Հարգելի համաքաղաքացիներ,
Ծածկած շուկայի ապօրինի շինարարության դեմ ձեզ հետ միասին պայքարել ենք սկսած այն պահից, երբ հուշարձանի կամարների մի մասը սկսեցին քանդել: Հանցագործության մասին ծանուցում տրվեց: Կազմակերպվեցին բազմաթիվ բողոքի ակցիաներ, ինչպես նաև բաց ստորագրահավաք, որի արդյունքները հանձնվեցին պատկան մարմիններին: Քաղաքապետարանը երկու անգամ տուգանեց շենքի սեփականատիրոջը, իսկ Մշակույթի նախարարությունը գրությամբ պահանջեց վերականգնել հուշարձանի նախկին տեսքը:
Բոլոր այս գործընթացները կանգ առան կիրարկման փուլում, երբ պետք է լիներ որևէ դատական վճիռ կամ իրավապահ մարմինները պետք է պարզապես մտնեին և դադարեցնեին ապօրինի շինարարությունը: Այո, այս փուլն ամենաբարդն է, քանի որ հեշտ չէ պատասխանատվության կանչել սեփականատեր-օլիգարխին, որը <երկրի նախագահի մոտ առաջին կռուգ ֆռացող տղա> է: Եվ այժմ էլ, ինչպես Մաշտոցի պուրակում էր, խնդրի լուծումը սպասում է մեզ, մեր վճռականությանն ու միասնականությանը: Մեր հաստատակամ լինելու պարագայում ամենևին չի բացառվում, որ նախագահի պաշտոնը զբաղեցնող անձը այցելի Ծածկած շուկա և այստեղ էլ իր գեղագիտական գնահատականը տա՝ նկատելով, որ, օրինակ, հուշարձանը սուպերմարկետ սարքելը <սիրուն չի>: Անկախ ամեն ինչից, մենք շարունակելու ենք մեր իրավական-քաղաքացիական պայքարը, որպեսզի <Կենտրոնական ծածկած շուկա> հանրապետական նշանակության հուշարձանին վերադարձվի իր նախկին ճարտարապետական տեսքը և զերծ ենք մնալու այլևայլ ենթամշակույթների քրեածին և խավարամիտ ներկայացուցիչների հետ բախումներից:
Բոլորին կոչ ենք անում մասնակից լինել այս խնդրի լուծմանը՝ անկախ իրենց քաղաքական դիրքորոշումից, Շուկայի համար արած և չարած գործերից՝ պարզապես միանալով օլիգարխիկ համակարգի ապամոնտաժման հզոր գործընթացին՝ որպես Երևանի իրավագիտակից քաղաքացիներ: Հաղթանակը ՄԵԶԱՆՈՒՄ է !!!
Մեր քաղաքը ՀՔՆ