▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպես էր Լավրովը Լևոն Հայրապետյանի ծննդյան տարեդարձին նրան գովերգում և պարգևատրում

 

Համացանցում  ներկայումս մեծ տարածում է գտել  Լևոն Հայրապետյանի՝  ծննդյան տարեդարձներից մեկի տեսանյութը, որում  Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ոգևորված նշում է, թե որքան մեծ դերակատարում է ունեցել Լևոն Հայրապետյանը միջազգային համագործակցությունների հարցում.

«Ինչ էլ որ նա արել է, այս կամ այն ձևով անդրադարձել է  Ռուսաստանի՝ արտերկրում ունեցած հեղինակության վրա: Անձնական նախաձեռնության, ԶԼՄ-ների, երիտասարդների նկատմամբ ունեցած վերաբերմունքի, կրոնական  ավանդույթների նկատմամբ հարգանքի շնորհիվ էլ դրսում ձևավորում  է պետության կերպարը: Լևոն Գուրգենիչն ահռելի մեծ ավանդ է ներդրել միջազգային համագործակցության ոլորտում: Թույլ տվեք,  այդ ամենի համար ՌԴ ԱԳՆ կողմից Լևոն Հայրապետյանին հանձնել համապատասխան պարգև»:

Հիշեցնենք,  որ Լևոն Հայրապետյանը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման:  Հայրապետյանը մեղադրվում էր ահաբեկչության համար ցմահ ազատազրկման դատապարտված Բաշկիրիայի նախկին սենատոր Իգոր Իզմեստևի մորից խարդախությամբ 700 հազար դոլար յուրացնելու համար։ Ըստ մեղադրող կողմի, նա մոլորեցրել է նախկին սենատորի մորը, խոստանալով փողի դիմաց քայլեր ձեռնարկել որդու պատժաչափը մեղմելու  համար։ 

Սակայն Լևոն Հայրապետյանի  շուրջ ծավալվող իրադարձություններն իրենց դաժանությամբ արդեն սադիզմի դրսևորումներ են ստանում: Երկրորդ կարգի հաշմանդամ, 4 ինսուլտ, 2 ինֆարկտ տարած, քաղցկեղով տառապող այս մարդուն ապրիլի 15-ին Մոսկվայի Բուտիրսկայա գաղութում տեղափոխել են այնպիսի բանտախուց, որում տեղերի բացակայության  պատճառով կալանավորները հերթով են քնում:

Հավելենք, որ  Հայաստանում, Արցախում և Սփյուռքում ապրող 5000-ից ավելի հայեր իրենց ստորագրությունն են դրել Սերժ Սարգսյանին հասցեագվրած բաց նամակի տակ, որում կոչ է արվում ապրիլի 22-ին Երևանում Սերգեյ Լավրովի հետ սպասվող հանդիպման ընթացքում բարձրացնել Մոսկվայում կալանավորված բարերար Լևոն Հայրապետյանի պատժի տեսակը՝ առողջական վիճակի բերումով փոխելու հարցը:

Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը ևս միացել է ծանր հիվանդ Լևոն Հայրապետյանի պատժի տեսակի փոփոխման հարցով Ռուսաստանի Նախագահ Վլադիմիր Պուտինին հասցեագրված բաց նամակին: Նշենք, որ դրա տակ արդեն ավելի քան հիսուն հազար մարդ է ստորագրել:

Նամակում, մասնավորապես, ասվում է.

«Հայրապետյանը մեծ արժանիքներ ունի ռուսական պետության առջև: Լինելով ակտիվ քաղաքացի` նա ամեն կերպ սատարել է զարգացման զանազան ծրագրերի: Ահռելի է Հայրապետյանի դերը հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման հարցում, նա հարյուրավոր սոցիալական և բարեգործական ծրագրերի նախաձեռնողն է: Ավելորդ չենք համարում նշել, որ իր հայրենիքում՝ Հայաստանում, Հայրապետյանն իբրև հերոս է ընկալվում»:

Հարկ է նշել, որ  ստորագրահավաքից բացի օրերս Երևանում անցկացվել է բողոքի երթ դեպի ՌԴ դեսպանատուն՝ ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее