ՓիԱր-ի Զարգացման Հայկական Կենտրոնը` արձագանքելով Երևանի քաղաքապետարանի կողմից հայտարարված Հանրապետության հրապարակի վերակառուցման բաց մրցույթին, ներկայացնում է մրցույթի պայմաններին համապատասխան հայեցակարգային նախագիծ: Նախագծի շրջանակներում կենտրոնի կողմից առաջարկվում է Լենինի արձանի տեղում տեղադրել Լենինի արձանը և վերականգնել ժամանակին ապամոնտաժված տրիբունան:
ՓիԱր-ի Զարգացման Հայկական Կենտրոնի կողմից առաջարկը հիմնավորվում է հաշվի առնելով հետևյալ իրողությունները.
- հրապարակն իրականում վերածվել է տրանսպորտային գերբեռնված հանգույցի, իր բոլոր բացասական ազդեցություններով, իսկ Լենինի արձանի տեղադրումը կարող է զգալիորեն թեթևացնել տրանսպորտային գերծանրաբեռնվածությունը հրապարակում,
- Լենինի պես հզոր քաղաքական առաջնորդի արձանը կարող է մեծ ստվեր գցել Հանրապետության հրապարակին անմիջականորեն հարող տարածքների կառուցապատման արդյունքում ձևավորված ակտիվ սիլուետների վրա` թուլացնելով դրանց բացասական ազդեցությունը,
- հրապարակը ձևավորող որոշ մասնաշենքեր գործառնական նշանակությամբ վերափոխվել են և դրանց կարևորությունը շեշտադրելու համար հարկավոր է ազդեցիկ արձան,
- կառուցվել է երկու կարևորագույն հրապարակների միջև հետիոտն կապ հանդիսացող Հյուսիսային պողոտան, քանդվել է Իսահակյանի անվան գրադարանը, վաճառվել է ԱԳՆ շենքը և այլն,
- ի վերջո՝ Հանրապետության հրապարակը, հանդիսանալով համայն հայության խորհրդանիշ ու համազգային, համապետական և համաքաղաքային
միջոցառումների իրականացման կարևորագույն հարթակ, արժանի է ունենալ այն տեսքը, որն ի սկզբանէ որոշել էին հրապարակի հիմնադիրները:
Սույն հայեցակարգային նախագիծը ՓիԱր-ի Զարգացման Հայկական Կենտրոնի կողմից նախատեսվում է ներկայացնել մրցութային հանձնաժողովի ուշադրությանը սահմանված ժամկետներում` 1:400 մասշտաբի կից մանրակերտով: Հաշվի առնելով Երևան քաղաքում առկա բազմաթիվ խնդիրները` այս նախագիծը հնարավորություն է տալիս նաև խնայել քաղաքապետարանի միջոցները` դրանք ոչ պակաս կարևոր այլ նպատակներով տնօրինելու համար: