Nyut.am-ը գրում է. Մեկ տարի առաջ բարձր պաշտոն ստացած, բայց ոչ մեծահարուստ պաշտոնյան մեզ հետ զրույցի ժամանակ անկեղծացավ և դժգոհեց վերևներում տիրող մի երևույթից: Սկսած մարզպետներից, նախարարներով, կարևոր, առանցքային գերատեսչությունների ղեկավարներով մի «չգրված օրենք» ունեն: Եթե դու իրենց «շրջանակներից» ես, քեզ միշտ հրավիրում են իրենց ծննդյան արարողություններին և երեխաների հարսանիքներին: Եթե բացակայությունդ հարգելի չէ, ուրեմն քեզնից խիստ կնեղանան, կրկնվելու դեպքում հնարավոր է քեզ հանեն «սվոյների» ցուցակից, ինչն անկանխատեսելի հետևանքներով է հղի:
Ինչո՞ւմ է խնդիրը, ինչո՞ւ են որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ փորձում խուսափել էլիտար ծնունդներ, առավել ևս` հարսանիքներ հաճախելուց:
Ընդունված է, որ ծննդյան առիթով հոբելյանին պետք է նվիրվի առնվազն 1000 եվրո: Հարսանիքներն առավել թանկ են նստում` 2000 եվրո: Իսկ եթե ամսվա մեջ երեքից չորս հարսանիք է լինում, հրավիրվածի ընտանեկան բյուջեն ճեղքվածք է տալիս:
Ով մեծահարուստ չէ, նրա վրա շատ թանկ է նստում էլիտայի շարքերում մնալը: Բայց ավելի լավ է թանկ նստի, քան հայտնվես հարսանիքներից խուսափող պաշտոնյաների «ցուցակում», այսինքն «սկուպոյի» պիտակ վաստակես:
Նյութը` սկզբնաղբյուր կայքում