▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչ կտա Հայաստանին Armenia BigData մրցույթ-հեքըթոնը

Տվյալների կառավարման գիտության (Big Data Science) ոլորտում հայ մասնագետների ներուժի բացահայտման նպատակով մայիսի 13-ից-14-ը Հայաստանում առաջին անգամ տեղի ունեցավ տվյալների կառավարման գիտության Armenia BigData մրցույթ-հեքըթոն: Հեքըթոնի նախաձեռնողն ու կազմակերպիչն է Հայաստանի Ամերիկյան համալսարանի գիտության և ճարտարագիտության քոլեջը:

Միջոցառման նպատակն էր բացահայտել նորագույն տեխնոլոգիաներով և գործիքներով աշխատելու հայ մասնագետների ներուժը տվյալների կառավարման ոլորտում և մոբիլիզացնել առկա ռեսուրսները:

Միջոցառմանը մասնակցեցին տասնյակից ավել կայացած ընկերություններ և մասնագետներ տեղեկատվական տեխնոլոգիաների և գիտահետազոտական ոլորտներից, ովքեր տրամադրված տվյալների բազաների օգնությամբ լուծումներ առաջարկեցին հանրային ոլորտի կարևորագույն խնդիրների համար, ինչպիսին են զբոսաշրջության ենթակառուցվածքի թիրախային զարգացումը, տրանսպորտի և ճանապարհային ծանրաբեռնվածության կարգավորումը, քաղաքային լուսավորությունը, թիրախային իրազեկումը,ցանցային անվտանգությունը և այլն:

Հեքըթոնը տևեց 18 ժամ, որի ընթացքում կազմված թիմերն աշխատեցին ծածկագրված հեռահաղորդակցության տվյալների հիման վրա օրինաչափություններ գտնել և վիզուալիզացնել առաջադրված հանրային կարևորության խնդիրների լուծումները: Միջոցառման հաղթող ճանաչվեց PicsArt ընկերության թիմը, որն արդյունավետ լուծում առաջարկեց հեռահաղորդակցության ընկերությունների կողմից օպտիմալ տարիֆային առաջարկների վերաբերյալ: Երկրորդ տեղը զբաղեցրեց Դիլիջանի ուսումնահետազոտական թիմը՝ մոբայլ հավելվածի միջոցով լուծում առաջարկելով Երևան քաղաքում կայանատեղի գտնելու խնդրին: Երրորդ տեղում էին հեքըթոնի ամենաերիտասարդ մասնակիցների թիմը ԹՈՒՄՈ կենտրոնից, ովքեր հեռախոսային զանգերի վերաբերյալ տվյալների հիման վրա առաջադրեցին միտումներ միգրացիոն հոսքերի ուղղությունների վերաբերյալ: Թիմերին շնորհվեցին դրամական պարգևներ, որոնք կուղղվեն առաջարկված լուծումների կյանքի կոչմանը:

Մրցող թիմերի աշխատանքները գնահատեց Հայաստանի առաջատար ծրագրավորման և հեռահաղորդակցության ընկերությունների, քաղաքային կառավարման և տեխնոլոգիաների կենտրոնի, ինչպես նաև աշխարհահռչակ ընկերությունների հիմնադիրներից, ղեկավարներից և տվյալների գիտնականներից (data scientists) կազմված ժյուրին:

Մրցույթ-հեքըթոնի հեռանկարային նպատակն է Հայաստանում տվյալների վերլուծության լաբորատորիա (Armenia BigData Lab) հիմնել՝ այս պրոգրեսիվ ոլորտը Հայաստանում զարգացնելու նպատակով: Լաբորատորիան հնարավորություն կտա Հայաստանի ՏՏ ոլորտում առկա հզոր ներուժը կիրառել նաև տվյալների կառավարման ոլորտում, կենտրոնացնել միջազգային նախագծերի փորձն ու ներուժը, ինչպես նաև խթանել մատուցվող ծառայությունները և ստեղծվող պրոդուկտները:

Armenia BigData մրցույթ-հեքըթոն միջոցառումը կյանքի կոչվեց ոլորտի մի շարք  առաջատար ընկերությունների և ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի աջակցությամբ, որտեղ և անցկացվեց մրցույթը:

Հավելյալ տեղեկությունների համար այցելեք այս հղումով: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее