▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իրականում ինչո՞ւ է ձերբակալվել «Ջամբո»-ի սեփականատերը և ե՞րբ կհայտնվի ազատության մեջ

 

 

 

 

 

 

 

 

Երեկ լրատվամիջոցներից մեկը տեղեկություն էր տարածել այն մասին, որ Կիլիմանջարո միջազգային օդանավակայանում ձերբակալել են 52-ամյա Արտյոմ և 46-ամյա Էդուարդ Վարդանյաններին, որոնք փորձել են բեռնատար ինքնաթիռով տեղափոխել 61 կապիկ։ Ի դեպ՝ Արտյոմ Վարդանյանը հանդիսանում է «Ջամբո» էկզոտիկ այգու սեփականատերը: Այս առիթով մեկնաբանություն ստանալու նպատակով Asekose.am-ը կապ հաստատեց Zoo Fauna Art ընկերության հիմնադիր Արթուր Խաչատրյանի հետ, ով մեզ հետ զրույցում նշեց հետևյալը.

«Այս ամենը չի համապատասխանում իրականությանը: Դեռ 8 ամիս առաջ թույլատրելի բոլոր կետերով, ամենակարևորը, օրինական, ուղարկող կազմակերպության կողմից, որը Տանզանիայի կազմակերպություններից մեկն է,  պետք է կատարվեր այդ կապիկների տեղափոխումը: Այսինքն՝ Տանզանիայի Հանրապետության տարածքում գործունեությունը ծավալում է Տանզանիայի Հանրապետությունում գրանցված կազմակերպությունը, որի հետ մենք համագործակցում ենք 15 տարուց ավել: Նշեմ, որ այս տարիների ընթացքում անօրինականության հետ կապված ոչ մի խնդիր չի եղել ոչ Տանզանիայում և ոչ էլ Հայաստանի Հանրապետությունում: Ուղղակի հիմարություն է ասել, որ Արտյոմը ցանկացել է անօրինական կերպով 61 կապիկ տեղափոխել»,-ասաց Արթուր Խաչատրյանը:

Հետաքրքրվելով, թե արդյո՞ ք համապատասխանում է իրականությանն այն, որ այս պահին Արտյոմ Վարդանյանը և նրա եղբայրը ձերբակալված են, Արթուր Խաչատրյանը նշեց.

«Արտյոմ Վարդանյանն այս պահին իսկապես ազատության մեջ չի: Բայց նա ընդհանրապես կապ չունի այս պատմության հետ: Արտյոմն ընդամենը ցանկացել է օդանավակայանից մի քանի իր ուղարկել Հայաստան և վերջ,- պարզաբանեց Արթուր Խաչատրյանը:

Հարցին՝ արդյո՞ ք Հայաստանից որևէ քայլեր ձեռնարկվում են այս գործի առնչությամբ, Արթուր Խաչատրյանը հստակեցրեց, որ Տանզանիայում այս պահին իրավապահներ են աշխատում, որոնք փորձում են հարցին օրենքի տեսանկյունից լուծում տալ:

«Միայն մեկ բանում եմ համոզված, որ արդարություն հաստատ կլինի և ամեն ինչ ճշտելուց հետո թե Արտյոմը, և թե նրա եղբայրը ազատության մեջ կլինեն, քանի որ նրանց ձերբակալելու ոչ մի իրավական հիմք չկա»,- ավելացրեց Արթուր Խաչատրյանը:

Ըստ նրա խոսքերի՝ «Ջամբո» էկզոտիկ այգու սեփականատերը Տանզանիա էր մեկնել ոչ թե այնտեղից կենդանիներ տեղափոխելու համար, այլ պարզապես՝ որպես զբոսաշրջիկ:

«Ինքս էի խնդրել նրան, որպեսզի նախարարությունից մի քանի ճշտում կատարի և վերջ. հո՞ կրակը չընկավ այդ մարդը»,- իր խոսքը եզրափակեց  Zoo Fauna Art ընկերության հիմնադիրը:

 

Հեղինակ՝ Սաթենիկ Խաչատրյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее