shamshyan.com-ը գրում է, որ այսօր, սեպտեմբերի 26-ին, Երևանի ճանապարհային ոստիկանության աշխատակցները ծառայության ժամանակ նկատել են, որ Лада 2172 մակնիշի 44 RR 404 համարանիշի ավտոմեքենայի վարորդը չարամտորեն խախտում է երթևեկության կանոնները: ՃՈ աշխատակիցները փորձում են կանգնեցնել նրան, սակայն վարորդը դիմում է փախուստի:
Կիլիկիա թաղամասում ՃՈ աշխատակիցներին հաջողվել է «փախստականի» առաջխաղացումը կասեցնել, ինչից հետո ավտոմեքենայի վարորդ, Երևան քաղաքի Սայաթ-Նովա 12 շենքի բնակիչ, 20-ամյա Սերժ Վարդանյանը և ուղևոր, Երևան քաղաքի Մոսկովյան 31 շենքի բնակիչ, 22-ամյա Ռաֆայել Այվազյանը սկսել են դիմադրություն ցույց տալ ճանապարհային ոստիկաններին, իսկ վարորդն էլ հրաժարվել է ներկայացնել փաստաթղթերն ու ավտոմեքենայի բանալիները:
Կարճ ժամանակ անց նշված վայր են ժամանել Երևանի ՃՈ պետ Արսեն Արշակյանն ու նրա տեղակալ Արման Հակոբյանը, ովքեր երիտասարդներին, ինչպես նաև՝ նրանց ավտոմեքենան, տեղափոխել են ոստիկանության Մալաթիայի բաժին:
Ս. Վարդանյանը «Ճվճվ» Արոյի անուղղելի զավակն է: