ՀՀ նախագահի այսօրվա հրամանագրով դատավորների նշանակումներ են կատարվել: Սերգեյ Մարաբյանը նշանակվել է Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, միաժամանակ դադարեցվել են նրա դատավորի լիազորությունները` Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում:
Նույն հրամանագրով Ավանի և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Սամվել Ուզունյանի նշանակվել է Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր դադարեցվել են նրա դատավորի լիազորությունները` Ավան և Նոր Նորք վարչական շրջանների իրավասության դատարանում:
Հատկանշական է հատկապես Սամվել Ուզունյանի տեղափոխումը Ավանի և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանից, որի նախագահն էր նա ավելի քան 12 տարի:
Ըստ ավելի վաղ՝ այս տարվա փետրվարին տարածված տեղեկատվության, Սամվել Ուզունյանն անձամբ էր դիմում գրել և «խնդրել» իրենց շարքային դատավոր նշանակել։ Դրանից հետո նրան փոխարինել էր ՀՀ նախագահի թիկնազորի (ՊՊԾ) պետ Հրաչ Հարությունյանի՝ Կրակեմ Հրաչի որդին՝ Դավիթ Հարությունյանը, ով 34 տարեկան է,մինչ այդ աշխատել էր դատախազությունում, ՀՔԾ-ում, իսկ 2011-ին դատավոր էր նշանակվել։
Ըստ ասեկոսեների, հենց նա էր Ուզունյանի «տակը փորել»՝ անցանկալի տեղեկատվություն փոխանցելով «վերեւ»։
Ասում են, թե դատարանի երիտասարդ նախագահի ու նրա նախորդի «հակամարտությունը» շարունակվել է նաև փետրվարից հետո և Սերժ Սարգսյանը խնդրի հանգուցալուցման համար որոշել է Սամվել Ուզունյանին տեղափոխել Արագածոտն:
Հիշեցնենք, որ Սամվել Ուզունյանն էր դատավարում «Հոկտեմբերի 27»-ի գործով:
Հեղինակ՝
Ա. Գրիգորյան