Գաղտնիք չէ, որ վերջին տարիներին Հայաստանը դարձել է իրանցիների նախընտրելի հանգստյան վայրը: Հենց այստեղ էլ շատերը տոնում են իրենց Ամանորը, որն անցկացվում է մարտ ամսին: Որպես կանոն` Հայաստան այդ օրերին այցելում են բազմաթիվ իրանցիներ` տոնը նշելու և հարմարավետ ժամանց անցկացնելու նպատակով: Սակայն, միաժամանակ, հաճախ քննարկվում է նաև այն, որ Հայաստանը` որպես զբոսաշրջության գոտի, չի առաջարկում ժամանցը տարատեսակ ձևով անցկացնելու տարբերակներ` զրկելով զբոսաշրջիկներին իրենց հանգիստն ավելի հետաքրքիր և բովանդակալից անցկացնելու հնարավորությունից: Մարտ ամսին սպասվող իրանցի զբոսաշրջիկների հանգիստն ավելի հագեցած դարձնելու նպատակով մարտի 24-ին, 25-ին և 26-ին անցկացվելու են մասշտաբային համերգային ծրագրեր, որոնց շրջանականերում «ՏուրԻնֆո» ամսագիրը «Երևան Մոլ»-ի հետ համատեղ կազմակերպում է Spring Shopping Festival: Համերգների և դրանց շրջանակներում կազմակերպվող փառատոնի մասին Asekose.am-ին մանրամասներ հայտնեց «ՏուրԻնֆո» տուրիստական ամսագրի տնօրեն էդգար Մելիքսեթյանը:
«Spring Shopping Festival-ներ հաճախ են կազմակերպվում Թուրքիայում, Արաբական Միացյալ Էմիրություններում (Դուբայ), սակայն Հայաստանում իրանցիների համար առաջին անգամ է նման միջոցառում իրականացվում: Նրանք, շատ լավ տեղյակ լինելով այդ ամենի մասին, մեր երկիր այցելելու ևս մեկ առիթ կունենան»,-ասաց Էդգար Մելիքսեթյանը:
Վերջինս նաև նշեց, որ իրանցիների ժամանցը կազմակերպելու հարցում «ՏուրԻնֆո»-ի կողմից առաջին աշխատանքներն իրականացվել են դեռ նախորդ տարի, երբ Երևանի «Փարավոն» ռեստորանային համալիրում տեղի ունեցավ համերգ՝ Անդիի և Լեյլայի մասնակցությամբ:
«Շատ իրանցիներ, այդ օրերին Հայաստան այցելելով, համերգին մասնակցելու և իրենց հանգիստը վայելելու հնարավորություն ունեցան: Համերգի մասին հայտարարելուց անմիջապես հետ սկսվեց հետաքրքրություն տոմսերի նկատմամբ: Մարդիկ տարբեր երկրներից օնլայն տարբերակով ձեռք էին բերում տոմսերը, ըստ այդմ էլ ` միաժամանակ մեծանում էր հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ: Նման համերգները իրանցի զբոսաշրջիկների համար Հայաստան այցելելու ևս մեկ առիթ է, քանզի գաղտնիք չէ, որ Իրանում նման համերգային միջոցառումների կազմակերպումն արգելված է»,-նշեց Էդգար Մելիքսեթյանը՝ հավելելով, որ նրանք, առհասարակ, ժամանցը կազմակերպում են իրենց երկրի սահմաններից դուրս:
Էդգարի խոսքով` իրանցիները հաճախ որպես հագստյան վայր նախընտրում են Արաբական Միացյալ Էմիրությունները` Դուբայը, Թուրքիան, իսկ Հայաստանում հանգիստը հարմար է նաև գնի առումով, որովհետև այլ վայրերում թե' տոմսերը, թե' հյուրանոցները շատ ավելի թանկ են:
Շարունակելով թեման` Էդգար Մելիքսեթյանն անդրադարձավ նաև այս տարվա ծրագրերին.
«Այս անգամ որոշեցինք, ավելի մեծ մասշտաբի ծրագրեր կազմակերպել: Համերգները երկու օր տեղի են ունենալու ինչպես Մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում, այնպես էլ «Փարավոն» համալիրում: Հրավիրել ենք թվով յոթ երգչի, որոնք շատ հայտնի են իրանցիների շրջանում և ոչ միայն: Փորձը ցույց է տվել, որ իրանցիների մշակույթին ծանոթ շատ օտարերկրացիներ ևս աշխարհի տարբեր անկյուններից օնլայն տարբերակով տոմսեր են ձեռք բերում: Ի դեպ, համերգների տոմսերի արժեքն այս տարի ավելի մատչելի է»:
Էդգար Մելիքսեթյանը նշեց, որ «ՏուրԻնֆո» ամսագիրը բացի կազմակերպչական աշխատանքներում իր մասնակցությունն ունենալուց, պատրաստել է նաև պարսկերենով հատուկ թողարկում.
«Ամսագրի պարսկերեն լեզվով այս հատուկ համարն արդեն ամբողջությամբ պատրաստ է և բավական մեծ տպաքանակով տպագրություն ենք նախատեսել: Հավելեմ, որ սա մեր առաջին փորձը չէ: Պարսկերեն լեզվով ամսագիր նախորդ տարիներին ևս թողարկել ենք և սպասելիքներն արդարացված են եղել: Սա իսկապես լավ առիթ է, քանզի այս նախաձեռնությամբ հետաքրքրված կազմակերպությունների թիվը բավական մեծ է: 2015-ին միայն մեկ համերգ էինք կազմակերպել` ակնկալելով, որ մարդիկ կգան և իրենց սիրելի երգիչների հետ կվայելելն այդ երեկոն: Այս տարի ամեն ինչ այլ է. շատ կազմակերպությունների հետ համատեղ փորձում են այդ օրերին ավելի հետաքրքիր ժամանցի տարբերակներ առաջարկել: Հենց այս պատճառով էլ «Երևան Մոլ»-ի հետ համատեղ կազմակերպում ենք Spring Shopping Festival-ը, որպեսզի իրանցի զբոսաշրջիկները ոչ միայն համերգներին մասնակցեն, այլև` հաճելի գնումներ կատարեն: Ի դեպ, հենց «Երևան Մոլ»-ում` «Նավապետ Քիդի գանձերի կղզին» առաջարկում է իրանցի երեխաների համար անվճար ժամանց` ընդ որում պարսկերեն խոսող դայակներ են լինելու: Մեզ միացել են նաև այլ կազմակերպություններ, որոնց հետ ևս սպասվում են նոր համագործակցություններ»,-իր խոսքը եզրափակեց «ՏուրԻնֆո» տուրիստական ամսագրի տնօրեն էդգար Մելիքսեթյանը:
Հեղինակ` Լիլիթ Հակոբյան
Կարդացեք նաև` Վերջին իրադարձություններից հետո մոտ հինգ անգամ մեծացել է հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ. էդգար Մելիքսեթյան