Երևանի կենտրոնում այս օրերին աչքի ընկնող սև «Բենթլի»-ն, ըստ ասեկոսեների, պատկանում է Արարատյան հայրապետական թեմի առաջնորդին:
Մինչդեռ որոշ ժամանակ առաջ մամուլում տեղեկություն էր տարածվել, թե Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանը, որը «Բենթլի» մակնիշի ավտոմեքենա նվեր ստանալու կապակցությամբ ձեռք Էր բերել «Բենթլի Սամո» մականունը (Նավասարդի ոչ եկեղեցական անունը եղել Է Սամվել), հրաժեշտ Է տվել իր շքեղ մեքենային։ Նշվում էր, թե նա վաճառել Էր ավտոմեքենան և եկեղեցականների շրջանակներում տարածված խոսակցությունների համաձայն՝ գումարը վերջինս օգտագործելու է բարեգործական նպատակներով։
Հատկանշական է, որ Երևանում դեռևս ոչ մեկը չի տեսել Նավասարդ Կճոյանին «Բենթլի»-ով երթևեկելիս. նա հիմնականում շրջում է «Տոյոտա Քեմրի» մակնիշի սև մեքենայով: Ասում են, թե մեքենան Երևանում՝ չի էլ քշվել, այն մշտապես կայանված է եղել։
Հիմա, Հռոմի պապի հայաստանյան այցելության նախօրեին ու , թերևս, նաև այցի ժամանակ Երևանում շրջող «Բենթլի»-ն ու դրա նման ճոխ ու հարյուր հազարավոր դոլարներ արժեցող մեքենաները տեսնելով ինչ կմտածեն Հռոմի պապն ու նրան ուղեկցող և այցը նախապատրաստող անձինք, մանավանդ, եթե իմանան, որ դրանցից մեկը պատկանում կամ պատկանել է իրենց հոգևոր եղբորը...
Նշենք, որ Հռոմի պապը, ով փայլում է իր համեստությամբ, միայն պաշտոնական այցերի ժամանակ է օգտվում «պապամոբիլ»-ից, իսկ առօրյայում՝ երիտասարդ տարիներից մինչև հիմա, Ֆրանցիսկոս քահանայապետը սիրել է տրանսպորտով երթևեկել ու շփվել հասարակ քաղաքացիների հետ:
Հիշեցնենք, որ ըստ տեղեկությունների, Կճոյանը «Բենթլի»-ն նվեր էր ստացել իր սանիկից՝ «Ջոսս» ռեստորանային համալիրի նախկին սեփականատեր Մհերից։
Իսկ մամուլում հայտնված մեկ այլ տեղեկության համաձայն՝ «Բենթլի»-ի պատմությունը բոլորովին այլ է. նշվում էր, թե արքեպիսկոպոսը լուրջ գողական շրջանակների միջև ինչ-որ ճակատագրական վեճի մեջ հաշտարարի դերում է հանդես եկել, և այդ կողմերից մեկը, որպես երախտագիտության նշան, նրան «Բենթլի» էր նվիրել։
Հեղինակ՝
Արսեն Մաթևոսյան