Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր Ստրասբուրգում ԵԽԽՎ լիագումար նիստի ընթացքում ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը նախագահ Սերժ Սարգյսանի ելույթից հետո նրան հարց է ուղղել, թե «ճի՞շտ է որ խաղատանը 70 միլիոն եվրո եք տանուլ տվել», ինչին Սերժ Սարգսյանը պատասպանել է. «Ես եվրոպական որևէ խաղատանը երբևէ չեմ եղել, չեմ խաղում և ցավոք սրտի այդքան գումար չունեմ: Եթե ունենայի` կեսը Ձեզ կտայի, որ կյանքից գոնե գոհ լինեք»:
Ներկայացնում ենք Զարուհի Փոստանջյանի հարցի հայաստանյան արձագանքները.
ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել.
«Որպես ՀՀ ԱԺ պատգամավոր դատապարտում եմ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հենց այս պահին ԵԽ ԽՎ լիագումար նիստում պատասխանում է պատգամավորների հարցերին: Հարցերը բավականին հարգալից են եւ տարբեր երկրների պատգամավորների հետաքրքրում են առաջին հերթին Հայաստանի հետագա քայլերը դեպի ԵՄ եւ դեպի եվրոպական ասոցացում:Այս պահի դրությամբ միակ անհարգալից հարցը, ինչպես եւ սպասվում էր հայ պատգամավորուհու կողմից հնչեց՝ մեր այսպես կոչված ընդդիմադիր գործընկերուհին թերեւս ավելի խելամիտ կվարվեր, եթե լռեր եւ հարց չուղղեր իր երկրի , մեր բոլորի երկրի նախագահին, գոնե մեկ անգամ լավ կանի լռի եւ լսի, մանավանդ, շատախոսությունը ոչ միշտ է խելքի եւ սրտացավության ապացույց, հիմնականում բոլորովին այլ բանի վկայություն է, հատկապես այսօր, երբ ՀՀ գլխավոր դատախազի ընտրության պահից ընդդիմություն կոչվածը հերթական անգամ ցավալիորեն արժեզրկվեց եւ ինքնաոչնչացվեց: Եթե այլ ընդդիմադիր գործիչներից շատերը իրենց արժանապատիվ են պահում եւ իրենց գործունեությամբ փաստում են, որ իրենց նպատակը ավելի լավ Հայաստանի տեսլականն է, այս գործընկերուհու դեպքում, լուրջ կասկածներ կան եւ ցավալիորեն տեսանելի են նրա հարցերի եւ արարքների իրական ակունքները եւ հարցերի առողջական վիճակը:Հասնել Ստրասբուրգ, հանրային գումարներով, եւ սեփական երկրի նախագահին նման անկապ հարց ուղղել պարզապես սեփական դեմքը իբր փրկելու համար, մերժելի եւ դատապարտելի եմ համարում»:
Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը գրել է.
Զարուհի Փոստանջյանը Սյունյաց աշխարհի իր ինտրիգից ոգևորված հերթական լկտի պահվածքը ցուցաբերեց ԵԽԽՎ լիագումար նիստում…
Ինչքան մաղձ, թույն պետք է ունենալ կուտակված և ինչքան թեթևամիտ պետք է լինել նման պահվածք դրսևորելու, նման հարցադրումներ ներկայացնելու համար…
Ինձ թվում է այս աղջիկը անբավարարվածության խորը զգացում ունի և հոգեբանի կարիք է զգում…
Նա իրեն դրսևորեց ինչպես շենքերի բակերում կռվող լաչառ կին…Դա քաղաքական գործչի պահվածք չէր…Չնայած ես երբեք էլ նրան որպես քաղաքական գործիչ չեմ էլ ընկալել…
Իսկ Աժ պատգամավոր Կարեն Ավագյանը հետևյալ գրառումն է արել.
Զարուհի Փոստանջյանն այսօր ավելի թուրք էր, քան ցանկացած թուրք, ավելի ադրբեջանցի, քան ցանկացած ադրբեջանցի։ Զարուհի Փոստանջյանն անցել է բարոյականության բոլոր սահմանները։ Քաղաքականությունը անձնական կյանք չէ, որ բարոյականության սահմանները անցնես այնքան, որքան սիրտդ է ուզում։
Զարուհի Փոստանջյանի հերթական զառանցանքը Եվրախորհրդում իր մեջ, բացի դավաճանությունից, սեփական երկիրը փնովելուց, պիտակավորելուց, ոչինչ չէր պարունակում։ Սրա նմաններն են մեր երկրի պրոբլեմները, ովքեր սեփական ճղճիմ PR-ի համար խաղում են երկրի հեղինակության և շահերի հետ։ Ամոթ է։
Հիմա պարզ է, թե ժամանակին ինչպես է Զարուհուն հաջողվել ստորագրություններ կորզել ադրբեջանական և թուրքական պատվիրակություններից։
Մյուս արձագաքներին կարող եք ծանոթանալ այստեղ:
Տեսանյութը` Civilnet-ի: