Իմ թանկագին ապագա սկեսուր, նախքան կասեմ ամուսնական
«Հնազանդ եմ»-ը, արի մի քանի կանոններ սահմանենք։ Համաձա՞յն ես։
Իմ թանկագին ապագա սկեսուր
Նախքան կասեմ ամուսնական «Հնազանդ եմ»-ը և դրանից հետո մեր ճանապարհները ընդմիշտ (կամ թե ինչ-որ մի ժամանակով) կհատվեն, քեզ մի քանի բան ունեմ ասելու։
Ո՛չ, ոչ թե, որ ես չար եմ ու ամբարտավան, ինչպես ընդունված է մտածել հարսների մասին։ Այլ իմ մեջ միմիայն հոգատարությունն է ձայն բարձրացրել։ Իմ ու քո հանգստության համար։ Ուրեմն, արի մի քանի կանոններ սահմանենք, համաձա՞յն ես։
Երկուսս էլ սիրում ենք ՆՐԱՆ
Ես՝ գժվելու չափ, դու՝ անկախ ամեն ինչից։ Այո, այդ դու ես նրա արյունոտ ծունկը վիրակապել։ Այդ դու ես գրկել նրան ու սփոփել, երբ տուն է վերադարձել կոտրված սրտով։ Նրան կյանք ես տվել։ Եվ դրա համար քեզնից մինչև մահ շնորհակալ եմ լինելու։
Բայց արդեն մի քիչ իրար ճանաչում ենք, ճի՞շտ է։ Տեսել ենք իրար տարբեր իրավիճակներում և, թերևս, մեկ անգամ չէ, որ մատդ բարձրացնելով՝ տղայիդ ասել ես. «Լա՛վ մտածիր, տղաս։ Այդ աղջիկը հաստա՞տ քեզ հարմար թեկնածու է», իսկ ՆԱ շարունակում է մնալ իմ կողքին, բա։ Քնում է իմ կողքին և արթնանում է իմ կողքին։ Մի քանի ընդհանուր բաներ ունենք և բազմաթի՜վ պլաններ։ Հարգի՛ր դա, խնդրում եմ։
Քո փոքրիկ տղան արդեն մեծ տղամարդ է
Կարողում է իր կոշիկների քուղերն ինքնուրույն կապել, փոստով նամակ ուղարկել, նույնիսկ տանը գործ անելը վատ չի ստացվում իր մոտ։ Հեգնանքո՞վ եմ խոսում։ Մի քիչ։
Չեմ ուզում քեզ «բան» սովորեցնել։ Չեմ ուզում խառնվել քո ու քո տղայի՝ իմ ամուսնու, մայր ու որդի հարաբերություններին։ Չե՛մ խառնվելու, խոսք եմ տալիս։ Բայց դո՛ւ էլ խոսք տուր, որ ինքդ էլ ես հետևելու մի քանի պարզ կանոնների։ Հանուն ի՞նձ։ Հանուն քե՞զ։
Հանուն ՆՐԱ՞։ Հանուն բոլորի՛ս։
Որովհետև դու ավելի լավ գիտե՞ս...
Այդքան համառ մի եղիր։ Մի փորձիր քո կամքը թելադրել մեզ։ Ընդունի՛ր, որ մենք ուրիշ ձևով ենք ապրում, մե՛ր ձևով, ոչ թե «քո ձևով»։ Հիշո՞ւմ ես, հարսանիքի պատրաստության մասին մեր խոսակցությունը։ Անընդհատ կրկնում էիր. «Ինչպե՞ս թե ծովափին։ Գժվե՞լ եք։ Միա՛յն եկեղեցում։ Չէ՞, չե՞ք ուզում եկեղեցում։ Էլ ի՞նչ հարսանիք առանց եկեղեցի։» Նեղացա՜ր։ Մի քանի բառ ավել ասացիր, որի համար պետք էր ջնջել քեզ իմ կյանքից։ Չարեցի։ Հանուն ՆՐԱ։
Մի խոսիր, մի խառնվիր
«Երկնագո՞ւյն անձեռոցիկներ։ Ոչ մի դեպքում, միա՛յն սպիտակ։ Չե՞ս հասկանում,
սա հարսանիք է։ Ինչո՞ւ ես իմ տղայի գլխին նման բան անում։ Դու նրան ընդհանրապես սիրո՞ւմ ես։»
«Իսկ ինչո՞ւ եք սեղանը դրել սենյակի մեջտեղում։ Ավելի լավ չի՞ պատին մոտ դնեք։ Տղաս կգա, կասեմ՝ կտեղափոխի։»
«Էս ի՞նչ ես պատրաստել։ Մակարո՞ն։ Տղայի՞ս համար։ Նա չի սիրում մակարոն։ Համ էլ պետք է առողջ սնունդ պատրաստել»։
Ամեն անգամ շրթունքներս կծում եմ և մտքումս հաշվում եմ մինչև տասը։ Զսպում եմ ինձ, որ ավելորդ բառեր չասեմ։ Լուռ եմ մնում։ Հանուն ՆՐԱ։
Մի նեղացիր
Այդ օրը ծննդյանս օրն էր։ ՆԱ ինձ համար անակնկալ էր պատրաստել։ Գիտես. ռոմանտիկ երեկո երկուսիս համար։ Ընթրիք, մոմեր և միայն մենք։ Դրա մասին տեղյակ էիր, ճի՞շտ է։ Ու հենց այդ օրը որոշեցիր այցելել քրոջդ. «Երկու ժամվա ճանապարհ է, տղա ջան, գնանք, շուտ գանք։ Պլաններ ունե՞ս։ Չէ որ մորաքույրդ հիվանդ է։ Ինչպե՞ս կարող ենք չգնալ այցելության», - ասում էիր։
Զարմացա՞ր, որ նա մերժեց։ Ես՝ շատ։ Այդ երեկոն մեր համար էր նախատեսված, գիտե՞ս։ Հրաշալի էր։ Իսկ դո՞ւ։ Նեղացար՝ շատ խիստ։ Հեռախոսազանգերին չէիր պատասխանում, դուռը մեր առաջ չէիր բացում՝ երկու շաբաթ, այդքան դիմացար։
Իսկ ես իմ ամուսնուն՝ քո տղային, այդ օրերին տեսա տխուր, ճնշված, իրեն մեղադրելիս... Արդյո՞ք դա էիր ուզում։ Այդ օրերին այնքա՜ն բան էի ուզում քեզ ասել։ Եվ նորից զսպեցի ինձ։ Հանուն ՆՐԱ։
Մի ձևացրու
Ես գիտեմ։ Կուզեիր, որ տղադ միշտ կողքիդ լիներ։ Առաջարկ ունեմ։ Էն մեկերից, որ «հնարավոր չէ մերժել»։ Մյուս անգամ ուղակի զանգահարիր։ Ասա։ Խնդրիր։ Բայց հիվանդ մի ձևացիր։ Մի փորձիր այդ ձևով ստուգել, թե արդյոք նրա համար ամենակարևորը դու ես։ Որովհետև ես գիտեմ, որ անչափ կարևոր ես։ Բայց գիտեմ նաև, որ այն մրսածությունը ու տաքությունը, որ իբր ունեիր երեկ կամ թե անցած շաբաթ, էն «ձևականներից» էին։
Ու նորից շրթունքներս սեղմելով քեզ դեղեր բերեցի։ Հանուն ՆՐԱ։
Չսպասված այցելություններ
Մեր տանը ՄԻՇՏ սպասված հյուր ես եղել և այդպիսին կլինես։ Բայց ուզում եմ, որ մի բան իմանաս. սա ՄԵՐ տունն է, այսինքն նաև ԻՄ տունն է։
Երբ դռան զանգը լսում եմ, իսկ ես այդ պահին բաղնիքում եմ՝ գիտեմ՝ դու ես։ Եկել ես, որովհետև «ձանձրանում ես», կամ «տղայիդ սիրած ճաշն ես բերել, իսկ ես դրանից չեմ կարողանում եփեմ», կամ «մոտերքում էիր ու որոշեցիր հանդիպել»։
«Հանդիպում ես» շաբաթվա մեջ մի քանի անգամ։ Ամեն անգամ հայացքով ուսումնասիրում ես տան բոլոր անկյունները. «փոշի՞, փաստորեն մաքրասեր չի», - մտածում ես։
Գալուցդ առաջ նախապես զանգի՛ր, որ հասցնեմ ամենը մաքրել...
Հարգիր ինձ
Միայն մի պատճառ կասեմ։ Միակ ճշմարիտը։ Քո տղայի կինն եմ լինելու։ Փոխհատուցելու եմ, խոսք եմ տալիս։
Իմացիր, մեր հարսանիքը ծովափին է լինելու, իսկ սեղաններին էլ երկնագույն անձեռոցիկներ են դրվելու։ Իսկ սեղանը, որ մեր տան մեջտեղում է դրված, այնտեղ էլ մնալու է։
Քիչ էր մնում մոռանայի։ Հարսանիքի օրը չենք փոխելու։ Գիտեմ, մայիսը «վայիս է», բայց որոշել եմ ռիսկի գնալ։ Կարո՞ղ ես ընդունել այս ամենը։
Լեհերենից թարգմանվել է UTiP թարգմանչական կազմակերպության կողմից՝ www.utip.org.pl
Լեհերեն բնօրինակը տեսնելու համար անցեք այս հղումով: