▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի վերջո, այս երկրում կլինի՞ մեկը, ով կասի` բավական է

Դեռ ինչքան պետք է հանդուրժել այս խայտառակ խայտաբղետությունը…
Լավ, մի կողմ դնենք քաղաքականությունն ու դրանում ներգրավված «գորշությունը»:
Բայց, չէ որ, այդ ամենից այն կողմ, նաև հասարակական կյանք գոյություն ունի:
Միացնում ես հեռուստացույցը, ինչ որ պատահական մարդիկ, ովքեր դեռ կայանալու, ինքնահաստատվելու  ճանապարհին «դեղնակտուցներ» են, հեռուստալսարանին իրենց արատավոր մտքերն ու ապրելակերպն են պարտադրում:
Ովքեր են այն հեռուստատեսային հանցագործներն ,ովքեր կարգախոս են որդեգրել, իբր` «չես ուզում,փոխիր հեռուստաալիքը»: Կամ` «ժողովուրդն` այս է նախընտրում»:
Ի վերջո, ով պետք է դրանց ասի` բավական է: Այս երկրում ապրում են մարդիկ, որոնց համար արժեհամակարգերն այլ են, իսկ հեռուստաեթերն ու զանգվածային միջոցները համընդհանուր: Որ այդ մարդիկ բոլորովին այլ արժեհամակարգ են փոխանցում իրենց զավակներին, ովքեր նույնպես օգտվում են այդ զանգվածային միջոցներից, և որ նրանք որևէ մեկից պակաս իրավունքներ չունեն այդ ամենից օգտվելու: Որ ինչու, ինչ որ մեկն այս երկրում պետք է պարտադրված հեռուստաալիք փոխի:
Կիրթ, գիտակից, խոհեմ ու փորձառու հասարակական անձը, ներկայանալով հեռուստաեթերից, իր գեր խնդիրն ու առաքելությունը պետք է համարի` դրական լիցքերի փոխանցումը, կրթելու, դաստիարակելու, մարդկանց բարիացնելու, խոհեմության ու միասնության գաղափարներով վարակելու առաքելությունն ստանձնելով,ինչքան էլ իր սեփական կարծիքներում տարաձայնություններ ունենա, կամ լցված լինի նեղվածությամբ:
Իսկական մտավորականն ու հասարակական գործիչն հենց նա է, ով կոչված է մի կողմ դնելով սեփականը,մտածել ու գործել` ընդհանուրի շահերով: Անգամ, եթե որևէ քննադատական միտք է արտահայտում, պարտավոր է դա անել մաքսիմալ զգուշությամբ, քանի որ, մի քանի քայլ այն կողմ, հասարակական կյանք կոչվող բարդ կառույցն է, հազարավոր ճակատագրերով ու մեկը-մյուսից տարբեր մտածող մարդկային ինքնություններով:
Եվ ինչ: 
Նույն դեմքերը, որոնցից, գրեթե, միշտ նույն բառախաղն ես լսում; Ովքեր, եթե հաջողակ են ինչ որ ոլորտում, սակայն կրթվածության հարցում բացահայտ անգրագիտությամբ են տառապում: Եվ նրանց հայերեն` մեկ-երկու նախադասություն արտաբերելուց հետո,գիտակից մարդն իսկույն հասկանում է,որ հաղորդման «հերոսն» հազիվ թե իրեն ասելու բան ունենա, որ սեփական կրթվածությունն ու գիտելիքները համոզիչ դարձնելու համար, ժամանակին պետք էր գրքեր կարդալ, որպեսզի լեզուն սովորեր անթերի արտահայտվել: Որ սեփական մաղձն ու գորշությունը բուժելու լավագույն բժիշկը` գրականությունն ու արվեստն է:
Ինչպես գնահատել ու հավատալ այն «հասարակական գործիչ» ինքնակոչին,ով հասարակ նախադասություն արտաբերել չգիտե:
«Հայաստանի Հանրապետության քաղաքացին, դա»… 
Կամ` « Սա` հարցեր են»…
Դե արի, ու իմ նման մարդուն հեռուստաեթերից բան ասող այս տհասին մի ասա,
-Ախր,այ… քեզ էլ, քեզ եթեր տրամադրողի էլ…
Ինքս` լեզվաբան չեմ: Ոչ էլ համապատասխան ուղղվածության մասնագետ: Բայց գոնե «հասարակ իմացությանը» տիրապետելու արդյունքում, հասցրել եմ սովորել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին, ոչ թե` «դա» է, այլ` «Նա»: Որ դպրոցում, եզակի ու հոգնակի բառերով նախադասություններ եմ կազմել, ու ինչքան էլ ջանքեր եմ գործադրում  «Դրա» կազմած`  «Սա` հարցեր են» նախադասությունն համապատասխանեցնել իմ արհամարանքին, միևնույնն է, էլի սիրտս զայրույթից պայթում է, որ ինձ մոտ` «սրանք` հարցեր են» նախադասությունն է ստացվում…
Այսպիսի` կոպիտ անգրագիտությամբ տառապում են,գրեթե, բոլոր հեռուստաեթերի իրավունք «նվաճածները»: Նրանք` քաղաքական գործիչներ են, լրագրողներ /ինչն` առավել ցավալի է /,երգիչ-երգչուհիներ, մտավորականներ և այլն:
Պատահական մարդիկ հեռուստաեթերից խոսում են ազգային ու հասարակական թեմաներից:
Քննարկվում են հարցեր, որոնք անմիջական ազդեցություն ունեն մեր ազգային դիմագծի ու ավանդույթների հարցում: Երիտասարդությանը քարոզվում են արժեքներ, որոնցով, միգուցե, երջանիկ է եվրոպացին, բայց հայ երիտասարդն իր գենետիկ պարունակությամբ, ու ազգային պատմությամբ` պատկանել, և պետք է պատկանի այլ արժեքների:
Համենայնդեպս, այս երկրում դեռ կան մարդիկ, ովքեր պատկանում են այդ արժեքներին: Նրանք` ևս այս երկրի լիիրավ քաղաքացիներ են:
Ով պետք է պաշտպանի նրանց իրավունքները:
Ինչ-որ ցածրակարգ հեռուստատեսության տհաս «հրամանատարը», կամակատարը, դրսում պոռնկությամբ զբաղվող` հեռուստաեթերից իր փորձը ծածկագրերով հանրությանը պարտադրող «հաջողակը», թե այս ամենի առաջին ու միակ պատասխանատուն…ում վստահված է` մեր, ու մեր երեխաների ապագան,մեր երկրի ու պետականության ապագան:
Մենք փոքր ժողովուրդ ենք: Աշխարհաքաղաքական բարդ տարածաշրջանային հանգույցում, շրջապատված դարավոր թշնամիներով, բազմաթիվ չլուծված խնդիրներով ծանրաբեռնված, ուր մուսուլմանական աշխարհն օրեցօր ծաղկում ու հզորանում է, իսկ մենք` արտագաղթում…
Ի վերջո, կլինի մեկն, ով կասի` բավական է:
Իսկ, թե` ոչ, մնում է ասել` «Ձեզ» էլ, ձեր` «սարքածն» էլ…

Երգիչ Ազատ Աբրահամյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее