▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հովհաննես Թոքմաջյանը՝ Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ռեկտոր

Հուլիսի 29-ին հրավիրվել է Շուշիի տեխնոլոգիական համալսարանի հոգաբարձուների խորհրդի  հերթական նիստը` վարչապետ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ:

Համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես  Թոքմաջյանը նիստում ներկայացրել է համալսարանի ռազմավարական ծրագիրը առաջիկա տարիների համար: Անդրադառնալով կրթօջախի զարգացման հիմնական նպատակներին, խնդիրներին և դրանց իրականացման ուղղություններին՝ Հ. Թոքմաջյանը կարևորել է որակյալ ուսուցման ապահովման, հետազոտական աշխատանքի իրականացման, միջազգային ճանաչման, կրթական մեթոդների բազմակողմանիության և ազատականացման հարցերը: Ըստ նրա՝ շուրջ 400 ուսանող ունեցող համալսարանի հիմնական առաքելությունը միջազգային չափանիշներին համապատասխան և Արցախի տնտեսական պահանջները բավարարող մասնագետների պատրաստումն է:

 Ծրագիրը հավանության արժանացնելուց  հետո` խորհրդի անդամներն անցան օրակարգային երկրորդ՝ ռեկտորի ընտրության հարցին: Փակ գաղտնի քվեարկությամբ` 15 կողմ ձայնով Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ռեկտոր է ընտրվել Հովհաննես Թոքմաջյանը: Շնորհավորելով նորընտիր ռեկտորին՝ նիստի մասնակիցները նրան մաղթել են հաջողություններ ստանձնած պարտականությունների կատարման ընթացքում:

Իր խոսքում Շուշիի տեխնոլոգիական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ, վարչապետ Արայիկ Հարությունյանը մեծապես կարևորել է համալսարանի դերը Արցախի տնտեսության և կրթական համակարգի հետագա զարգացման գործում: Նա խորհուրդ է տվել  կրթօջախի ղեկավարությանը չհրապուրվել ուսանողների քանակով, այլ ցանկացած ձեռնարկման հիմքում դնել որակը, քանի որ միայն այդ դեպքում է հնարավոր ստանալ ակնկալվող արդյունքը:

Նիստում հաստատվել է համալսարանի կառուցվածքը. այն կունենա երկու պրոռեկտոր և կգործի 8 ամբիոնով: Խոհրդի անդամների կողմից համալսարանի նախահաշիվն ընդունվել է ի գիտություն և հաստատվել հաստիքացուցակը: Տեղեկատվություն է հաղորդվել նաև պրոֆեսորադասախոսական կազմի ամսական բազային աշխատավարձի տեսակարար ցուցանիշների մասին: Խորհուրդը հաստատել է Երևան քաղաքում համալսարանի ներկայացուցչության կանոնադրությունը:

Նիստի ավարտին քննարկվել են նաև կրթօջախի հետագա գործունեության արդյունավետության հետ կապված այլ հարցեր:

 

ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее