Ռեժիսոր Սուրեն Թադևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել, որով հայտարարել էր, որ ՀՀ ճանապարհային ոստիկանության աշխատակից Արշակ Սահյանն իր նկատմամբ ցուցաբերել է խտրական վերաբերմունք և կաշառքի ակնարկ է արել: Ըստ ռեժիսորի՝ իրեն տուգանել են հետիոտնին չզիջելու համար՝ պնդելով, որ այդ պահին իր առջևից ընթացող առավել ցածր դասի մեքենաներն անտեսվել են, և տեսուչը մեղադրանք է առաջադրել միայն իրեն, քանի որ ինքը վարում է «Կաբրիոլետ BMW» մակնիշի թանկարժեք ավտոմեքենա:
Հարցի շուրջ պարզաբանումներ էին ստացվել նաև ՀՀ ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Արսեն Արշակյանից, ով ասել էր, որ հրավիրել է տեսուչին՝ բացատրություններ տալու, ամեն ինչ պարզված է, և եթե Սուրեն Թադևոսյանը դժգոհություններ ունի` վարչական իրավախախտումը արձանագրելու հետ կապված, ապա ցանկացած պահի կարող է դիմել ՃՈ ղեկավարությանը, ստանալ իր խախտման տեսագրությունը, և եթե նա դժգոհություններ ունենա, կարող է օրենքով սահմանված կարգով վիճարկել տեսուչի որոշումը:
Lurer.com-ն է կրկին անդրադաձել խնդրին, ու հարցի ամբողջական լուսաբանումը ապահովելու համար, դիմել է ՀՀ ոստիկանությանը՝ խնդրելով տրամադրել աղմկահարույց խախտման տեսագրությունը:
Lurer.com-ը նաև դիմել է ՀՀ ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Արսեն Արշակյանին` խնդրելով բացատրել, թե վարորդն ինչ խախտում է կատարել, և օրենքի որ կետի հիման վրա է պատասխանատվության ենթարկվել:
Արսեն Արշակյանը, մասնավորապես, ասել է.
- Վարչական իրավախախտումների մասին օրենքի 124-րդ հոդվածի 6-րդ մասով` նախատեսվում է՝ տրանսպորտային միջոցների վարորդների կողմից հետիոտնային անցումների հատման կանոնները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով, այս դեպքում` 5000 դրամ: Իսկ ճանապարհային երթևեկության կանոնների 103-րդ կետը սահմանում է՝ տրանսպորտային միջոցի վարորդը պետք է խոչընդոտ չստեղծի չկարգավորվող հետիոտնային անցումների երթևեկելի մասը հատող հետիոտների համար: Այս դեպքում կոնկրետ նկարահանման մեջ ակնհայտ երևում է, թե ինչպես է հետիոտնն առաջին երթևեկելի գոտին արդեն հատել, և տվյալ դեպքում` BMW մակնիշի ավտոմեքենայի վարորդը պարտավոր էր զիջել հետիոտնին, որպեսզի նա հատեր երթևեկելի մասը:
Ի դեպ, տեսանյութի հրապարակմանն ու Արսեն Արշակյանի բացատրությանը` Ֆեյսբուքում արձագանքել է ռեժիսոր Սուրեն Թադևոսյանն, ով , մասնավորապես, գրել է.
Ահաաա թե որտեղ էր թաքնվել այդ հետիոտնը )) Մերսեդեսի հետևում էր, ես ճիշտն ասած, շատ ավելի վերևում էի պատկերացնում իմ արած խախտումը ) Շատ խնդալու ա, հիմա սա/ տեսանյութը/ ստեղ դրել եք, որ ի՞նչ անեք...