▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հոգնել եմ Ավետի ծեքծեքումներից և Էրիկի կոտրատված հայերենից. Լևոն Մութաֆյան

Երեկ կայացավ Եվրատեսիլ 2014-ի առաջին կիսաեզրափակիչը և Արամ MP3-ը հեռուստադիտողների ու պրոֆեսիոնալ ժյուրիի քվեարկությունների արդյունքում` եզրափակիչում է:

Մեր մասնակցի ելույթի հետ կապված թատերագետ Լևոն Մութաֆյանը Asekose.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, թե Հայաստանը ներկայացնող երգչի ելույթը խախտում էր եվրատեսիլյան շոուի կարծրատիպերը, ինչն էլ իր համար դրական իրողություն էր:

«Չնայած այս մրցույթում ամեն ինչ քաղաքականացված է, ամեն ինչի մեջ առկա է Եվրոպայի քաղաքական շահը, սակայն կարևորը շոուն էր, որն այս անգամ շատ ավելի ճաշակով էր: Ես համակ ուշադրությամբ լսում էի կատարումը, որը փոքր-ինչ կաշկանդված էր, սակայն աստիճանաբար երգիչը կարողացավ հասնել մատուցման ամենաբարձր դրսևորումին: Հաջողված կատարում էր, դրվատելի: Եվ արդյունքն էլ գոհացուցիչ էր»:

Մինչ շոուն սկսելը, ինչպես ամեն տարի,  այս տարի ևս  նախաեվրատեսիլյան քննարկում էր կազմակերպվել, որի ձևաչափն այս անգամ մի փոքր այլ էր: Քննարկումը ծավալվում էր ոչ թե հանրայինի տաղավարում, այլ առևտրի կենտրոնում: Այս առումով` թատերագետ Լևոն Մութաֆյանը Asekose.am-ի հետ զրուցում նշում է, որ անընդունելի է համարում քննարկման տեղի այդ  ընտրությունը. «Երևան մոլը ես ընկալում եմ որպես առևտրի կենտրոն, ընդ որում՝ ոչ բարձրակարգ, մինչդեռ երգի մրցույթի քննարկման  համար այլ տաղավար էր պետք ընտրել: Չնայած, հավանաբար, Երևան մոլն ընտրողների ճաշակը գուցե համահունչ էր այդ ամենին...Կուզենայի առավել արվեստային միջավայր լիներ, տրամադրող»:

Մութաֆյանը նաև հոգնեցուցիչ է համարում անընդհատ նույն անձանց ներգրավումը եվրատեսիլյան անցուդարձին. «Ամեն տարի նույն դեմքերն են եվրատեսիլյան շրջանակներում հառնում մեզ՝ ձևավորելով այսպես կոչված գեղցիական գլամուռի ներկայությունը: Անկեղծ ասած, արդեն հոգնել եմ Ավետ Բարսեղյանի ծեքծեքումներից, ինքնասիրահարված կեցվածքից»-ընդգծում է Մութաֆյանը:

Դե իսկ համացանցում շոուից, ելույթներից ոչ պակաս ու քննարկվող մյուս թեմայի` մեր մեկնաբանների պատրաստվածության հետ կապված թատերագետը նշում է, որ հատկապես Էրիկ Անթառանյանը խանգարում էր՝ իր կոտրատված շեշտադրությամբ, իբրև թե անգլիական առոգանությամբ ու կրկին առաջարկում է. «Առհասարակ, պետք է դպրոց մշակվի. մի մարդը չի կարող և՛ Եվրատեսիլ,  և՛ Օսկար մեկնաբանել, և՛ Ազատ գոտի վարել»:

Լրագրող Զարուհի Դիլանյանն էլ կարծում է, որ մեկնաբանների հետ կապված խնդիրները մեր լրատվադաշտում համատարած բնույթ են կրում. «Ընդհանրապես ցանկացած միջազգային միջոցառման մեկնաբանման հետ կապված մենք խնդիրներ ունենք և դա համատարած բնույթ է կրում բոլոր հեռուստաընկերություններում»:

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее