Պաշտպանության նախարարության վարչական շենքի հարևանությամբ գտնվող Վերահսկիչ Պալատի նախագահ Իշխան Զաքարյանի ղղյակը, որի մասին շատ է խոսվել ու գրվել, «ճուտ է հանել»:
Հիշեցնենք, որ շքեղ առանձնատան հարևանությամբ նախատեսվող նոր՝ ոչ պակաս շքեղ շինության կառուցման մասին հայտարարել էր հենց ինքը՝ Իշխան Զաքարյանն, ի պատասխան ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցի: Ըստ Իշխան Զաքարյանի, նոր դղյակն արդեն իր համար կառուցում է այն սփյուռքահայ «բարերարը», որը հոգացել էր Իշխան Զաքարյանի առանձնատան կառուցման ծախսերը:
Ի դեպ, Իշխան Զաքարյանը մի ժամանակ հերքում էր լուրերը,որ ՊՆ-ի հարևանությամբ գտնվող շքեզ առանձնատան հետ ինքը որևէ կապ ունի, իսկ նրա կինը՝ լրատվամիջոցների հետ զրույցում հաստատում, որ այդ տունն իրենցն է:
Հետաքրքրական է, որ սփյուռքահայ բարերարն ու հայասստանցի պաշտոնյան այնքան մտերիմ են, որ,թերևս կարելի է կարծել, իրենց կյանքում իրար մեջ կիսում են ամեն ինչ:
Օրինակ՝ հին ու նորակառույց դղյակներն իրարից կիսում է մի պատ, որը դուռ ունի՝ միմյանց բակերով իրար տուն մտնելու համար:
Այսինքն՝ ստացվում է մեկ մեծ դղյակ՝ երկու մասնաշենքերով:
Հիշեցնենք, որ, հասկանալով, թե մարդկանց մոտ հարց է առաջանալու, թե որտեղի՞ց ողջ կյանքում միայն պետական պաշտոններ զբաղեցրած Իշխան Զաքարյանին այդքան փող՝ նման դղյակ կառուցելու համար, Վերահսկիչ պալատի նախագահը հետաքրքիր միտք էր արտահայտել... Տունը կառուցում է ինքը, բայց կառուցում է ոչ թե իր, այլ սփյուռքահայ գործարար Ալբերտ Բոյաջյանի համար և վերջինիս փողերով: Իշխան Զաքարյանը նաև փաստաթղթեր էր հրապարակել, որ սփյուռքահայ գործարարն իրեն լիազորել է իր հայաստանյան բանկային հաշիվներից անարգել փող հանել և ոնց ուզում է ծախսել:
Իսկ ավելի ուշ՝ խորհրդարանի հարցուպատասխանի և մամուլի հետաքննության արդյունքում ի վերջո Իշխան Զաքարյանը խոստովանել էր, որ տունը պատկանում է իր ընտանիքին: ...Ստացվում է Ալբերտ Բոյաջյանը մի քանի միլիոն դոլար է նվիրել Իշխան Զաքարյանին: Վերջինս, ի դեպ, ասել է , որ Ալբերտ Բոյաջյանը Հայաստանում սպորտային ոլորտի խոշոր օբյեկտների սեփականատեր է. ոլորտ, որի ղեկավարը տարիներ շարունակ Հայաստանում եղել է հենց Իշխան Զաքարյանը:
Ինչպես ասում են՝ առանց մեկնաբանության...
Հեղինակ՝ Ա.Գրիգորյան
...