Ինչպե՞ս պայքարել մազի թեփի դեմ, և ինչպե՞ս ազատվել գլխամաշկի բորբոքային պրոցեսներից. պարզաբանում է Ավանտա էսթետիկ բժշկության կենտրոնների ցանցի մաշկաբան-տրիխոլոգ Տաթևիկ Մուրադյանը:
- Մարդն ինքը կարո՞ղ է հասկանալ, որ բորբոքում ունի:
- Այո՛: Քորը, թեփը կամ մաշկի հիվանդագին տեսքը հենց դրա վկայությունն են:
- Այսինքն՝ թեփն ինքը հենց բորբոքո՞ւմ է:
- Իհարկե, դա բորբոքված մաշկի թեփոտումն է:
- Ինչի՞ց է առաջանում թեփոտումը:
- Գլխամաշկի թեփի առաջացման ամենահաճախ հանդիպող պատճառներից մեկը սեբորեան է՝ խնդիր, որը մարդկանց մեծամասնությունն ունենում է ողջ կյանքի ընթացքում: Այն թեփը, որը հաճախ մենք ունենում ենք, դա հենց մաշկի բորբոքումն է, որն առաջանում է ճարպի արտազատման ավելցուկի ֆոնի հիման վրա: Գլխամաշկն ակտիվորեն արտադրում է ճարպային արտազատուկ, և այդ ճարպը համարվում է սնուցող միջավայր: Ավելի հաճախ տվյալ խնդիրն ունենում են նրանք, ովքեր գլխամաշկի համար ճիշտ խնամքի միջոցներ չեն կիրառում:
- Մարդկանց մոտ՝ հատկապես աղջիկների, ընդունված տեսակետ կա, որ մազերը հաճախ լվանալ չի կարելի: Որքանո՞վ է ճիշտ այս տեսակետը:
- Համաձայն կատարված վերջին հետազոտությունների բավարար է, որ կինը գլուխը լվանա օրումեջ, շաբաթը երեք անգամ, որովհետև մենք ավելի քիչ ճարպ ու տեստոստերոն ունենք, քան տղամարդիկ: Եթե հաճախ լվանաք գլուխը, կարող է առաջանալ մաշկի չորացում: Տղամարդկանց պարագայում ցանկալի է, որ գլուխը լվանան ամեն օր:
- Բայց մի՞թե այդ ճարպը չի պաշտպանում կանանց մազերը և արդյո՞ք նորմալ է տղամարդկանց դեպքում գլուխն ամեն օր լվանալը: Չէ՞ որ կան մարդիկ, որոնց գլխի մաշկը չոր է:
-Իհարկե պաշտպանում է, բայց այս դեպքում այն միաժամանակ սնուցման միջավայր է հանդիսանում միկրոբների և սնկերի բազմացման համար, և նրանք ակտիվորեն բազմանում են՝ արտազատելով յուղային թթուներ, իսկ այդ բորբոքային հակազդումը՝ ալերգիան, նրանց կենսագործունեության սնունդն է: Ինչ վերաբերում է տղամարդկանց գլուխն ամեն օր լվանալուն՝ ասեմ, որ կարող եք հանգիստ լինել, քանի որ միայն կլիմաքսի կամ էլ պակաս արտահայտված տեստոստերոնի, մաշկի լուրջ հիվանդությունների դեպքում է այն հակացուցված: Ճարպոտությունը հորմոններից կախված պրոցես է, որին խթանում են տղամարդկային հորմոնները:
-Իսկ գանգրահերների դեպքում ինչպե՞ս է…
-Արտաքինից գանգուր մազերն ավելի քիչ են կեղտոտվում, բայց ճարպային գեղձերի ակտիվությունը կախված չէ մազերի կառուցվածքից: Նոսր, գանգուր մազերն ավելի լավ են ներծծում ճարպային արտազատուկը: Եթե դուք գլխամաշկի հետ կապված խնդիր չունեք և չունեք նաև մազաթափություն, ապա խորհուրդ կտամ գլուխը լվանալ ըստ անհրաժեշտության: Եթե դուք տառապում եք թեփից, անհրաժեշտ է հաճախակի լվանալ գլուխը:
- Ինչպե՞ս է անհրաժեշտ պայքարել թեփի դեմ:
- Եթե թեփն առաջացել է առաջին անգամ և չի ուղեկցվում արտահայտված բորբոքումով, ցանով, քորով, մաշկի հիվանդությամբ, ապա կարելի է գնել թեփի դեմ հատուկ մասնագիտացված շամպուն՝ պատրաստված կետոկոնազոլից և կլիմբազոլից, որի բաղադրությունը պետք է պարունակի սալիցիլաթթու կամ այլ մրգային թթուներ, ինչպես նաև հակաբորբոքայիններ ու քորի դեմ այլ բաղադրիչներ: Տվյալ պարագայում ցանկալի է ընտրել այն շամպունը, որը պարունակում է մի քանի ակտիվ բաղադրիչներ: Հաճախ կարող եք լսել տեսակետ, թե թեփի դեմ նախատեսված շամպունները չեն օգնում, այստեղ պատճառները տարբեր կարող են լինել, կամ մարդիկ այն օգտագործում են շաբաթը մեկ, իսկ դա բավարար չէ, կամ ընտրված է ոչ ճիշտ շամպուն, կամ խնդիրն այլ լուծման կարիք ունի և այսպես շարունակ: Դա է պատճառը, որ այս կամ այն խնդրի լուծման համար խորհուրդ է տրվում այցելել մաշկաբան-տրիխոլոգի խորհրդատվության, ով էլ տեսնելով խնդիրը կառաջարկի բուժման արդյունավետ տարբերակը: