ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կինը` «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիայի» նախագահ Ռուզաննա Խաչատրյանը, ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է իր երեխաների սեպտեմբերի 1-ի լուսանկարները` գրելով հետևյալը.
«Այսօր Գիտելիքի և դպրության միջազգային օրն է:
Սեպտեմբերի 1-ին ուսումնական տարին սկսելու ավանդույթը հին ակունքներ ունի Հայաստանում: 4-րդ դարում՝ 325 թ., Բյութանիայի Նիկիա քաղաքում բյուզանդական կայսր Կոստանդիանոս Ա Մեծի հրամանով գումարված Առաջին տիեզերական ժողովի ընթացքում որոշվում է նոր տարին սկսել սեպտեմբերի 1-ից։
Ըստ ավանդության՝ Արիստակես Հայրապետը՝ Գրիգոր Լուսավորչի փոքր որդին, Հայաստան է բերում Նիկիայի ժողովի որոշումները, ներկայացնում Գրիգոր Լուսավորչին, որը դրանք ներդնում է Հայ եկեղեցու դավանաբանության և ծիսակարգի մեջ: Այդ ժամանակաշրջանում բոլոր դպրոցները գործում էին եկեղեցիներին կից, ուստի նոր ուսումնական տարին ևս որոշվում է սկսել սեպտեմբերի 1-ից:
1984 թ. ԽՍՀՄ գերագույն խորհրդի նախագահության կողմից հաստատվում է հրամանագիր՝ «Սեպտեմբերի 1-ը համաժողովրդական տոն՝ Գիտելիքի օր հայտարարելու մասին»:
Այսօր Հայաստանում դպրոց և բարձրագույն ուսումնական հաստատություն է գնում ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ սերունդը: Անցնելով դպրության ու գիտության դժվար, ազնիվ ու ճշմարիտ ճանապարհը՝ նա գիտակցելու է, որ սերը գիտության հանդեպ սեր է դեպի ճշմարտությունը, ուժ՝ այն բարձրաձայնելու: Քաջ գիտակցելու է, որ դպրության ճանապարհը ճանապարհ է դեպի լույս, դեպի ազատություն, այն ազատությունը, որ անձնուրաց պայքարով, հերոսական մաքառումով ձեռք են բերել իրենց հայրերը, կյանքի ու արյան գնով պահում են իրենց եղբայրները, և իրենք էլ ընկրկելու իրավունք չունեն:
Այսօր իրենք սրտի տրոփյունով կմտնեն այն դասարանները, որոնք կրում են մեր նորօրյա հերոսների անունները, կերդվեն շարունակել նրանց սրբազան պայքարը և երբեք և ոչ մեկին չե՛ն զիջի արյան գնով ձեռք բերված ազատությունը, քանզի «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՆ ՉԷ, ԻՆՉ ՏԱԼԻՍ ԵՆ ՁԵԶ. ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՆ Է, ԻՆՉԸ ՉԵՆ ԿԱՐՈՂ ԽԼԵԼ ՁԵԶԱՆԻՑ» (Վոլտեր) »: