներով: Այդպես էլ առաջացավ գաղափարը: Որոշեցի Նոր տարվա օրերին իմ ձեռքով շոկոլադներ պատրաստել և սկսեցի ուսումնասիրել շոկոլադի պատրաստման ամենահին բաղադրատոմսերը»:
Կարեն Գրիգորյանի խոսքով` այդ ուսումնասիրությունների արդյունքում էլ ավելի հասունացավ գաղափարը, որի շնորհիվ էլ Երևանում մարդիկ շոկոլադի մշակույթին ծանոթանալու հնարավորություն կունենան.
«Մենք ունենք շոկոլադների և կոնֆետների հատուկ բաղադրատոմսեր, որոնք միայն մեզ են պատկանում: Առհասարակ, յուրաքանչյուր օր փորձում ենք նորամուծություններ անել, որպեսզի ավելի համեղ և հետաքրքիր շոկոլադներ ստանանք: Ներկայումս ունենք շոկոլադների 25-ից ավելի տեսականի»:
Իսկ այն դիտարկմանը, թե որքանո՞վ է շահավետ նման խանութ-սրճարանի ստեղծումը, եթե այն կարծիքին է, որ Հայաստանում շոկոլադի մշակույթը բոմբոներկային փուլում է, երգահանը պատասխանեց.
«Մի քանի տարի առաջ, երբ Հայաստանում նոր էին բացվում առաջին գինետները, կարծիք կար, որ դրանք հաջողություն չեն ունենա, որովհետև մեզ մոտ ավելի շատ զարգացած է գարեջրի մշակույթը: Սակայն փորձը ցույց տվեց, որ տարիների ընթացքում գինետների մշակույթը մեզանում զարգացավ, և այսօր ավելանում են հենց այն վայրերը, որտեղ մարդիկ գինի են վայելում և պանիր համտեսում: Նույն էլ, մտածում եմ, որ կլինի շոկոլադի դեպքում: Մենք նոր ենք բացվել, սակայն մեր խանութ-սրճարանն արդեն բավական լուրջ հետաքրքրություն է առաջացրել, ինչի մասին վկայում են թե հաճախորդների քանակը, թե հեռախոսազանգերը: Այս ամենից հասկացա, որ մարդիկ ունեին նման ցանկություն, որ Երևանում լիներ մի վայր, որտեղ թարմ պատրաստած շոկոլադ համտեսելու հնարավորություն կլիներ»:
Զրույցի վերջում Կարեն Գրիգորյանն անդրադարձավ նաև խանութ-սրճարանի մթնոլորտին.
«Ուզում էի այնպես անել, որ խանութ-սրճարանը նման լիներ հին բրիտանական շոկոլադե խանութների: Վստահ եմ, որ ինչ-որ առումով բոլոր այցելուների մոտ այդ զգացողությունը կլինի: Տպավորություն է, որ հին շոկոլադե խանութում ես գտնվում և այդ ամենը տրամադրում է, որպեսզի ավելի անկաշկանդ միջավայրում մարդ իրեն թույլ տա վայելել շոկոլադը: Թեպետ նորաբաց ենք, սակայն արդեն հաճախորդների մեծ բանակ ունենք, որն օրեցօր ավելանում է»,- իր խոսքը եզրափակեց Կարեն Գրիգորյանը:
Հեղինակ` Լիլիթ Հակոբյան
Կարդացեք նաև՝ Ինձ ոչ ոք չի օգնում ու ես հրեա չեմ. Կարեն Գրիգորյան