armtimes.com-ը գրում է. Մայիսի 17-ին Հանրապետության հրապարակի շատրվանների ավազանի մեջ հայտնված կինը, ով ինչպես հետո պարզվեց՝ հայտնի իրավապաշտպան, քաղաքագետ, Մարդու իրավունքների եւ ժողովրդավարության ինստիտուտի հիմնադիր Արմինե Առաքելյանն է, դուրս է գրվել հոգեբուժարանից: Նա առայժմ չի ցանկանում շփվել լրագրողների հետ, սակայն հոգեկան ոչ մի խնդիր չունի եւ ամբողջովին հավասարակշիռ վիճակում է: Այդ մասին մեզ հետ զրույցում հայտնեց հրապարակախոս Զարուհի Հովհաննիսյանը:
Ինչպես տեղեկացրել ենք՝ Արմինե Առաքելյանին ջրավազանից ձեռնաշղթաներով դուրս էին բերել եւ «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոն տեղափոխել ԱԻՆ-ի եւ ոստիկանության աշխատակիցները: Դուրս բերման տեսանյութում երեւում էր, որ Առաքելյանը ինչ-որ տարօրինակ շարժումներ է անում, փակում աչքերը, հրում ոստիկաններին՝ գոռալով, որ նրանք խավարում են մնալու: Շատերին սա հիմք էր տվել կարծելու, որ կինը հոգեկան խնդիրներ ունի: Իրականում, ինչպես մեզ հետ զրույցում պնդում է Զարուհի Հովհաննիսյանը, ով բավական մտերիմ հարաբերությունների մեջ է Առաքելյանի հետ, նա ոչ մի հոգեկան խնդիր չունի: Պահվածքը, որ երեւում է տեսանյութում, ըստ Հովհաննիսյանի, պայմանավորված է իր ակցիայի նկատմամբ մարդկանց, ոստիկանների, լրագրողների ոչ ադեկվատ արձագանքով.
«Ի՞նչ իրավունք ունեն ձեռնաշղթա հագցնել մարդուն, եթե նա վնաս չի տվել որեւէ մեկին: Կապ չունի նա որտեղ է գտնվում: Նա ագրեսիա չի կիրառել, որ նրան մեկուսացնեն հասարակությունից որպես հոգեկան խնդիրներ ունեցող մարդու: Ես լիազորված չեմ բացատրելու նրա անհատական ընդվզման ակցիան, չէի էլ ուզենա, որ բացատրվի: Բայց ես կարող եմ ասել, որ որպես մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մարդ ես համարում եմ, որ անթույլատրելի է մարդուն նման իրավիճակի հասցնել, ձեռնաշղթա հագցնել ինչպես հանցագործի: Վերջին շրջանում ես շատ-շատ եմ իր հետ շփվել, ինքը ադեկվատ է, կարող եմ վստահեցնել ձեզ: Որեւէ խնդիր չունի: Տեսանյութն արված է այն ժամանակ, երբ իրեն ամբողջությամբ հունից հանել են, ձեռնաշղթաներ են հագցրել: Փորձել են ամեն կերպ նրան ներկայացնել որպես հոգեկան անհավասարակշիռ վիճակում գտնվող մարդ, որի ժամանակ ցանկացած մեկի մոտ կարող է նման պահվածք արտահայտվել: Իրականում այսօր հոգեկան անհավասարակշիռ վիճակում գտնվում է մեր իրավական համակարգը, որովհետեւ ցանկացած մարդու ազատ կամքի արտահայտությունը որակում է անհավասարակշիռ քայլ»,- ասում է Զարուհի Հովհաննիսյանը:
Մեր հարցին՝ Առաքելյանի ակցիան ինչ-որ անձնակա՞ն խնդրի արտահայտում է, թե՞ երկրում ստեղծված ընդհանուր վիճակով է պայմանավորված, հրապարակախոսը պատասխանեց. «Եթե նա մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մարդ է, քաղաքագետ է, այլեւս չի կարող անձնական լինել որեւէ խնդիր: Իր ցանկացած մեսիջ քաղաքական է: Ցանկացած մեսիջ վերաբերում է երկրի, աշխարհի իրավիճակին: Այնպես որ այդ մեսիջները պետք է կարողանալ կարդալ եւ հասկանալ»:
Ի դեպ, Արմինե Առաքելյանը ընդամենը շաբաթներ առաջ՝ ապրիլի 29-ին է հարցազրույց տվել «Առաջին լրատվականին»: Նա իր մտահոգությունն է արտահայտել երկրի ներսում ստեղծված իրավիճակի հետ կապված՝ ընդգծելով, որ թեեւ բանակը մեզ կարող է հաղթանակ պարգեւել, ինչպես 1994-ին, սակայն ներքին մակարդակում տանուլ ենք տալու, որովհետեւ քաղաքական միտքը այս տարիների ընթացքում չի փոխվել:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում
Տեսանյութը՝
-ի