▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞վ էր կարևոր Հռոմի Պապի այցը Հայաստան, և ի՞նչ կարող է տալ այն մեր երկրին ու ժողովրդին

Նախօրեին ավարտվեց Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի և նրա գլխավորած բավական պատկառելի պատվիրակության եռօրյա այցը Հայաստան, որի խորագիրն էր՝ «Այց առաջին քրիստոնյա երկիր»: Սա, հիրավի, պատմական իրադարձություն է, որի համակողմանի նշանակությունն անհնար է թերագնահատել: Նախևառաջ, բովանդակային մասով, Սրբազան Քահանայապետի այցն, իր իսկ կողմից բնորոշված լինելով՝ որպես ուխտագանացություն, այնուամենայնիվ իր բովանդակությամբ և նշանակությամբ պարունակում էր նման մասշտաբի համաշխարհային գործչի այցի հնարավոր բոլոր բաղադրիչները՝ պետական, պաշտոնական, աշխատանքային, կրոնական, քաղաքական և, իհարկե, նաև՝ որպես ուխտագնացություն:
Վերոնշյալի համատեքստում, պետք է փաստել, որ Կաթոլիկ եկեղեցու հովվապետի այցի կազմակերպվածության բարձր մակարդակը, դրա ընթացքում նախապես հաշվարկված և ներառված բոլոր միջոցառումները, հնչած ելույթներում եղած ազդակներն ու բնորոշումները և, իհարկե, այս ամենի համակողմանի լուսաբանումը համաշխարհային ամենահեղինակավոր և հարյուրավոր այլ լրատվամիջոցների կողմից, մեր երկրի ու ժողովրդի համար ապահովում են այնպիսի ձեռքբերումներ ու հնարավորություններ, որոնք տողերիս հեղինակը դասակարգել է հետևյալ պայմանական հերթականությամբ՝

1. Այցի քաղաքակրթական, համաքրիստոնեկան նշանակությունը

Համաշխարհային քրիստոնեական ամենախոշոր ուղղության` Կաթոլիկ եկեղեցու առաջնորդն ուխտագնացության է գալիս Հայաստան, որտեղ դավանական հիմնական ուղղությունը առաքելական հավատն է, այցելում առանձին կրոնական ուխտատեղիներ, հնչեցնում աղոթք առ Աստված, պատմական ելույթներ, որոնց հիմքում հայ ժողովրդի պատմության և՛ տառապալից էջերին, և՛ բարձրագույն ձեռքբերումներին ու համաշխարհային պատմության մեջ ունեցած ներդրումներին վերաբերող շեշտադրումներ են: Իսկ այս ամենի մասին ամբողջ աշխարհում բարձրագույն հեղինակություն սեր, հարգանք ու հավատ վայելող Սրբազան Քահանայպետի կողմից հնչեցումը հերթական անգամ ցույց են տալիս հայ ժողովրդի, Հայ Առաքելական եկեղեցու անուրանալի և անսասանելի տեղն ու դերը համաշխարհային քրիստոնեության ու քաղաքակրթության մեջ:

2. Այցի քաղաքական նշանակությունը
Թեպետ համաշխարհային պատմության և միջազգային հարաբերությունների նոր և նորագույն շրջանում Վատիկանի դերակատարումն էականորեն նվազել է միջազգային քաղաքական գործընթացներում, մինչդեռ, այնուամենայնիվ, նրա մոտեցումներն ու դիրքորոշումը որոշ հարցերում դեռևս շարունակում են ուղենշային նշանակություն ունենալ հատկապես եվրոպական քաղաքականության համար, և առավելապես այնպիսի հեղինակավոր գործչի ղեկավարման ժամանակաշրջանում, ինչպիսին Ֆրանցիսկոս Պապն է: Եվ ահա, Հռոմի Պապի եռօրյա այցը Հայաստան, այլ ոչ թե տարածաշրջան(ինչպես ընդունված է նման մասշտաբի բազմաթիվ այլ գործիչների շրջանում), նրա ունեցած քաղաքական հանդիպումները, նրա հնչեցրած ելույթների քաղաքական բաղադրիչներն ընդգծում են մերօրյա աշխարհի համար բավական բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում Հայաստանի Հանրապետության բավական պատկառելի կշիռն ու դերը, բարձրաձայնում մեր ունեցած խնդիրների մասին՝ համայն մարդկության համար անկյունաքարային նշանակության պատմական ողբերգությունների, իրադարձությունների և ներկայում առկա մարտահրավերների շարքում:

3. Այցի տնտեսական նշանակությունը

Բացի այն հանգամանքը, որ Սրբազան Քահանայապետի հետ Հայաստան էր ժամանել բավական պատկառելի պատվիրակություն, մի քանի տասնյակ լրագրողներ, հարյուրավոր ուխտավորներ, և նշվածի համտեքստում, տարբեր հաշվարկներով՝ մի քանի օրվա ընթացքում Հայաստան է մտել 1,5-2 մլն եվրոյի չափ գումար, այնուամենայնիվ, Հռոմի Պապի այցով պայմանավորված՝ մեր երկրի տնտեսության որոշ ճյուղերի հեռանկարները շատ ավելի խոստումնալից են, եթե Պապի այցի առանձին բովանդակային բաղադրիչներն ու առաջացած հնարավորությունները պետական իրավասու կառույցների կողմից գրագետ և կերպով օգտագործվեն: Այս տեսանկյունից, մեր երկրի առանձին հոգևոր հաստատություններ առնվազն կարող են համալրել նաև միլիոնավոր կաթոլիկ քրիստոնյաների համար պարտադիր սրբատեղի հանդիսացող ուխտավայրերի ցանկը:

4. Ներհայաստանյան նշանակությունը

Ֆրանցիսկոս Պապի կերպարը, նրա պարզ ու հասարակ վարքն, անմիջականությունը և, իհարկե, նրա ընդունելությունը մեր ժողովրդի կողմից պետք է առնվազն սթափոցնող, իսկ լավագույն դեպքում՝ օրինակելի դառնան հայրենի հոգևոր և քաղաքական էլիտայի բազմաթիվ ներկայացուցիչների համար առ այն, որ իրական իշխանութունը մաքրության, «ճերմակության», անկեղծության, անմիջականության, պարզության, սիրո մեջ է, այլ ոչ հակառակի՝ ճոխությունների, շռայլության, ուժի ու կեղծիքի: Եվ այս համատեքստում, մեզանում առնվազն կողմնորոշիչ պետք է լինի այն իրողությունը, որ նման աստիճանի քրիստոնեական հավատ ունեցող մեր երկիրն ու ժողովուրդը 3 օր շարունակ տոն ու ցնծություն էր ապրում համաշխարհային նշանակության, բայց ոչ հայազգի հոգևոր և քաղաքական գործչի այցելությունից:

Անշուշտ, Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հայաստանյան այցի պարգևած ձեռքբերումների ու հնարավորությունների շարքը կարելի է շարունակել, բայց կսահմանափակվեմ վերոնշյալով՝ շարունակելու համար մտորելու տեղիք թողնելով յուրաքանչյուրիս...

 

Արմեն Պետրոսյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее