▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հույս ունեմ եկեղեցին մի օր կսկսի հարգել մարդկանց՝ անկախ նրանց կրոնական պատկանելիություններից

Անշուշտ հոգևոր աշխարհում կաթողիկոսը համարվում է քահանայական գերագույն իշխանություն և կոնկրետ ուղղափառության մեջ, ըստ եկեղեցու ղեկավարման հերարխիկ կառուցվածքի, բուրգի վերին հատվածում գտնվում է կաթողիկոսը, իսկ ներքևում տեսնում ենք եպիսկոպոսներին, արքեպիսկոպոսներին, ծայրագույն վարդապետներին, վարդապետներին, քահանաներին և այլն: Սա, իշխանության անքակտելիության և այդ իշխանության հանդեպ հնազանդության լավագույն մոդելն է, որը դարերի ընթացքում ապցուցել է իր արդյունավետությունը: Մենք այսօր էլ տեսնում ենք, որ այդ կառուցվածքն իրոք որ անթերի է: 
Տեսեք, կաթողիկոսի հասցեին ինչեր ասես, որ չեն խոսում մարդիկ, ինչպես ասում են, կեսը սուտ, կեսը ճշմարիտ, կեսը հորինված, մյուս կեսն էլ իրականությանը համապատասխան: Կաթողիկոսին մեղադրում են կաթողիկոսական ընտրության ժամանակ, ընտրակեղծիք կատարելու մեջ, նույնիսկ Վազգեն Սարգսյանի և կառավարության գլխատման ժամանակ, երբ նա ընտրվում էր կաթողիկոս, ինքն իրեն պահեց բավականին տարօրինակ և զարմանալիորեն անվրդով: Մեղադրանքներ են հնչում, իբրև թե նա կին և երեխաներ ունի, նույնիսկ փեսա կամ փեսաներ, մեղադրում են քրեաօլիգարխիկ իշխանություննների հետ մերձեցման և եկեղեցու՝ պետության հետ սերտաճման և փոխադարձ ծառայություններ մառտուցելու մեջ: Խոսում են այն մասին, իբրև թե կաթողիկոսի եղբայրը թմրանյութերի բիզնեսով է զբաղվում: Երևի թե միակ դրական կողմն այն է, որ կարելի է նրան եկեղեցաշեն անվանել: Անշուշտ կաթողիկոսից ցած գտնվող քահանայական դասը, համբուրում է նրա աջը և հայրապետական օրհնություններ ստանում, բայց ես վստահ եմ, որ նրանցից շատերը կեղծ կամ ձևական ակտ են կատարում համբուրելով այդ աջը և միևնույն ժամանակ չհամաձայնվելով նրա վարած եկեղեցական քաղաքականության հետ: Բայց դա չի նշանակում, որ եկեղեցում բոլորն են սատարում կամ հավանություն տալիս կաթողիկոսի գործունեությանը: Օրինակ, ըստ որոշ լրատվական կայքերի ներկայացրած տվյալնների, որքան հիշում եմ 176 քահանաներ և եպիսկոպոսներ են կարգալուծվել կաթողիկոսի հետ խնդիրներ ունենալու կամ անհնազանդության պատճառով: Պաշտոնական Էջմիածինը, 80 կամ ավելի թիվն է ներկայացնում, սակայն, էականը կարծում եմ թիվը չէ, այլ պատճառները:
Անձամբ հարգում եմ Միքայել սրբազանին, իր սկզբունքայնության համար և հավանում եմ իր՝ կաթողիկոսի իշխանության հանդեպ դրսևորած հնազանդության համար, դա խոնարհության մեծագույն ապացույցն է և լավագույն օրինակը ուրիշների համար: Իրականում, կաթողիկոսի թերությունը բխում է եկեղեցու կանոնակարգում եղած բացթողումներից կամ հոգևոր դասի թերություններից կամ անկատարելիությունից, բայց դա չի կարելի դիտել որպես արդարացում, թե միայն Աստված է անսխալական:
Կար մի ժամանակ, երբ նույնիսկ աթեիստն էր պատկառանք տածում եկեղեցական սրբավայրերի և հոգևորականների նկատմամբ, բայց այսօր շատ բան է փոխվել, թե եկեղեցին առաջվանը չէ և թե մարդիկ: Ծատուրյանն ասել է այն, ինչը մարդիկ խոսում են շենքի բակերում, հարսանիքների ժամանակ կամ թաղման արարողության ընթացքում: 
Մարդիկ պաշտում են Աստծուն, հարգում են եկեղեցին, բայց ներքուստ հակակրանք տածում հոգևորականների հանդեպ (թերևս ոչ բոլորի): 
Իսկ վերջին ժամանակներս, հոգևորականները անթույլատրելին արեցին, առհամարելով եկեղեցուց դուրս մարդկանց՝ աթեիստներին, կաթոլիկներին, մահմեդական հայերին, բողոքականներին և աղանդավորներին, հայտարարեցին, որ նրանք հայ չեն, դա բացարձակապես թշնամության և անհանդուրժողականության քարոզչություն էր: Դրան չհետևեց եկեղեցու պաշտոնական դիրքորոշումը կամ թույլ տրված սխալի համար ներման հայցումը, այդ իսկ պատճառով, կարծում եմ, որ Ծատուրյանը այն պիտակավորված բազում հայերից էր, ով իրեն ընձեռնված առիթը օգտագործեց՝ այսպես ասած «ամեն մեկի պոռտը դեղը դնելու համար»: 
Կուզենայի հույս տածել, որ եկեղեցին կվերանայի եկեղեցի և ժողովուրդ հակամարտության հարցը, կհրաժարվի իր տիրական դիրքից, կսկսի հարգել մարդկանց՝ անկախ նրանց կրոնական պատկանելիություններից և համագործակցելու, կամ այսպես ասած, ժողովրդի սիրտը շահելու միջոցներ կփնտրի:

 

Մամիկոն Համբարյան 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее