Ինչպես արդեն տեղեկացրել ենք, օրեր առաջ՝ սեպտեմբերի 8-ին, «Արաբկիր» բժշկական կենտրոնում մահացել է Քասախ գյուղի բնակիչ 2.5 տարեկան փոքրիկ Հարությունը: Երեխայի մայրը՝ 23-ամյա Հռիփսիմե Ղարիբյանը, որդու մահվան մեջ մեղադրում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բժիշկներին, որտեղ էլ երեխան տեղափոխվել է Արաբկիրում հետազոտվելուց հետո:
Asekose.am-ի հետ զրույցի ընթացքում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն, Երևան քաղաքի գլխավոր մանկական վիրաբույժ Նիկոլայ Դալլաքյանը տեղեկացրեց, որ ծնողները երեխային տարել են Արաբկիր բժշկական կենտրոն արդեն ծայրահեղ ծանր վիճակում:
«Երեխայի մոտ հայտնաբերվել է թարախակալված ծանր բարդացած թոքաբորբ: Փոքրիկին ուղարկել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ անմիջապես ընդունվել է վերակենդանացման բաժանմունք: Այստեղ երեխան մնացել է ընդամենը 1 օր: Ունեցել է երկկողմանի ծանր թոքաբորբ, զարգացած է եղել նաև աղիքային սինդրոմ՝ արյունային կղանք, այսինքն՝ ծանր աղիքային ինֆեկցիա է եղել երեխայի մոտ: Երեխայի մոտ այդ ֆոնի վրա գումարվել է նաև երիկամային սուր անբավարարություն: Արդեն արհեստական շնչառական ապարատով երեխան նորից տեղափոխվել է «Արաբկիր» բժշկական կենտրոն, որպեսզի դիալեզ արվի: Երեխայի մոտ հայտնաբերվել են էշերիխիայի սաղմը, որը տալիս է երիկամային ծանր անբավարարություն և վիրուսային կոմբինացիա»:
Անդրադառնալով երեխայի մոր այն հայտարարությանը, որ երեխան ինքնուրույն քայլելով, խոսելով է մտել հիվանդանոց՝ իր ձեռքը բռնած, և որ երեխան մահացելէ դա եղել է բժիշկների մեղքով, ովքեր ցուցաբերել են անպաստախանատու վերաբերմունք ու բժշկին ոչ վայել պահվածք, պրն. Դալլաքյանը նշեց. «Եթե երեխան առողջական լուրջ խնդիրներ չունենար, ապա էլ ինչու՞ պետք է տեղափոխվեր «Արաբկիրից» մասնագիտացված թոքային վիրաբուժության բաժանմունք, որն ամբողջ Հայաստանում մեկն է: Երեխայի մոտ գերակշիռ է եղել կյանքին սպառնացող լրջագույն վտանգը՝ երկկողմանի ծանր թոքաբորբ և աղիքային ինֆեկցիա, պոլիարգանային անբավարարություն է զարգացած եղել երխայի մոտ: Երեխայի երիկամները չէին գործում, մեզ չէր արտադրվում: Հենց դրա համար էլ երեխային նորից տեղափոխել են «Արաբկիր»՝ դիալեզ անելու համար»:
Զրույցի ընթացքում պրն. Դալլաքյանը փստեց, որ բժիշկները հենց առաջին վայրկյանից ծնողներին տեղյակ են պահել երեխայի առողջական ծանր վիճակի մասին:
«Ծնողը 3 օր բժշկի չի դիմել, պահել է տանը, հենց առաջին վայրկյանից բժիշկներն ասել են երեխայի՝ ծայրահեղ ծանր վիճակում գտնվելու փաստի մասին, նրանց մանրամասն բացատրվել է ամեն ինչ, պարզապես ծնողները չեն ցանկացել ընդունել այդ փաստը: Եթե ծնողները բողոք ունեին, ապա այդ դեպքը կգնար դատաբժշկական հերձման և ոչ թե «Արաբկիր» բժշկական կենտրոնում կհերձվեր դիակը: Մեղադրելն ամենահեշտ գործն է: Ճիշտ է, հասկանում եմ ծնողների վիշտը, սակայն անտեղի մեղադրել բժիշկներին, ճիշտ լուծում չէ»,-Asekose.am-ի հետ զրույցը եզրափակեց «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն, Երևան քաղաքի գլխավոր մանկական վիրաբույժ Նիկոլայ Դալլաքյանը:
Հեղինակ՝ Լիլիթ Նավասարդյան