Արդեն տեղեկացրել ենք, որ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել է երկամսյա կալանքը և նրան տեղափոխել են «Արմավիր» ՔԿՀ:
Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանն ուշագրավ մանրամասներ է պատմել իր պաշտպանյալի հանդեպ դատավոր Մեսրոպ Մակյանի վարքագծից.
«Դատավարությունն առանձնահատուկ էր նաև դատավոր Մ.Մակյանի վարքագծով, տպավորությունս այն էր, որ Ալեք Ենիգոմշյանը հանցագործություն է կատարել իր դեմ և դատավորը պատեհ պահ է գտել իրեն պատժելու: Մակյանի պատկերացումը. «Կանգնեք, ես Ձեզ ասում եմ», «Կնստեք, երբ ես եմ Ձեզ ասում» (ցավոք, դատավորի տոնը չեմ կարում արտահայտել) հաշմանդամություն ունեցող մարդու նկատմամբ բացարձակապես չէր տեղավորվում անաչառ դատավորի կերպարի մեջ: Դատավորության արդյունքում, նա որոշեց կալանավորել Ենիգոմշյանին` երկու ամիս ժամկետով»,- a1plus.am-ին ասել է փաստաբանը։