▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իմ կրոնական համոզմունքներն ինձ համար ձեռնաշղթաներ չեն, այլ թիեր. Նշան Աբասյան

Բանաստեղծ, լրագրող Նշան Աբասյանը  Հայ առաքելական եկեղեցու հետևորդ է, ով իր պոեզիայի անկյունաքարը համարում է  քրիստոնեությունը: Կրոնի և գրականության  փոխհարաբերությունների, Վեհափառի և եկեղեցու խորհրդի , ինչպես նաև հասարակության հետ եկեղեցու համագործակցության մասին Asekose.am-ի թղթակցի զրույցը Նշան Աբասյանի հետ` ստորև.

 - Ձեր կարծիքը գրականություն - կրոն փոխհարաբերությունների մասին: Որո՞նք են ըստ Ձեզ դրական և բացասական կողմերը: Արդյոք կրոնը չի՞ սահմանափակում ազատ մտածողության դրսևորումները:

- Կրոնների գոյությունը մեծագույն վկայությունն է այն բանի, որ մարդու գերագույն բնազդներից մեկը Աստծուն փնտրելն է: Հազարամյակների ընթացքում մարդկային քաղաքակրթության վրայով անթիվ գաղափարախոսություններ են եկել ու անցել: Ինքն իրեն բացասելով, ինքն իրեն հաղթահարելով` անընդհատ փոփոխվել է գիտությունը: Տեխնիկական ահռելի առաջընթաց է ապրել: Բայց 21-րդ դարի մարդն էլ շարունակում է կրոնական արարած մնալ: Սա մի փառավոր ապացույց է, որ Աստված մարդու մեջ Իրեն փնտրելու հզոր կոդ է թողել:

Իմ գեղագիտական մտածողությունը ձևավորվել է Հայ Եկեղեցում` հոգևոր երաժշտությամբ: Բուն գեղարվեստական գրականության աշխարհն իմ առջև ավելի ուշ` ուսանողության տարիներին է բացվել, բայց այն անկյունաքարը, որի վրա կառուցել եմ իմ ամբողջ պոեզիան, ներծծված է քրիստոնեկան կրոնի շնչով:

Շատերն են այն թյուր կարծիքին, թե կրոնական մտածողությունը կաշկանդում է ստեղծագործական միտքը, իսկ ինձ համար մեծագույն ազատությունը չափերի արվեստին տիրապետելն է, այդ չափերն իրար ներդաշնակելու, չափերի մեջ լողալու երջանկությունը:

Աստծու հետ մտերմությունն է մարդուն պարգևում իրական ազատության բերկրանքը: Եթե համարում ենք, թե կրոնը կաղապարում է մարդուն, ուրեմն պիտի խոստովանենք, որ Բախի երաժշտությունն ու Դոստոևսկու գրականությունը ամենակաղապարված արվեստի գործերն են:

- Ավեստի, գրականություն և կրոնի փոխհարաբերությունների մասին խոսելիս հաճախ ասում են, որ կրոնը սահամանափակում է ` հավատքը` ոչ: Ո՞րն է Ձեր տեսակետը:

- Կրոնը հավատի դրսևորում է: Հավատը չի կարող քաոսային, վերացական և չբանաձևված մի բան մնալ: Եթե հավատում ես, որ Աստված կա, ուրեմն պիտի ջանաս ճանաչել նրան, չէ՞: Ամեն բանի Արարիչ Աստված չէր կարող իրեն չհայտնել մարդուն, չէր կարող թաքնվել մշուշում ու հեռվից հետևել նրա ընթացքին: Ուրեմն պետք է կրոնների մեջ փնտրել նրան, հանդարտ սրտով կարդալով, դիտելով ու համեմատելով` փորձել հասկանալ նրա ուղերձը, լսել նրա իրական կանչը:Բացի այդ, կրոնները հաճախ գեղեցիկ սիմվոլներ ու մոտիվներ են տալիս մեզ, որոնք արվեստում հրաշալի դրսևորումներ են ստանում: Չէ՞ որ կրոնն ինչ-որ առումով նաև մշակութային հարստություն է:

- Երբևէ զգացե՞լ եք, որ կրոնական Ձեր համոզմունքները ստեղծագործական գործընթացում խանգարել են Ձեզ:

- Իմ կրոնական համոզմունքներն ինձ համար ձեռնաշղթաներ չեն, այլ թիեր, առանց որոնց չեմ կարող ղեկավարել մակույկս:

- Վերջերս աղմկահարույց նամակի շուրջ հանդես եկաք հոդվածով` ի պաշտպանություն Վեհափառի: Ինչո՞ւ եք պաշտպանում նրան, դա անձի պաշտամո՞ւնք է, թե՞ քրիստոնեական դրսևորում:

- Ցավոք, մենք սիրում են ամեն բան միայն սև ու սպիտակի մեջ տեսնել, մինչդեռ աշխարհն ու մարդկային հարաբերությունները շատ ավելի բարդ են ու բազմաշերտ: Համատարած այս աղմուկի մեջ մենք կորցրել ենք համբերելու առաքինությունը: Ամենատարբեր պատճառներով` այսօրվա մարդը, երկու ոտքը մի կոշիկի մեջ արած, շարունակ իր համոզմունքներն է առաջ մղում` առանց խորքը նայելու, բազմաթիվ նրբագույն հանգամանքներ հաշվի առնելու: Վեհափառին և Մայր Աթոռին օրնիբուն քննադատողներից քանի՞սն են իրականում եկեղեցի գնում: Պատարագն ու ժամերգությունն անգամ իրարից չեն տարբերում, բայց իրենց տաքուկ սենյակներում նստած` շտապում են խելք սովորեցնել մի մարդու, որի լուռ ու տքնաջան աշխատանքի մասին պատկերացում անգամ չունեն: Ժամանակը կգա, և սերունդները զղջումով կհասկանան ու կգնահատեն նրա վաստա´կն էլ, լռությո´ւնն էլ:

- Ինչպե՞ս են Ձեր ընթերցողները արձագանքում Ձեր եկեղեցապաշտպան դիրքորոշումանն ու այն դրսևորող հոդվածներին:

- Ոմանք` լուռ, ոմանք միանում են դիրքորոշմանս, բայց ուղղակի քննադատություններ անմիջապես ընթերցողներցս չեմ ստացել:

-  Արդյոք Եկեղեցին, կամ Վեհափառը ունեն Ձեր աջակցության, կամ պաշտպանության կարիքը, այսինքն նման դրսևորումները ողջունո՞ւմ են, գնահատվո՞ւմ են եկեղեցու կողմից:

- Վեհափառ Հայրապետը և առավել ևս Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նվաստիս պաշտպանության կարիքը չունի, քա´վ լիցի: Եկեղեցին մենք ենք: Ես ինքս ինձ եմ պաշտպանում իմ հրապարակումներով:

- Ձեր կարծիքով հասարակությունն ինչպե՞ս պետք է վարվի, տեսնելով հոգևորականների, ոչ հոգևորականին վայել վարքն ու դրսևորումները:

- Նախ` հասարակության հիմնական մասը մոլորված է հերյուրանքների ու բամբասանքների պատճառով: Նրանք, ովքեր առաքինի հոգևորականների կարոտ են զգում, կարող են ավելի հաճախ գնալ եկեղեցի, իսկապե´ս դառնալ եկեղեցական կյանքի մասնակից, և այդպիսիններին լիուլի´ կտեսնեն: Միաժամանակ իրավունք և փորձառություն կունենան` թերությունները ներսում մատնանշելու և դրանց շտկմանը իրենց լուման բերելու համար:

- Իսկ Ձեր գրական աշխատանքներում, որևէ կերպ արտացոլվո՞ւմ են վերահիշյալ խնդիրներն ու դրանց լուծումները:

- Ուղղակիորեն` ոչ: Խորքային հարցեր` գուցե... Ենթագիտակցաբար...

 

Զրուցեց  Նանե Բագրատունին

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее