▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հզոր ցիկլոն է թափանցում ՀՀ տարածք. 1 օրում ամսական նորմայի չափ տեղումներ են սպասվում

 

Armtimes.com-ը գրում է.

Այսօր գիշերը Հայաստանի տարածք կներթափանցի արկտիկական ցիկլոն, որը ՀՀ ԱԻն «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը մեկ բառով անվանում է «հզոր»:

«Արկտիկական օդի ներհոսքն այնքան ուժեղ է լինելու, որ հոկտեմբերի 31-ի գիշերը ավելի տաք է լինելու, քան նոյեմբերի 1-ի ցերեկը, որովհետեւ արկտիկական օդը ներխուժելու է վաղն առավոտվանից սկսած: Այսինքն՝ այսօր գիշերը կլինի +8+9, վաղը ցերեկը ժամը 13:00-14:00-ի կողմերը կիջնի +6»,- մեզ հետ զրույցում մանրամասնեց Սուրենյանը:

Ներկայացնենք նրա հետ մեր զրույցը:

- Պարոն Սուրենյան, այսօր տեղումներ կանխատեսվո՞ւմ են:

- Այսօր տեղումներ կլինեն, բայց դա ուրիշ պրոցեսի հետ է կապված: Այսօր կեսօրից հետո աստիճանաբար տեղումները կսկսվեն, բայց քանի որ առավոտվա կողմ ավելի հզոր ցիկլոն է ներթափանցում, ինտենսիվ տեղումները կսկսվեն լուսադեմից: Տեղումներն ինտենսիվ կերպով կշարունակվեն նոյեմբերի 1-ին եւ 2-ին՝ լեռնային եւ նախալեռնային գոտիներում հիմնականում ձյան տեսքով: Ձյուն կանխատեսվում է Շիրակի, Լոռու մարզերում, Արագածոտնի լեռներում, Կոտայքում, Գեղարքունիքում, Վայոց ձորի լեռներում, Տավուշի եւ Սյունիքի նախալեռնային հատվածներում: Ցիկլոնի հիմնական հարվածը կլինի Արագածոտնի, Կոտայքի եւ Վայոց ձորի մարզերի վրա, որտեղ սպասվող տեղումները կլինեն առավել ինտենսիվ: Մեկ օրում ամսական նորմայի չափ տեղումներ են սպասվում: Առանձին ճանապարհահատվածներում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն եւ մերկասառույց, ուստի մենք հորդորում ենք մարզեր երթեւեկել միայն ձմեռային անվադողերով:

- Օդի ջերմաստիճանը որքա՞ն կնվազի:

 - Արկտիկական ցուրտ օդային զանգվածների ներթափանցմամբ պայմանավորված՝ նոյեմբերի 1-2-ին ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով:

- Կարելի՞ է ասել, որ այն մարզերում, որտեղ դեռ բերք կա դրսում՝ ցրտահարություն կարող է լինել:

- Այո, նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը Տավուշի եւ Սյունիքի հովտային գոտիներում, Արագածոտնի եւ Վայոց ձորի նախալեռներում, Արարատյան դաշտում ու Երեւանում հնարավոր է 0...-2 աստիճան ցուրտ: Lեռնային մարզերը չենք հաշվում. Շիրակում, Գեղարքունիքում բերքը վաղուց հավաքված է: Իսկ այն գոտիներում (Արարատյան դաշտը, Տավուշի հովիտները, Իջեւանը, Բագրատաշենը, Բերդը, Ղափանը, Մեղրին, Արագածոտնի նախալեռները, Վայքը, Արենին), որտեղ դեռ վարունգ կա դրսում, լոբի, խնձոր, տանձ, մեր հորդորն այն է, որ հավաքեն, չվնասվի:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее