Hraparak.am-ի տեղեկություններով՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տան ուղղությամբ ուսումնական նռնակ նետած 32-ամյա Հովհաննես Մուրադյանը հոգեկան խնդիրներ ունի, նա 2014թ հաշվառված է Ավանի հոգեբուժարանում: Մեր աղբյուրները հայտնեցին, որ նա իր արարքին «գողտրիկ» բացատրություն է տվել, ասել է, թե տարիներ առաջ Արցախում՝ բանակում, իր եւ ծառայակիցների միջեւ միջադեպ է եղել, ինքը հիշել է այդ մասին եւ փորձել է վրեժխնդիր լինել: Իհարկե, խիստ անհասկանալի է, թե ինչ կապ ունի բանակային տարիների միջադեպը Քոչարյանի հետ: Ընդ որում՝ երիտասարդը իմացել է, որ ուսումնական նռնակ է նետում երկրորդ նախագահի տան ուղղությամբ: Նշենք, որ Հովհաննես Մուրադյանը ամուսնացած չէ, չի աշխատում, մեքենա ունի, որը հոր հետ միասին ժամանակ առ ժամանակ որպես տաքսի են օգտագործում:
Հիշեցնենք, որ ապրիլի 18-ին, ոստիկանության և ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները, ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում՝ մայրաքաղաքի Մանանդյան փողոցում գտնվող իր բնակարանում հայտնաբերել և բերման են ենթարկել Երևանի բնակիչ, 1984 թվականին ծնված Հովհաննես Մուրադյանին: Նա կասկածվում է ապրիլի 15-ին ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի` Իսակովի պողոտայի առանձնատան պահակակետի ուղղությամբ ուսումնական նռնակ նետելու մեջ: Հովհաննես Մուրադյանը խոստովանել է արարքը: Հանգամանքները պարզվում են: Քրեական գործը հարուցվել է խուլիգանության հատկանիշներով, չի բացառվում, որ հաշվի առնելով տղամարդու հոգեկան խնդիրների հանգամանքը՝ նրան չկալանավորեն:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում