Երեք օր շարունակ Հայաստանը գտնվում էր ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում. պատճառը Հռոմի Ֆրանցիսկոս պապի եռօրյա այցն էր Հայաստան, որի խորագիրն էր՝ «Այց առաջին քրիստոնյա երկիր»: Հռոմի պապն իր հետ Վատիկան տարավ ոչ միայն հայերի շնորհակալական հայացքներն ու գոհունակության ժպիտները, այլև ՝ նվերներ:
Պապը Գյումրիում նվեր է ստացել քանդակագործ Gago-ի (Գագիկ Գևորգյանի) «Հայ որբուկներ» կոչվող արվեստի գործը: Քանդակը նվեր է եղել Հռոմի պապին Գյումրու Անարատ Հղության քույրերի միաբանության կողմից:
Asekose.am-ի հետ զրույցի ընթացքում քանդակագործ GAGO-ն խոսել է քանդակի ստեղծման գաղափարի, դրա նշանակության, Պապի՝ Հայաստան կատարած այցելության մասին և ոչ միայն:
«Գործն արել եմ 2 ամսում: Որոշեցի 2 որբուկների պատկերել, ովքեր կապ ունեն և՛ Եղեռնի հետ, և՛ մեր ժամանակների հետ, և՛ ողջ հայության ու մարդկության հետ: Ճիշտ է քանդակը կոչվում է «Հայ որբուկները», սակայն այս գործը պատկանում է ամբողջ աշխարհին, քանի որ դրա թեման համամարդկային է: Կարող եմ հստակ ասել, որ սա իմ լավագույն գործերից մեկն է, այն իսկապես ստացված է, երևի թե, Աստծո մատը խառն է այս գործում»,- մեզ հետ զրույցի ընթացքում պատմեց քանդակագործը:
Անդրադառնալով քանդակում արտահայտված գաղափարին՝ մեր զրուցակիցը նշեց, որ իրականում որբության գաղափարի հետևում թաքնված է պայքարելու ու կյանքում առաջ գնալու գաղափարը:
«Երկու որբուկները քույր ու եղբայր են: Որոշեցի նրանց այն տարիքում պատկերել, որպեսզի նրանք փոքր չլինեն և հիշեն իրենց որբությունը, իրենց անցյալը, որը հնարավորություն կտա նրանց կյանքում առաջ գնալ, գտնել իրենց իսկական տեղը, չկոտրվել ու ծնկի չգալ ՝անկախ կյանքում հանդիպած խոչընդոտներից: Եղբորը ներկայացրել եմ ավելի ագրեսիվ վիճակում, ավելի պայքարող տեսակում,ով նաև մի քիչ չարացած է աշխարհի նկատմամբ, ում հայացքում վրեժի զգացում կա: Սակայն այս ամենով հանդերձ նա քրոջ կողքին է, պատրաստ է պաշտպանել նրան և նրա նման անօգնական մնացած բոլոր երեխաներին: Որոշեցի, որ գործի մեջ ոչ միայն խեղճություն լինի, այլև պայքար: 2 որբուկները մեծ ուժ ու ապագայի նկատմամբ մեծ հավատ են կրում իրենց ներսում և օգնում են միմյանց՝ խեղճությունից դուրս գալու և լավ կյանքով ապրելու համար»,- զրույցի ընթացքում մանրամասնեց քանդակագործը:
Բազմաթիվ քանդակների հեղինակ GAGO-ն նշեց, որ, ցավոք, չի կարողացել քանդակն անձամբ նվիրել Հռոմի պապին, քանի որ որոշակի հանգամանքներ խանգարել են դրան, սակայն վստահ է, որ ստեղծագործությունը գտել է իր տիրոջը՝ Հռոմի պապին, ով միշտ որբերի և լքվածների կողքին է:
«Կարծում եմ՝ սա իսկապես արժանի նվեր է Հռոմի պապին, քանի որ նա որբերի, հիվանդների, չքավորների հայրն է»:
Մեր այն հարցին՝ արդյո՞ք տեղյակ է , թե ինչպես է նվերին արձագանքել Հռոմի պապը, մեր զրուցակիցը նշեց. «Տեղյակ եմ, որ նրան հուզել է արձանի հիմքում դրած գաղափարը և շատ է սիրել այն»:
Անդրադառնալով Հռոմի պապի՝ Հայաստան այցելության կարևորությանը, Gago-ն մասնավորապես նշեց. «Մեզանից յուրաքանչյուրի համար մեծ հպարտության առիթ տվեց նրա այցը, նա երկրոդ անգամ արդեն ճանաչեց հայերի Ցեղասպանությունը և դեռ կրկնելու է իր ասածը: Իր այցով Պապը ողջ աշխարհի ուշադրությունը կենտրոնացրեց Հայաստանի ու հայ ժողովրդի վրա, հատկապես՝ այս շրջանում, երբ սահմանին լարված վիճակ էր»:
Քանդակագործի համար մեծ հպարտություն է, որ իր աշխատանքը Պապի ձեռքում է, տարվել է Վատիկան, որն աշխարհի կարևորագույն կենտրոններից մեկն է:
«Այս քանդակի թեման համամարդկային է, ուստի պարզապես կցանկանայի, որ այն ավելի մեծ չափերի լիներ, տեղադրված լինելով Վատիկանում՝ լիներ ողջ մարդկության ուշադրության կենտրոնում՝ նրան հուշելով, որ նման երեխաները մեր օգնության կարիքն ունեն»,- Asekose.am-ի հետ զրույցը եզրափակեց քանդակագործ Գագիկ Գևորգյանը (GAGO):
Հեղինակ՝ Լիլիթ Նավասարդյան
Կարդացեք նաև՝ Իմ գործերը ձեռք բերելն էժան հաճույք չէ. GAGO
Նշենք, որ այս օրերին GAGO-ի քանդակները կարող եք տեսնել Արամի 42/1 հասցեում գտնվող «Ժան Պոլ Էքզիստենցիալ» սրճարանում և «Նավավար» ձկնալի ըմպելարանում: