«Երեխաներին Օֆելյա Համբարձումյանի հրաժեշտի վերջին արարողությանը, հավանաբար, տարել էին, որպեսզի նրանք հասկանան, թե ինչպես պետք է վերաբերվել նման մեծերին: Սակայն, որպես կանոն, այդ տարիքի երեխաները նույնիսկ իրենց տատիկների և պապիկների հուղարկավորությանը չեն մասնակցում: Կարծում եմ շատ ավելի լավ կլիներ, որ երեխաներին բացատրեին, ձայնագրություններ, ֆիլմեր ներկայացնեին Օֆելյա Համբարձումյանի մասին` նրա հիշատակը վառ պահելու համար: Բերել, երեխաներին կագնեցրել էին որ ի ՞նչ, իբրև ի՞նչի համար էին դա արել»,-Asekose.am-ի հետ զրույցում ասաց հոգեբան Իրինա Ծատուրյանը:
Հոգեբանը միաժամանակ հավելեց, որ, իհարկե, ՕՖելյա Համբարձումյանի առջև բոլորն էլ պետք է խոնարհվեն.
«Նա այն մարդն էր, ով իսկապես աստղ էր` եկավ ու վերադարձավ տուն: Չեմ կարող ասել, որ դա կորուստ էր, որովհետև նման աստղերի դեպքում չի լինում այնպես, որ նրանք այլևս չլինեն, ինքը շարունակում է մեր մեջ լինել: Գալիս է մի պահ, երբ նման աստղերը հեռանում են, պետք է հասկանանք, թե ինչպես վառ պահել նրանց հիշատակը: Տվյալ պարագայում հեռացավ մի երգչուհի, ով հսկայական ժառանգություն է թողել. մենք պետք է այնպես անենք, որ իր ժառանգությունը շարունակվի»:
Անդրադառնալով երեխաների` հրաժեշտի արարողությանը մասնակցելու վերաբերյալ համացանցային քննարկումներին, որոնց համաձայն` երեխաները սարսափած տեսք ունեին, Իրինա Ծատուրյանը նշեց,
«Նախքան երեխաներին այնտեղ տանելը պետք էր ծնողներից հարցնել: Երեկ տեղի ունեցածը, իհարկե, ճիշտ չէր: Ավելի լավ կլիներ, որ բոլոր այն մարդիկ, ովքեր նախաձեռնել էին երեխաների մասնակցությունը, նաև հատուկ դասընթաց նախաձեռնեն, որտեղ կբացատրեն, թե Օֆելյա Համբարձումյանը ով է եղել մեր ազգի համար, իր երգերը հրամցնեն և սովորեցնեն: Նման մարդու հիշատակը պետք է պահենք ոչ թե ֆիզիկական գոյությունից կառչելով, այլ ոգեղեն ձևով, գրագետ լինելով: Սխալ է երեխաներին նման վայր տանելը, որովհետև նրանք գուցե Օֆելյա Հաբարձումյանին վախով հիշեն: Ավելի նպատակահարմար կլիներ, որ երեխաները դրսում մնային, երգեին նրա երգերը…»:
Հոգեբանի խոսքով` երեկ տեղի ունեցածի վերաբերյալ համացանցում քննարկումներ իրականացնողները պետք է հաշվի առնեն նաև Օֆելյա Համբարձումյանի հարազատներին.
«Եթե ինչ-որ մեկին դուր չի եկել տեղի ունեցածը, անդադար այդ թեմային անդրադառնալը նույնպես սխալ է: Մենք պետք է հասկանանք նաև, որ հանգուցյալի մերձավորների համար նմանատիպ նյութերը կարող են տհաճ լինել, դրա համար պետք է հասկանանք, թե ինչ ենք տարածում: Օֆելյա Համբարձումյանը երեխաներ ուներ, ովքեր կարող են դեմ լինել այս քննարկումներին կամ հակառակը: Առհասարակ, ֆեյսբուքը, կարծես, մի տեսակ անկիրթ, անդաստիարակ մարդկանց համար իրենց անկրթությունը և անդաստիարակությունը տարածելու միջոց է: Ընդամենը 20 տարի առաջ մենք լուռ ու մունջ խոսում էինք որևէ խնդրի մասին, սակայն դա չէինք հանրայնացնում, հիմա ում մտքով ինչ անցնում է, կարծիք է հայտնում` լայքեր հավաքելու, դիտում ունենալու համար»:
Հոգեբանը զրույցի վերջում հստակեցրեց նաև, թե որքանով է տեղին երեխաների մասնակցությունը նման արարողություններին.
«Դա, իհարկե, ընտանիքի ընտրության խնդիրն է: Այս առումով հոգեբանները խորհուրդ են տալիս, որ հարազատի մահվան դեպքում երեխան հնարավորին շուտ տեղեկանա, պարզապես ընտանիքը պետք է հոգեբանի միջոցով համապատասխան տարբերակ գտնի այդ ամենը հայտնելու համար: Ստելը կամ թաքցնելը սխալ է, որովհետև երեխաները ծնողի նկատմամբ վստահության կորուստ են ունենում, խոսքը, իհարկե, շատ փոքր երեխաների մասին չէ, ովքեր չեն կենտրոնանում նման տեղեկության վրա»,- իր խոսքը եզրափակեց Իրինա Ծատուրյանը:
Հիշեցնենք, որ երեկ` հունիսի 16-ին Օֆելյա Համբաձումյանի վերջին հրաժեշտի արարողությանը մանկահասակ երեխաներին կանգնեցրել էին հենց դագաղի մոտ: Երեխաների հագուստներին ամրացրել էին Ցեղասպանության անմոռուկներ հիշեցնող ժապավեններ: Երեխաները Ջիվանու աշուղական դպրոցի սաներն էին, սակայն նույն դպրոցի տնօրեն Թովմաս Պողոսյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ այժմ հասկանում է, որ սխալ էր մանկահասակ երեխաներին Օֆելյա Համբարձումյանի հուղարկավորությանը տանելը։
Հեղինակը` Լիլիթ Հակոբյան